Իշխանության պահվածքը տանում է ֆորս մաժորի

Իշխանության պահվածքը տանում է ֆորս մաժորի
Հայ ազգային կոնգրեսի 2011 թ. մարտավարության, Ղարաբաղի հարցում հնարավոր ֆորսմաժորային իրավիճակների եւ դրանցից բխող ներքաղաքական հնարավոր զարգացումների մասին է մեր զրույցը ՀԱԿ անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:



- Պարոն Սարգսյան, ակնհայտ է, որ քաղաքական իրավիճակը որոշակի փոխվել է 2008-ից հետո, ուստի ո՞րն է լինելու ՀԱԿ-ի մարտավարությունը 2011 թ.-ին, թերեւս նոր մարտավարություն է պետք ՀԱԿ-ին:



- Միանշանակ նոր մարտավարություն է պետք ՀԱԿ-ին, որովհետեւ եթե անցած տարում իշխանությունները որեւէ փոփոխություն չարեցին երկրում, ու գլոբալ առումով պահանջները ՀԱԿ-ի ու նաեւ հասարակության, իմ կարծիքով, մնացել են նույնը, ապա տակտիկական առումով տարին նախընտրական է, իսկ ՀԱԿ-ը խնդիրների լուծման հասնելու ճանապարհը տեսնում է արտահերթ ընտրությունների միջոցով, քանի որ հերթական ընտրություններին հասարակությունն այնքան էլ չի հավատում՝ տեսնելով, թե էդ ընտրություններն ինչպես են տեղի ունենում: Այս առումով ՀԱԿ-ը այս տարի լուրջ աշխատանք ունի անելու: Մենք մեր գործունեության ակտիվությունն էլ ավելի պիտի մեծացնենք, պիտի փորձենք թե զանգվածային միջոցառումներն ավելացնել, թե արտաքին քաղաքական, թե ներքաղաքական խնդիրներում մասնակցության ձեւերն ու որակները փոփոխել: Պիտի փորձենք ներգրավել հասարակական եւ քաղաքական ավելի լայն զանգվածներ՝ տարբեր խնդիրների լուծումներ որոնելու շուրջ: Պիտի փորձենք մեր ձայնն ու մեր մոտեցումը հասու դարձնել հասարակական բոլոր շրջանակներին եւ բանավեճերի միջոցով փորձել հիմնավորել մեր մոտեցումների ճշմարտացիությունը:



- Կարելի՞ է իմանալ՝ այս պահին կոնկրետ ի՞նչ է արվում այդ ուղղությամբ: Այսօր ավելի տեսանելի է իշխանության նախընտրական գործունեությունը, իսկ ՀԱԿ-ը կարծես մի կողմ քաշված վիճակում է:



- Գիտեք՝ հասարակությունը, այդ թվում ես եւ դուք, արագ լուծումներ է ուզում: Հասարակությունը երբեմն ոգեւորվում է ընդդիմությամբ, երբեմն՝ հուսաթափվում, ինչը շատ բնական է: Բայց էստեղ կարեւոր է մի բան. եթե հասարակությունը նույնիսկ հիասթափվում է ընդդիմությունից ինչ-որ պահի, դա նշանակում է, որ իր սպասելիքն էդ ընդդիմությունից է: Լավ կլիներ, որ նորմալ երկիր լիներ եւ էդ սպասելիքն իշխանություններից լիներ: Բայց էս երկրում հասարակությունն իշխանությանը չի հավատում, ու իր սպասելիքն ընդդիմությունից է: Եվ ընդդիմությունն իր գործունեության առումով հասարակությանը բացատրություն տալու խնդիրներ ունի:



Եթե Հայաստանը չունենար ազգային խնդիրներ, հավատացեք, որ երկրում առկա իրավիճակի, ժողովրդավարության խնդիրների լուծումը շատ ավելի հեշտ, շատ ավելի անցավ, շատ ավելի արագ կլիներ Հայաստանում: Իշխանություն հանուն իշխանության սկզբունքը, որով առաջնորդվում են այսօրվա իշխանությունները, մեր համար, կոնկրետ իմ համար բացարձակ ընդունելի չէ: Կա Ղարաբաղի հիմնահարց, որի շուրջ անցած տարվա գործընթացները բավականին ակտիվ էին, եւ որոնք չավարտվեցին անցած տարի Աստանայի հանդիպումով, այլ հիմա նոր երանգ ու նոր մոտեցումներ են ձեռք բերում: Շատ կարեւոր են  Եվրոպայի եւ Ադրբեջանի հետ Նաբուկոյի փաստաթղթի ստորագրումը եւ Բարոզոյի ու Ալիեւի վերջին հայտարարությունը: Սա չափից ավելի կարեւոր փաստ է եւ միանշանակ ազդելու է Ղարաբաղի հիմնահարցի լուծման վրա, իր հերթին՝ նաեւ ներքաղաքական զարգացումների վրա:



Կան Մադրիդյան սկզբունքներ, որոնք Լ’Աքվիլայից սկսած՝ սկսեցին հրապարակվել, որոնց ՀՀ իշխանությունները թե ԱԳ նախարարի, թե նախագահի մակարդակով կողմ են արտահայտվել: Ադրբեջանն էր, որ ասում էր՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ: Աստանայից անմիջապես հետո, երբ Մադրիդյան նորացված տարբերակը չանցավ, եւ Մինսկի խմբի երկրներից կողմեր, նաեւ Ադրբեջանը ժամանակից շուտ լքեցին Աստանան, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ ոչ միայն մասնակցելու է Նաբուկոյի շինարարությանը, այլեւ ուզում է էնտեղ մասնաբաժին ունենալ, եւ ստորագրվեց էդ փաստաթուղթը: Ինչը նշանակում է, որ Ադրբեջանն ընդունեց արեւմտյան խաղի կանոնները: Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում միշտ կարողացել են օգտվել նրանից, որ Ադրբեջանն է մերժել Մադրիդյան սկզբունքների 6 կետանոց առաջարկը: Հիմա Ադրբեջանն «այո» է ասում, ի՞նչ է անելու ՀՀ իշխանությունը:



- Ասել է թե՝ այս տարի ԼՂ կարգավորման գործընթացում ֆորսմաժորային իրավիճակ հնարավո՞ր է:



- Ես չէի ասի դա Ֆորսմաժորային, սովորական տրամաբանության վրա եմ դնում խնդիրը: Յուրաքանչյուրիս էլ պարզ է, որ Նաբուկոյի առաջին իսկ միլիարդ դոլարը դնելուց հետո տարածաշրջանում պատերազմն ուղղակի կբացառվի. էն երկրները, ուժերը, պետությունները, որ էդ միլիարդը դնում են, պիտի վստահ լինեն, որ էս տարածաշրջանում պատերազմ չի լինելու, նոր էդ միլիարդը դնեն: Հետեւաբար իրենք պիտի ամեն ինչ անեն, որ խնդիրը լուծվի, նոր գումարները դնեն: Սա շատ կարեւոր խնդիր է Եվրոպայի համար, ողջ Եվրոպան ուզում է ալտերնատիվ գազի հնարավորություն ունենալ՝ ռուսական գազից «անկախություն» ձեռք բերելու համար: Եվ դա գերխնդիր է:



- Բայց արդյոք Ադրբեջանի գազը կբավականացնի՞ Եվրոպայի համար:



- Ստորագրված փաստաթուղթ կա: Եթե չբավականացներ, չէին ստորագրի: Կարծում եմ, եվրոպացի չինովնիկները, ովքեր էդ փաստաթուղթը ստորագրել են, իրենք էդ հարցի պատասխանն ունեն: ՀՀ իշխանությունները ժամանակ առաջ  լրատվամիջոցներով կրկնում էին, թե Ադրբեջանի նավթը չի հերիքելու Բաքու-Ջեյհանի համար, նավթամուղը չի լինի: Հիմա բոլորս էլ տեսնում ենք, որ եղավ էդ նավթամուղը, ու մենք դուրս մնացինք: Նույնը հիմա գազի պահով են կրկնելու: Կհերիքի, չի հերիքի, փաստաթուղթը ստորագրել են, եւ էդ գազամուղը լինելու է: Իսկ մենք ամեն ինչ պիտի անենք, որ գազամուղն անցնի Հայաստանով: Որ մենք ունենանք դիվերսիֆիկացված էներգահամակարգ, որից կշահի երկիրը: Ես  ցավով եմ նայում, թե ինչպես են մեր քաղաքացիները լքում էս երկիրը: Ու էս իշխանություններն իրենց պահում են էնպես, թե՝ ով մեր հետ է, ընդունում է մեր խաղի կանոնները, կարող է լավ ապրել, ով մեր հետ չի, ջհանդամը, թե չի հեռանում: Ես չեմ տեսնում իրենց արած փոփոխություններում որեւէ բան, որ սա կանգնեցնի, ինչն էլ վերջիվերջո բերելու է ֆորսմաժորային լուծումների:



- Կա՞ որոշակի կոնկրետ ժամկետ, որի շրջանակում, Ձեր կարծիքով, պետք է լինի ԼՂ հարցի լուծում:



- ՌԴ ԱԳ նախարարն անցած հինգշաբթի հայտարարություն արեց, որ ամսի 24-ին հանդիպելու են ԱԳ նախարարները, եւ դա միշտ լինում է նախագահների հանդիպումից առաջ: Ասել է թե՝ առաջիկա ամսին լինելու է նախագահների հանդիպում Ռուսաստանի նախաձեռնությամբ: ՌԴ-ի համար էական նշանակություն ունի իր գազի սպառման քանակը, եւ նա չի կարող Եվրոպա արտահանվող գազի նման քանակ կորցնել Ադրբեջանի պատճառով: Ուստի Ռուսաստանը շատ ակտիվ է մտնելու էս խաղի մեջ: Ժամկետներն արդեն իրենք են սահմանելու: Նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հայտնի է, որ այցելելու է Թուրքիա, որից հետո Մինսկի խմբի երկրները կազմակերպելու են ԱԳ նախարարների հանդիպում, որին հետեւելու է նախագահների հանդիպումը, ինչն էլի նախատեսվում է փետրվարին: Ասել է թե՝ եկող ամսվա մեջ Մինսկի խմբի մաս կազմող երկու գերտերություններ առանձին-առանձին կազմակերպում են նախագահների հանդիպում Ղարաբաղի հարցով: Սա հստակ ակտիվացում է: Ինչը ՀՀ գործող իշխանություններին, մեզ՝ որպես երկրի, ինձ՝ որպես ընդդիմության, բավականին լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում:



- Իսկ Ձեր կարծիքով, Ռուսաստանն ի՞նչ քայլեր է փորձելու անել:



- Ռուսաստանի գործունեությունը սովորաբար լինում է շատ կոպիտ: Ռուսաստանն ազդեցության բավականին մեծ լծակներ ունի Հայաստանի վրա, եւ եթե Հայաստանի իշխանությունները կոնկրետ ԼՂ խնդրի առումով դուրս գան ռուսական ուղեծրից եւ սեփական տեսակետ ասեն կամ ասեն տեսակետ, որը մոտ է Արեւմուտքի մոտեցմանը, էդ իշխանություններին Ռուսաստանը սկսում է պատժել իր ունեցած բիրտ մեթոդներով: Ինչի ականատեսը եղանք Աստանայից հետո: Ես բացարձակ պատահական չեմ համարում, որ Դաշնակցությունը, որ ԱԳՆ պահակի հրաժարականն էր պահանջում, Աստանայից անմիջապես հետո Արմեն Ռուստամյանով պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ես նույնչափ պատահական չեմ համարում ԲՀԿ-ի հետ կապված խոսակցությունները, ինչն անմիջապես Աստանայից հետո եղան:



Այսինքն՝ Ռուսաստանն ունի թե ներքաղաքական լծակներ Հայաստանի իշխանության վրա ազդելու, թե տնտեսական լծակներ: Այսօր ՌԴ «Գազպրոմի» նախագահը հայտարարել է, թե Հայաստանը գազը պիտի գնի շուկայական գներով: Այսինքն՝ էդ ճնշումները, ներառյալ կոռուպցիոն ունեցվածքի մասին տեղեկությունները, որ տպվեցին ռուսական տարբեր թերթերում, 30-32 չինովնիկների Լուժկովի հետ կապված կոմպանիան. էս ամեն ինչը մի կոմպլեքս է, որով փորձում են էս իշխանություններին ճնշել՝ իրենց տեսակետին հնազանդեցնելու, իրենց շահերը սպասարկելու համար:



- Դուք ասացիք՝ լուրջ խնդիրներ են հնարավոր ԼՂ հարցի առթիվ. ո՞րն է լինելու ընդդիմության դերակատարությունն այս հարցում, ի՞նչ է անելու ընդդիմությունը, եթե նման հարցեր դրվեն ՀՀ-ի առաջ:



- Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր միտինգներում, գուցե շատերի համար երկարաշունչ թվացող ելույթներում այդ հարցերի մանրամասն բացատրությունը տվել է: Ճիշտ է, իշխանությունը կարող էր ինչ-որ տեղ նայել որպես կոշտ ասած խոսքի, բայց հիմքում էնպիսի առաջարկներ կան, մոտեցումներ, որոնք կարելի էր ընդունել, որոնցով կարելի է դուրս գալ էս իրավիճակից: Վերջիվերջո, ընդհանուր առմամբ, Ղարաբաղի մասով լուծումներն էնքան շատ չեն, որ իշխանություն-ընդդիմություն կամ առանձին քաղաքական ուժերի մոտեցումներ փոխվեն: Էդ լուծումը մեկն է:



Աշխարհը գտել է մի գիծ, որից մի քիչ էն կողմ Ադրբեջանն իրեն պարտված է համարելու, մի քիչ էս կողմ Հայաստանն է իրեն պարտված համարելու: Եթե ուզում ես խնդիրը լուծես, սահմանները բացվեն, տարածաշրջանը տարածաշրջան դառնա, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվես, պիտի գնաս փոխզիջման: ... Եվ այո, Ղարաբաղի խնդրի ակտիվացման հետ տնտեսական ոչ բարվոք վիճակը, սոցիալական անտանելի անհավասար պայմանները, շուկայական տնտեսության բացակայությունն ու մոնոպոլիզացիայի աճը ազգային հարցի հետ մի կետում հատվելու պարագայում առաջացնելու են լուրջ ֆորսմաժորային իրավիճակ: Ու թող իշխանություններն իմ ասածի մեջ ոչ թե չարություն տեսնեն, այլ տեսնեն մարդու վերլուծության արդյունք: