Տարոն Մարգարյանն ու Կամո Արեյանը մղվեցին հետին պլան

Տարոն Մարգարյանն ու Կամո Արեյանը մղվեցին հետին պլան
Քաղաքապետարանում ընթացող կառուցվածքային ու կադրային փոփոխությունների շրջանակում բավականին լուրջ վիճակում են հայտնվել Գագիկ Բեգլարյանի աջ ու ձախ ձեռքերը` քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն  Մարգարյանն ու  զախարյանական շրջանից մինչ այսօր տեղակալ Կամո Արեյանը: Թեեւ Կարեն Կարապետյանը նրանց չի հեռացրել, սակայն վերաբաշխել է նրանց ենթակա ոլորտներն ու լիազորությունները: Մեր տեղեկություններով՝ առանցքային  ոլորտներն առանձնացրել է իր նոր տեղակալի՝  Վահագն Առաքելյանի համար, որին ավագանին պաշտոնապես պետք է ուրբաթ օրը նշանակի:



Վահագն Առաքելյանի տրամադրության տակ են լինելու բոլոր փողաբեր ոլորտները՝  շինարարությունը, ճարտարապետությունը, անշարժ գույքն ու  ֆինանսները:   Երբեմնի քաղաքապետի թեկնածու համարվող Տարոն Մարգարյանին բաժին են հասել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների  կազմակերպման, առեւտրի սպասարկման եւ տրանսպորտի վարչությունները: Կամո Արեյանից վերցվել է կրթության եւ առողջապահության ոլորտը, նա այլեւս լինելու է կոմունալ սպասարկման  ու համատիրությունների գծով կուրատոր:



Իսկ Վանո Վարդանյանը կհամակարգի կրթության, առողջապահության ու մշակույթի ոլորտները: Ասում են՝ այս փոփոխությունները հատկապես ծանր  է տարել Տարոն Մարգարյանը, որը ոչ հեռավոր անցյալում քաղաքապետի հավակնություններ ուներ: Բավական չէ դա տեղի չունեցավ, դեռ մի բան էլ ձեռքից խլեցին առանցքային ոլորտները: Մինչ քաղաքապետարանի նոր կառուցվածքային ծրագիրը  ուրբաթ օրը կքննարկվի ավագանու նիստում, խոսակցություններ կան, թե սրանք միայն «ծաղիկներն են»՝ կադրային լուրջ փոփոխություններն առջեւում են:



Հոգեխանգարմունքի մեջ են նաեւ վարչությունների պետերը, յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում բանակցությունների մեջ է Կարեն Կարապետյանի հետ, փորձում է նրա մոտ «պադխոդ» գտնել: Նշենք, որ այս ընթացքում նոր թափով են ընթանում շինարարական աշխատանքները Բուզանդ 1/3 հասցեում, որտեղ նորընտիրը մտադրվել է տեղակայել Վանո Վարդանյանին՝ իր ենթակա վարչություններով:



ՔԱՂԱՔԱՊԵՏԸ՝ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԹՇՆԱՄԻ



Կարեն Կարապետյանը շարունակում է իրականացնել Բեգլարյանի կիսատ թողած գործը՝ փողոցային առեւտրի արգելման որոշումը: Երեկ մայրաքաղաքի տարբեր մասերում առեւտուր անողները բողոքի ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի մոտ: Նրանք պահանջել են  քաղաքապետին դուրս գալ եւ պարզաբանումներ տալ, թե ինչու է իրենց զրկում գոյատեւելու միջոցներից: Սակայն Երեւանի արտաքին տեսքով մտահոգված քաղաքապետն այդպես էլ իր ծմակից դուրս չի եկել: Առեւտրականները իրենց բողոքն արտահայտել են՝ վանկարկելով «հրաժարական», «աշխատանք»:



Սակայն անգամ առեւտրի ու սպասարկման վարչության պետին թույլ չեն տվել հանդիպել քաղաքացիներին: Միայն այդ բաժնի աշխատակից Հովհաննես Ղալեչյանին է հանձնարարվել հանդիպել լրագրողներին՝ բացատրելու ծրագիրը: Վերջինս էլ ասել է, որ առեւտրականներին ապամոնտաժելու գործը նպատակահարմար են համարել իրականացնել հենց այս սեզոնին, քանի որ փողոցային առեւտրի համար այնքան էլ աշխույժ շրջան չէ: Բացի այդ նշել է, թե իրենք այլընտրանքային տարբերակներ են առաջարկում՝  տեղափոխվել շուկաներ, որոնց տերերի հետ արդեն ձեռք են բերել համաձայնություն, իսկ եթե պահանջվի, նույնիսկ նոր շուկաներ կստեղծեն: Հարց է ծագում՝ իսկ ո՞ւմն է լինելու նոր շուկան: Գուցե նոր քաղաքապետի՞նը, որը Բեգլարյանի օրինակից վարակվել է եւ ուզում է սեփական  բազարային բիզնես-ծրագիրը ծավալել: