Մենք ավելի լավ գիտենք, քան «Freedom House»-ը

Մենք ավելի լավ գիտենք, քան «Freedom House»-ը
Ըստ «Freedom House» կազմակերպության հունվարի 7-ի զեկույցի՝ Ղարաբաղը «մասամբ ազատ» երկրից վերածվել է անազատի: Զեկույցը տարակարծությունների տեղիք է տվել. իշխանական թեւը ներկայացնող քաղաքական գործիչները նշում են, որ դա քաղաքական գնահատական է, պետք չէ դրան լուրջ վերաբերվել, մինչդեռ կա կարծիք, որ սա հղի է վտանգավոր հետեւանքներով:



Զեկույցի օբյեկտիվության հարցում իր թերահավատությունը հայտնելով` հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը նշեց. «Ինչ-որ մի կազմակերպության գնահատականը շատ քիչ ա: 1990-ականներից սկսած՝ կոնկրետ ես չեմ նկատել, որ Ղարաբաղում քաղաքական գործընթացների հետ կապված կան անազատ երեւույթներ: Բիզնեսի մյուս դեպքերում դրանք դեռ հիմք չեն տալիս ասել, որ Ղարաբաղն անազատ երկիր ա»: Թեեւ Ալեքսանյանը լուրջ չի ընդունում զեկույցը, այդուհանդերձ, այն կարեւոր եւ վտանգավոր է համարում եւ առաջարկում է ԼՂ-ին վերաբերող բոլոր գործընթացներում դրսեւորել առավել մեծ զգուշություն, որպեսզի չվտանգվի Ղարաբաղի հարցը:



Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հակադարձում է. «Որոշ հանրապետականներ, ավաղ, թեթեւամտորեն հայտարարում են, որ եթե ԼՂՀ-ն դասվել է ոչ ազատ պետությունների շարքը, դա անուղղակիորեն ճանաչում է նրա դե ֆակտո գոյությունը, այսինքն՝ եթե քեզ անպատվում են, ուրեմն քեզ մա՞րդ են համարում: Սա լուրջ տագնապ հնչեցնելու առիթ ա»: Ավելին, Ղարաբաղը, նրա խոսքով, կորցրել է «բարոյական չափանիշ դիտվելու իր կարգավիճակը, որն ուներ հետպատերազմյան տարիներին»:



«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն էլ կարծում է, թե դա ընդամենը շահադիտական քաղաքական գնահատական է: «Ղարաբաղը կրում է էն քաղաքական արժեքները, որը վարում է Հայաստանի իշխանությունը: Թե ինչու են նման գնահատական տալիս, դա պետք է մտահոգի իշխանություններին, եւ դրա համար հիմքեր կան»,-նշեց նա:



«Ղարաբաղը ժողովրդավարության առումով  միշտ ունեցել է առաջնային դիրքեր, այնտեղ տեղի ունեցող գործընթացները միջազգային բոլոր դիտորդական կազմակերպությունների կողմից միշտ գնահատվել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»,- նշեց հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը, անհիմն համարելով միջազգային այլ կառույցի՝ «Freedom House»-ի զեկույցը: Ի դեպ, զեկույցում ԼՂ-ի անազատությունը հիմնավորվել էր խորհրդարանում ընդդիմադիր կուսակցության բացակայությամբ եւս:



«Առհասարակ, եթե որեւէ երկրի խորհրդարանում ներկայացված չէ ընդդիմություն, կարո՞ղ է այն ազատ եւ ժողովրդավար դիտվել» դիտարկմանը հանրապետական պատգամավորը պատասխանեց. «Էնպես չի, որ Ղարաբաղի խորհրդարանում ընդդիմություն գոյություն չունի, այստեղ էլ տեղի են ունենում բանավեճեր, քննարկումներ. որպեսզի հասկանալ՝ Ղարաբաղում ընդդիմություն գոյություն ունի, թե չէ, պետք ա անպայման լինել ընդեղ»:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ