Թողեք Հայաստանի թագավորը բարձրանա

Թողեք Հայաստանի թագավորը բարձրանա
Ժողովրդական կուսակցության նախագահ, «ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ եթե իշխանությունները չգնան իրենց ընդառաջ, ապա իրենք փետրվարի 28-ի հերթական հանրահավաքի ժամանակ կհայտարարեն, որ գնում են արտահերթ ընտրությունների: Ասաց ու ժողովրդից պահանջեց երդվել, որ իրենք կգնան այդ քայլին: Ժողովուրդն էլ միաբերան վանկարկեց՝ «երդվում ենք»: Հանրահավաքը բազմամարդ էր, ինչպես նախորդ անգամ՝ հունվարի 7-ին, թեեւ Կարապետյանը երեկ նշեց, որ այս հանրահավաքի ժամանակ ժողովուրդը երկու անգամ ավելի է:



Բազմությունը ձգվում էր Մատենադարանի հարթակից մինչեւ ներքեւ, Պոնչիկանոցին հարող տարածք: Մարդիկ մոտենում էին Մատենադարանի տարածքին, «զինվում» արեւածաղկի սերմերով ու «չարազի» մյուս բաղադրիչներով եւ շարժվում դեպի հարթակ: Հանրահավաքի կազմակերպիչները փորձում էին կանգնեցնել հարթակ բարձրանալ ցանկացող ծերունիներին, սակայն ապարդյուն: Պապիկները վրդովվում էին, որ իրենք «էսքան տեղ հելել-էկել են, ու հիմա կակոյ նիբուդ մեկը չթողնի՞, որ իրանք հարթակ բարձրանան»:



Վիճում էին, գոռգոռում ու կազմակերպիչներին խորհուրդ տալիս, որ նրանք իջնեն հարթակից, իսկ իրենք համառորեն շարունակում էին իրենց դժվարին ճանապարհը դեպի բեմահարթակ: Խեղճ մարդիկ ընդամենը ցանկանում էին կանգնել իրենց «առաջնորդի» կողքին, իսկ իրենց թույլ չէին տալիս: Հանրահավաքի մասնակիցների գերակշիռ մասը 60-ն անց տղամարդիկ էին, կային նաեւ տարեց կանայք: Հետաքրքիրն այն էր, որ հանրահավաքի եկածներից շատերը առանձնապես մեծ հույսեր չունեին, եկել էին պարզապես լսելու: «Ի՞նչ հույս պետք է ունենամ էս երկրում: Մեր մոտ ոչ մի բան չի փոխվում, ընդհակառակը՝ ամեն ինչ դեպի վատն ա գնում, մարդկանց թալանում են: Էս մարդն էլ ի՞նչ անի, խեղճ ու կրակ կայարանցի տղա ա: Մենակով ի՞նչ կարա անի, եթե ժողովուրդը չկանգնի մեջքին: Ես ժողովրդի հետ եմ հույսեր կապում»,-ասաց տարեց մի կին:



Թեեւ նախապես հայտարարված էր, որ հանրահավաքը ժամը 15-ին է, սակայն այն սկսվեց գրեթե մեկ ժամ ուշացումով: Հավանաբար Տիգրան Կարապետյանը սպասում էր, որ բազմություն հավաքվի եւ նոր միայն, ճեղքելով այդ բազմության շարքերը, բարձրանա հարթակ: Հանրահավաքի ամենադիտարժան տեսարանը Կարապետիչի՝ բեմահարթակ բարձրանալու պահն էր: Այն շատ նման էր հոլիվուդյան աստղերի՝ հանրության մեջ հայտնվելուն: Միակ տարբերությունն այն էր, որ Կարապետյանին թիկնապահներ չէին ուղեկցում: Նա մի կերպ՝ բազմությունը ճեղքելով, բոլորին ողջունելով, ձեռք սեղմելով, գրկելով ու համբուրելով, առաջ էր ընթանում:



Մարդիկ իրար էին անցել: Բաճկոններն ու գլխարկներն էին օդ նետում, «ուռռռա» էին գոռում: Յուրաքանչյուրը փորձում էր մոտենալ եւ սեղմել իր «թագավորի» ձեռքը կամ գոնե մատով դիպչել նրան, մի կին էլ, չկարողանալով մոտենալ իր կուռքին, աղիողորմ արտասվում էր: Ոմանք, ովքեր ավելի մոտ էին կանգնած, շոյում էին նրա այտերը, ճակատն ու ձեռքերն էին համբուրում, իսկ Կարապետիչը մեղմորեն ժպտում էր բոլորին ու փորձում առաջ գնալ: Բազմությունը վանկարկում էր՝ «Թողեք թագավորը առաջ գնա», «Թագավորին ճանապարհ տվեք», «Կարապետյանը մեր թագավորն ա»:



Երկար ընթացքից հետո Կարապետիչը հասավ հարթակին, ողջունեց ժողովրդին՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ջավախահայերին, շնորհակալություն հայտնեց եւ ասաց, որ իրենք վճռական են տրամադրված, որ իրենք հավաքվել են «ոչ» ասելու իշխանություններին: «Հերիք եղավ, բոլ եղավ, փող եք ուզում` գնացեք խոպան։ Հայաստանը ձեր համար խոպան չէ»,- հայտարարեց Կարապետյանը։ Հետո ժողովրդի «դաբրոն» ուզեց, ժողովուրդն էլ տվեց այդ «դաբրոն»՝ վանկարկելով. «Այո, մենք դաբրոն տալիս ենք»: Իշխանություններին վերջնագիր ներկայացնելով՝ պահանջեց ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերադարձնել ավանդները, կանխել արտագաղթն ու գնաճը, կրկնապատկել թոշակներն ու նվազագույն աշխատավարձը եւ այլն:



Տիգրան Կարապետյանն ինքն էր վարում հանրահավաքը, խոսք էր տալիս մեկ սրան, մեկ նրան, ընթացքում հիշեցնում, որ ինքը «չի ուրանա ժողովրդին», որ ինքը պատրաստ է մեռնել հանուն հավաքված ժողովրդի եւ այլն: Հանրահավաքի վերջում նա նորից հիշեցրեց, որ վճռական է տրամադրված, եւ որ փետրվարի 28-ը վճռական օր է լինելու: «Մենք գնալու ենք արտահերթ ընտրությունների, գնալու ենք մինչեւ վերջ, առանց զիջումների»,-հայտարարեց Կարապետիչը, որին հաջորդեցին «մինչեւ վերջ, մինչեւ վերջ» վանկարկումները, իսկ որոշներն էլ «մինչեւ վերջից» առաջ բացականչում էին «Պայքար... պայքար»:



ՀԳ - Հիշեցնենք, որ այսօր ավարտվում է ԱԼՄ հեռուստաընկերության՝ եթերում մնալու ժամանակը, եւ վաղվանից արդեն ԱԼՄ-ն եթերում չի լինելու: Ի դեպ, հեռուստադիտողների հետ կապը չկորցնելու համար հանրահավաքի ժամանակ բոլորին բաժանեցին Տիգրան Կարապետյանի հեռախոսահամարները, եւ վերջինս մարդկանց խորհուրդ տվեց անպայման զանգել իրեն: