Թերթերի բերանը փակելու նոր մեթոդ

Թերթերի բերանը փակելու նոր մեթոդ
Պարզվում է՝ հայ օլիգարխները փող աշխատելու նոր տարբերակ են գտել: Նրանց այլեւս չեն բավարարում հարկերը թաքցնելու կամ մենաշնորհների ճանապարհով ստացված հսկայական եկամուտները: Նրանք որոշել են օգտվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում անցած տարի կատարված փոփոխություններից, որոնք հնարավորություն են տալիս մեծ տույժ-տուգանքներ դնել լրատվամիջոցների, մասնավորապես՝ թերթերի վրա: Նրանք սկսել են դատի տալ մամուլին եւ վնասների, տվյալ դեպքում` բարոյական վնասի, փոխհատուցում պահանջել:



Ակնհայտ է, որ նպատակը թերթերին սնանկացնելով, ազատ խոսքը լռեցնելն է: Մոտ երկու տարվա դատական վեճից հետո ավարտվել է ««Հրապարակ»-Հրաչ Քեշիշյան» դատավարությունը, եւ դատարանը մեզ պարտավորեցրել է հերքում տպագրել ու 370 հազար դրամ վճարել այս վայ-ռեժիսորին, որը տզրուկի պես պետական բյուջեից մեծ գումարներ է տանում, սակայն որոշել է փող պոկել նաեւ մեզանից (այս վճռին, որը կայացրել է հայտնի պատվեր կատարող` դատավոր Ռուբիկ Ներսիսյանը, մենք դեռ կանդրադառնանք):



Իսկ երեկ տեղեկացանք, որ ՀՀ ԱԺ «ամենաօրինապահ» պատգամավորներ, գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանն ու Լեւոն Սարգսյանը դատի են տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին: Նրանք հերքում են պահանջում մի հրապարակման հետ կապված, ինչպես նաեւ յուրաքանչյուրը 2-ական միլիոն դրամ՝ որպես բարոյական վնասի հատուցում, եւ կես միլիոն դրամ՝ դատական ծախսերի համար: Ընդամենը 7,5 մլն դրամ:



Բանն այն է, որ թերթն իր հրապարակումներից մեկում գրել էր, որ ՌԴ ազգային անվտանգության մարմինը, դատախազությունը եւ մյուս իրավապահ մարմինները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում` հիմնականում նարկոթրաֆիքինգի, թրաֆիքինգի եւ փողերի լվացման գործերով պարզել են, որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաեւ ՀՀ պաշտոնյաներ: Ինչպես նաեւ գրել էր, որ այդ պաշտոնյաների անուններով ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ:



Ցուցակը ՌԴ դատախազության ղեկավարությունը ոչ պաշտոնական ֆորմատով ցուցադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին: Ռուսական կողմը ցուցակում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել: Ահա այս հրապարակումը վրդովեցրել է հայ օլիգարխիկ աշխարհին, իսկ նրանցից երեքը փորձել են ավելի արդարություն պահանջել: «Հայկական ժամանակի» լրագրողները կարծում են, որ նրանց նպատակը թերթին ֆինանսապես թուլացնելն է: «Իրենց նպատակը թերթին ֆինանսական ծանր կացության մեջ գցելն է: Նրանք իշխանության կամքն են կատարում:



Մեր տեղեկությունով՝ այդ օլիգարխներից երկուսը իրավական գործընթացը սկսելուց հետո են իմացել, որ իրենք դատական հայց են ներկայացրել: Սա այն դեպքն է, որ աղբյուրը չի թաքցվում: Աղբյուրը կա, հղումն արված է, բայց իրենք, չգիտես ինչու, թերթի դեմ հայց են ներկայացրել: Խնդիր ունեն, թող գնան՝ Սմբատ Կարախանյանի հետ պարզեն»,-ասաց ՀԺ լրագրող Վահագն Հովակիմյանը: Իսկ «դատարանը այնպիսի որոշում կկայացնի, ինչպիսին իրեն կհրահանգեն»: Երեկ ողջ օրը այդպես էլ չկարողացանք կապվել վերը նշված երեք օլիգարխների հետ: Հետաքրքիր կլիներ լսել նրանց մեկնաբանությունը, բայց նրանք անհասանելի էին: