Թող ներման խնդրագիր գրեն՝ հենց հիմա ազատենք

Թող ներման խնդրագիր գրեն՝ հենց հիմա ազատենք
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հայաստանյան հանդիպումները շարունակվում են: Նրա հետ հանդիպման ընթացքում, մեզ հասած տեղեկություններով, ՀՀ իշխանությունները բավական յուրովի են փորձել բացատրել Հայաստանի քաղբանտարկյալներին ազատ արձակելու ԵԽ պահանջը չկատարելու փաստը: Փորձել են համոզել, թե՝ գիտեք, այդ բանտարկյալներին ազատ արձակման մեխանիզմը մեկն է. պետք է ներման խնդրագիր գրեն, որ կարողանանք նրանց ազատել, իսկ նրանք չեն ուզում խնդրագիր գրել ՀՀ նախագահին, ուստի պատային իրավիճակ է:



Երեկ Համարբերգը հանդիպումներ է ունեցել Հայաստանի խորհրդարանում` ԱԺ խմբակցությունների հետ: Հանդիպել ու հարցեր է ուղղել նաեւ «մարտի 1»-ի հարցով «տապալված» զեկույցի հեղինակ՝ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Եթե հիշում եք, Հայաստանի հարցով ԵԽ համազեկուցողները նիկոյանական հանձնաժողովի զեկույցը գնահատեցին «միակողմանի»` ընդգծելով, որ հանձնաժողովն իր գործունեությամբ «չի կարողացել վայելել հանրության վստահությունը», նաեւ զարմանք արտահայտեցին, որ զեկույցում որեւէ քննադատություն չկար մարտի 1-ին իշխանության գործողությունների նկատմամբ: Ինքը` Նիկոյանը, հանդիպման ընթացքում դրական է գնահատել իր ղեկավարած հանձնաժողովի աշխատանքը:



Սամվել Նիկոյանը, ով «մարտի 1-ի» հարցերով զեկույցը ներկայացնելուց հետո դարձավ ԱԺ փոխնախագահ, երեկ խոր ափսոսանք է հայտնել, որ, չնայած իր բոլոր ջանքերին, ընդդիմությունը չի ցանկացել մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, ուստի զեկույցի թերացումների պատճառը, ըստ նրա, նաեւ դա է: Թե որքանով է ԵԽ հանձնակատարը հավատացել Նիկոյանին, դժվար է ասել: Երեկ Սամվել Նիկոյանին հիշեցրինք, որ իր զեկույցը քննադատության էր արժանացել ԵԽ համազեկուցողների կողմից, իսկ այն ինչպե՞ս է գնահատել Համարբերգը: «Ոչինչ չասաց այդ առթիվ Համարբերգը»,-հայտարարեց Նիկոյանը` հավելելով. «Դուք լավ չեք հիշում նրանք ինչ են ասել:



Ես պատասխանը մանրամասն տվել եմ: Իրենք որոշ հարցեր լավ չէին հասկացել, մեկ-մեկ էլ ինձ թվաց, որ զեկույցն ամբողջությամբ չէին կարդացել»: Մեր հարցին, թե Համարբերգն իմացե՞լ է, որ տվյալ հանձնաժողովը ղեկավարելուց հետո է Սամվել Նիկոյանը ԱԺ փոխնախագահ դարձել, Նիկոյանը հայտարարեց. «Ես ինքս նրան ասեցի` ավելացնելով, որ քննադատություն հնչեց նաեւ այս հարցում: Եվ ես նաեւ ասացի, որ ինձ համար, իմ կյանքում ամենակարեւոր պաշտոնը, ամենամեծ պաշտոնը, որ երբեւիցե ես կարող եմ ունենալ, դա այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնն էր, որովհետեւ պաշտոնը հանրային նշանակությունով է որոշվում, այլ ոչ թե սահմանադրական ինչ-որ դիրքով»:



Կարելի է եզրակացնել, որ պարոն Նիկոյանն ընդունում է, որ ներկա ԱԺ-ն չի վայելում հանրության վստահությունը, ու ԱԺ փոխնախագահի պաշտոնը հանրային նշանակություն չունի: Թոմաս Համարբերգը հարց է ուղղել, թե ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած փաստերի հիման վրա հնարավոր չէ՞ նոր փաստեր գտնել, բացահայտել սպանությունների մեղավորներին, Նիկոյանը հակադարձել է, թե ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգումը նոր փաստեր գտնելու նպատակ ուներ, բայց, ցավոք, դրանք այնքան սակավ էին, որ հնարավոր չէր դրանց հիման վրա մահվան դեպքերի մասին որեւէ եզրակացություն անել:



«Ժառանգության» հետ հանդիպման ընթացքում պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանում տարբեր ոլորտներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: «Քաղբանտարկյալների խնդրի լուծման հետ կապված՝ ես ասացի, որ կա հնարավորություն այդ իրավիճակից դուրս գալու, եւ որ նախագահը կարող է մեկ օրում առաջարկ ներկայացնել ԱԺ-ին եւ համաներման առաջարկն ԱԺ-ի կողմից ընդունվի ու այս խնդիրը հիմնովին լուծվի»,- մեզ հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը` հավելելով, որ դա կլուծի նաեւ գերծանրաբեռնված կալանավայրերի խնդիրը:



«Ժառանգությունը» Համարբերգին  փաստաթղթեր է փոխանցել բանակում բռնությունների, մարտի 1-ի զոհերի մեղավորներին գտնելու անարդյունավետ քննության, խոսքի ազատության, ընտրական օրենսգրքի, Մանվել Սարիբեկյանի, Վահագն Չախալյանի եւ այլ դեպքերի հետ կապված: «Ժառանգության» անդամները նաեւ շեշտել են, որ ԱԺ հիմնական օրենքները, այդ թվում` ընտրական օրենսգիրքն ընդունվել է առանց ընդդիմության տեսակետը հաշվի առնելու:



Դաշնակցությունը նույնպես պնդել է համաներման անհրաժեշտությունը: ԵԽ հանձնակատարի հետ հանդիպել են ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամներ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը եւ Արտյուշ Շահբազյանը: «Հիմնական հարցադրումները, որը նաեւ գրավոր ներկայացրած փաստաթղթում են, «մարտի 1»-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի գնահատականն է, 10 զոհերի մահվան հանգամանքների հետաքննության վերաբերյալ մեր տեսակետը, ազատազրկված մարդկանց ճակատագիրը, մարդու իրավունքները զինված ուժերում եւ խոսքի ազատությունը»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը:



Ըստ այդմ, ՀՅԴ-ն ներկայացրել է իր առաջարկները՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ: «Մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ 10 զոհերի մահվան հանգամանքները կարիք ունեն լիարժեք բացահայտման եւ մեղավորներին պտասխանատվության ենթարկելուն, եւ քանի դեռ դա չի արվել, մարտյան դեպքերի հետեւանքի վերացման եւ կրկնության կանխարգելման ուղղությամբ քայլերը լիարժեք չեն: Ինչ վերաբերում է ազատազրկված անձանց ճակատագրին, դեռ այն ժամանակ մենք պնդում էինք երկու բան` քրեական օրենսգրքի ապաքաղաքականացումն ու ամբողջական համաներումը: Մեր առաջարկը չանցավ, մասնակի համաներում տեղի ունեցավ եւ լարվածությունը շարունակեց պահպանվել առայսօր: Սակայն հիմա էլ ուշ չէ, որ որոշակի լուծումներ գտնեն այդ ուղղությամբ»,- ասաց դաշնակցական պատգամավորը:



ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպել են նաեւ կոալիցիայի անդամները: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը եւ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը: Զոհրաբյանը գովերգել է «մարտի1-ի» հարցերով ԱԺ հանձնաժողովի աշխատանքը, որի անդամ էր նաեւ ինքը` հայտարարելով, թե  հանձնաժողովը որդեգրել էր սկզբունք` իր գործունեության արդյունքում տալ հանրությանը հուզող հարցերի պատասխանները` առանց քաղաքական շահարկումների: Այլ հարց է` որքանով այդ սկզբունքը կիրառվեց:



Հովհաննես Մարգարյանը հանձնակատարի ուշադրությունը հրավիրել է ժամանակավոր հանձնաժողովի հրապարակային աշխատաոճի եւ լայնախոհության վրա, նշելով, թե բոլոր  քննարկումներին հրավիրվել են ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Հանրապետական Արտակ Զաքարյանը Համարբերգի հետ հանդիպմանը դժգոհել է ընդդիմությունից, թե նա շահարկում է մարտի 1-2-ի իրադարձությունները, այնինչ կոալիցիան հարցը դիտարկում է իրավական հարթության մեջ: Նա նաեւ հայտարարել է, թե մարտյան իրադարձություններին հետեւած ընդդիմադիրների ձերբակալությունները իրավական էին ու օրենքից բխող: