Ապրիլին կլուծարվի՞ ՀՀ խորհրդարանը

Ապրիլին կլուծարվի՞ ՀՀ խորհրդարանը
«Այս տարվա ապրիլի 10-ին գործող խորհրդարանը կլուծարվի, իսկ մայիսին կանցկացվեն արտահերթ ընտրություններ»: Սա Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհհաննիսյանի կանխատեսումների շարքից է: Ըստ քաղաքագետի` իշխանությունն ունի խորհրդարանական ընտրություններ անցկացնելու երկու սցենար՝ գնալ հերթական եւ արտահերթ ընտրությունների:



Եթե իշխանությունը կիրառի առաջին սցենարը եւ գնա հերթական ընտրությունների, ապա, ըստ Հովհաննիսյանի, դա կնշանակի գնալ «բլից քրիգի», այսինքն՝ սառեցնել բոլոր քաղաքական ուժերին եւ անմիջապես ձեւավորել կառավարություն. «Սցենարը պետք է մտածվի այսպես, որ մայիսին խորհրդարանական ընտրություններ են, այնպես են սառացնում բոլորին, որ ուշքի չեն գալիս, դրանից անմիջապես հետո սկսվում է նախագահական քարոզարշավը:



Այս սցենարը պարունակում է մեծ ռիսկայնություն, որովհետեւ խորհրդարանական ընտրությունները իշխանության համար դժվար են լինելու»: Իսկ եթե իշխանությունները գնան արտահերթ ընտրությունների, ապա, ըստ Հովհաննիսյանի, չի հաջողվի ձեւավորել կառավարություն եւ իրավիճակը պահել վերահսկողության տակ: Քաղաքագետը համոզված է՝ եթե լինեն արտահերթ ընտրություններ, ապա ԼՏՊ-ն գլխավորելու է ՀԱԿ-ի ցուցակը, եթե ոչ, ապա 99 տոկոսով կարելի է պնդել, որ վերջինս չի գնալու ընտրությունների:



«Նա հայտարարել է, որ ավազակապետությունն ի վիճակի չէ նորմալ ընտրություններ անցկացնել, նախագահական ընտրություններին մնում է մի քանի ամիս, եւ ինքը կգնա նախագահական ընտրությունների: Հաղթելու դեպքում կցրի ավազակապետության կողմից ձեւավորված խորհրդարանը եւ նորը կձեւավորի»,-մեկնաբանում է նա: Հետեւաբար, քաղաքագետի խոսքով, այստեղ գալիս է գայթակղությունը՝ որդեգրել երկրորդ սցենարը:



«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը եւս արտահերթ ընտրություններ անցկացնելն ուղղակի անհրաժեշտություն է համարում. «Ընդ որում արտահերթ ընտրություններ՝ նշանակում է չանել այն, ինչ մինչ այժմ արել ենք: Ես միշտ եմ ասել, որ եթե իշխանությունը քաղաքական կամք ցուցաբերի, որ կազմակերպի ազատ եւ արտահերթ ընտրություններ, ես ուղղակի կողջունեմ այդ փաստը: Իր այս որոշումով ՀՀ նախագահը կդառնա Հայաստանի ամենալեգիտիմ, ամենաճիշտ քաղաքական գործիչը»:



Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանի կարծիքով, սակայն, «արտահերթ ընտրությունները ստուգարք կամ քննություն հանձնելու ռեկտորատի որոշում չէ»: «Սա քաղաքական գործընթաց է, եւ նորմալ ժողովրդավար երկրներում արտահերթ ընտրություններն անցկացվում են ոչ թե իշխանության կամ ընդդիմության բարի կամքի կամ պահանջի արդյունքում, այլ մի իրավիճակում, երբ սկսվում է խորը քաղաքական ճգնաժամ եւ անհնարին է դառնում կառավարում իրականացնելը: Արտահերթ ընտրությունները հո տոնակատարություն չե՞ն, որ անենք կամ չանենք»,-ասում է ՀՀԿ ներկայացուցիչը:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ