Ոստիկանները գերազանցեցին լրագրողներին

Ոստիկանները գերազանցեցին լրագրողներին
Երեկ կեսօրին Հանրապետության հրապարակը թնդում էր ազատության բացականչություններից: Քաղբանտարկյալների ու հալածյալների կոմիտեն բողոքի ակցիա էր կազմակերպել  «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ իջեւանել էր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը: Չնայած ցրտին՝ բազմամարդ ակցիայի մասնակիցները մեկ ժամ կանգնեցին օտարերկրացու «իջեւանատան» առջեւ: Ձմռան ցուրտը  չէր խոչընդոտում նաեւ ոստիկանների աշխատանքին:



Ավելին՝ այս անգամ նրանք բազմաբնույթ գործունեություն էին ծավալել. լուսանկարիչ ու օպերատոր ոստիկաններից բացի, կային նաեւ «բլոկնոտով ու գրիչներով» ոստիկաններ: Եթե համազգեստը չլիներ, պարզապես դժվար կլիներ նրանց լրագրողներից տարբերել: Օպերատոր համազգեստավորները պարբերաբար մի տեղ «լռվում-մնում» էին՝ հարուցելով շեֆերի զայրույթը:



Ղեկավարությունն անընդհատ կանչում էր ու հրահանգներ իջեցնում, որ բազմապրոֆիլ կադրեր ապահովեն: Ակցիայի մասնակիցներից ակտիվությամբ  աչքի էր ընկնում հատկապես բելգիացի ընդդիմադիրը, որի մասին մենք ժամանակին գրել ենք: Նա  բոլոր անցորդներին մեկ առ մեկ ցուցադրում էր իր պաստառը: Հրապարակում գտնվող պետական կառույցների աշխատակիցները չէին կարողանում զսպել իրենց հետաքրքրությունը, նրանք պատուհանների մոտ խմբված հետեւում էին իրադարձությանը: «Մարիոթի» մոտ մեկ ժամ կանգնելուց հետո մասնակիցները երթով շարժվեցին  Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակ՝ հանձնելու Թոմաս Համարբերգին ուղղված նամակը:



Գրասենյակը գտնվում է «Էրեբունի պլազա» հյուրանոցում, որտեղ է նաեւ Ռոբերտ Քոչարյանի նստավայրը: Հյուրանոցի բակ մտնելով` նրանք սկսեցին ամոթանքներ հնչեցնել այնտեղ նստող «քիլլերի» հասցեին, վանկարկելով` «Քոչարյան-մարդասպան»:



Ի՞ՆՉ ԿՓՈԽՎԻ ԵՎՐՈՊԱՑԻ ՉԻՆՈՎՆԻԿԻ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ



Թեեւ ԵԽ գլխավոր հանձնակատարի արդարամտությունը բարձր են գնահատում նախկին քաղբանտարկյալները, սակայն նրա այցից կտրուկ փոփոխություններ չեն սպասում: Փորձեցինք լսել նախկին քաղբանտարկյալներից մի քանիսի կանխատեսումները: ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի կարծիքով՝ Համարբերգը Եվրախորհրդի այն հազվագյուտ ներկայացուցիչներից է, որի հետ կարելի է հույսեր կապել:



«Շատ ազնիվ է իր առաջադրած խնդիրներով, նախկին քաղբանտարկյալների ազատման գործում, անշուշտ, Համարբերգը մեծ ներդրում ունի: Ես հույսեր կապում եմ իր այցի հետ՝ որպես մարդու իրավունքների պաշտպան: Համոզված եմ, որ ինքն այդ հարցը խորությամբ դնելու է, եւ չմոռանանք, որ նա այն մարդկանցից է, որն առաջինը ասաց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ են, եւ ինչ կատարվում է Հայաստանում՝ քաղաքական վենդետա է»,-մեզ հետ զրույցում ասաց նա՝ ավելացնելով, որ չեն կարող հանգիստ մնալ, քանի դեռ բանտերում իրենց ընկերներն են.



«Մենք պիտի շարունակենք մեր պայքարը, եւ Եվրախորհուրդը պիտի ադեկվատ արձագանքի ու հասկանա, որ մարդու իրավունքները չեն կարող լինել առքուվաճառքի առարկա: Իսկ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը դժվարանում է ակնկալիքներ ունենալ. «Եվրոպական միակ չինովնիկն է, որ իրեն արդարամիտ դրսեւորեց, մենք փորձում ենք մեր դիրքորոշումը փոխանցել, հատկապես նախկին քաղբանտարկյալներիս, որ էսօր շատ անհարմար վիճակի մեջ ենք, քանի որ ընկերների մի մասին շարունակում են պատանդ պահել»:



ՀԱԿ Գյումրու գրասենյակի ղեկավար Աշոտ Զաքարյանը ոչ միայն Համարբերգից, այլեւ եվրոպացի որեւէ չինովնիկի այցից լուրջ ակնկալիքներ չունի, քանի որ նրանց  այցելությունների արդյունքում լավագույն դեպքում  լինում են զեկույցներ, հայտարարություններ, սակայն ոչ մի գործնական քայլ: «Վերջին հաշվով՝ եթե մենք որեւէ դրական արձագանք ունենալու ենք Եվրոպայի կամ միջազգային հանրության կողմից, դա միայն լինելու է մեր ժողովրդի ու մեր հետեւողական պայքարի արդյունքում»,-եզրափակեց նա:  Համարբերգի այցով պայմանավորված փոփոխություններին փորձում է հավատալ նախկին քաղբանտարկյալ Վարդան Ջհանգիրյանը. «Սպասումներ կան, իմ կարծիքով՝ չեն կարողանում երկար ձգել այս վիճակը, չեմ ուզում վերջնական հավատս կորցնեմ, որ մի բան կփոխվի»: