Արամ Սարգսյանը դեմ չէ վարչապետ դառնալուն

Արամ Սարգսյանը դեմ չէ վարչապետ դառնալուն
Մամուլում տեղեկություններ եղան, որ Հայ ազգային կոնգրեսում զտումներ են գնում, նախընտրական ցուցակների առթիվ նախապատվությունը տրվում է երիտասարդ քաղաքական գործիչներին, որոնք նախկինում պաշտոններ չեն զբաղեցրել: Մեր հարցին, թե ի՞նչ ցուցակով է պատրաստվում ներկայանալ խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսպես պատասխանեց. «Տա Աստված, որ խորհրդարանական ընտրությունները շուտ լինեն, հենց այդ ժամանակ էլ կպատասխանենք: Ինչ վերաբերում է նախկինում պաշտոններ զբաղեցրած գործիչների՝ ցուցակներում առաջ կամ հետ լինելուն, ասեմ, որ ես ինքս չեմ պատրաստվում պատգամավոր դառնալ: Ես ինձ չեմ տեսնում օրենսդիր դաշտում: Ես գործադիրի մարդ եմ, արդյունաբերության մարդ եմ: Ես սիրով կարող եմ էդ ցուցակում լինել վերջինը»:



Ասել է թե՝ ուզում եք կրկին վարչապե՞տ դառնալ՝ հարց ուղղեցինք Արամ Սարգսյանին: «Եթե Հրանտ Բագրատյանը չուզի, այո, կուզեմ»,-ի պատասխան ասաց ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, որ ՀԱԿ-ում ցուցակների հետ կապված՝ դեռ հարց չի քննարկվել, ու ՀԱԿ-ում պարբերաբար քննարկվում է իշխանափոխության հարցը: «Մեկը ես՝ կողմնակից եմ, որ հնարավորինս շատ երիտասարդ քաղաքական գործիչներ ներգրավվեն պրոցեսներում»,- ասաց ընդդիմության ներկայացուցիչը:



Քաղաքական դաշտում արդեն իսկ տեղեկություններ կան, որ Հայաստանում  ֆորսմաժորային իրավիճակի սպասում են Ռոբերտ Քոչարյանը եւ նրա կողմնակիցները՝ քաղաքական նոր վերադասավորումների համար: Նաեւ իշխանությունը որոշակի ծրագիր ունի, որ եթե ֆորսմաժոր լինի, ոչ թե ընդդդիմությունը գա իշխանության, այլ Քոչարյանի միջոցով լինի իշխանափոխություն: Այս առթիվ հարց ուղղեցինք ընդդիմության ներկայացուցչին:



«Քոչարյանի մասով իմ տեսակետը չի փոխվել: Եթե մարդը քաղաքականությամբ է զբաղվում, դա պիտի անի հրապարակավ: Որեւէ խնդիր չունենք իր՝ քաղաքականություն վերադառնալու հետ կապված, ուզում է, թող հետ վերադառնա: Մեզ համար դա միայն դրական արդյունք է տալու: Դրանից  ընդդիմության կողմնակիցներն ավելի են շատանալու: Ինչ վերաբերում է քաղաքականություն վերադառնալու նրա հնարավորությանը, անկեղծ ասեմ, առանց չարության` այդ հնարավորությունը հավասար է զրոյի: Չունի Ռոբերտ Քոչարյանը իշխանության գալու որեւէ ռեսուրս»:



Վլադիմիր Պուտինի հետ Քոչարյանի հանդիպումների եւ դրանց հրապարակման առթիվ Արամ Սարգսյանի կարծիքը հետեւյալն է, որ դա ՀՀ ներկա իշխանություններին ճնշելու կոնտեքստում է: «Քոչարյանը կարող էր Պուտինի հետ հանդիպել ու Պուտինն ասեր, որ այդ հանդիպումները պիտի մնան փակ, բայց էստեղ իրենք դա բացում են: Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը Հանրապետական կուսակցության վերջն է լինելու: ՀՀԿ-ի բազմաթիվ անդամների հետ այսօր Քոչարյանն էնպիսի հարաբերություններ ունի, որ բավարար է իշխանության հասնի, առաջին հարվածի տակ այդ ՀՀԿ-ականներն են լինելու»:



Մեր հարցին, թե, այնուամենայնիվ, հնարավո՞ր է ֆորսմաժորի դեպքում օգտագործվի այդ տարբերակը, որ ոչ թե ընդդիմությունը գա իշխանության, այլ Ռոբերտ Քոչարյանը, Արամ Սարգսյանը հայտարարեց. «Եթե լինեն արտահերթ ընտրություններ, իսկ մենք ամեն ինչ պիտի անենք, որ խնդիրը հասնի դրան՝ բավարար հող ստեղծելով հետագայում արդար ընտրություններ անցկացնելու համար, արտահերթ ընտրությունների ժամանակ միանշանակ իշխանության է գալու ընդդիմությունը: Ինչ ուզում է  մտածի իշխանությունը: Ով փոփոխություն է բերում, նա էլ դառնում է իշխանություն: Որեւէ կերպ որեւէ քայլ չի անում ԲՀԿ-ն կամ Քոչարյանը, որ ցույց տա հասարակությանը, որ ինքը փոխում է իշխանության որակը: Եվ եթե նույնիսկ փորձի էլ դա անել, էս հասարակությունը չի հավատա»:



Արամ Սարգսյանի խոսքերով՝ ներկա կադրային փոփոխությունները ոչինչ չեն նշանակում, հասարակությունը չի զգում փոփոխություն հասարակական-սոցիալական, տնտեսական, քաղաքական ազատությունների հարցում, իշխանությունը ում էլ փոխի, հասարակությունը չի հավատալու, եւ  դա խնդիր չի լուծում: «Երբ մարդը խոսում է եղբայրությունից, սիրուց ու իր եղբայրների քվեն կեղծում է, էդ եղբայրությանը չեն հավատում: Երբ որ մարդը եկեղեցում խաչակնքվում է ու ոչինչ չի անում մարտի 1-ին սպանվածների մեղավորներին գտնելու ու պատժելու համար, էդ խաչը չի ընդունվում: Երբ մարդը տնտեսական, սոցիալական հավասարությունից խոսելով` սեփականությունը բաժանում է յուրայինների միջեւ, հասարակությունը նրա արած փոփոխություններին չի հավատում: Չի կարող խաղաղություն լինել էդ տան մեջ: Չի կարող սեր լինել»:



««Հանրապետություն» կուսակցությունն ունի՞ տարաձայնություններ ՀԱԿ-ի հետ» հարցին ի պատասխան՝ կուսակցության նախագահն ասաց. «Ոչ: Բացարձակ չի նշանակում, որ «Հանրապետություն» կուսակցությունը մտածում է այնպես, ինչպես ՀՀՇ-ն, կամ ՀԺԿ-ն մտածում է այնպես, ինչպես «Հանրապետությունը»: Բացարձակ: Մենք տարբեր կուսակցություններ ենք, տարբեր մոտեցումներ ունենք: Բայց կա ընդհանուր խնդիր, որը մեզ համախմբել է: Եվ մեզանից յուրաքանչյուրը հասկացել է, որ պիտի իր «ես»-ը մի կողմ դնի՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար»:



Մեր հարցին, թե Հանրապետականը մտավախություն չունի՞, որ ԼՂ հարցով հնարավոր է ֆորսմաժորային զարգացումներ լինեն ու ինքը կորցնի իշխանության ղեկը, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարեց. «ՀՀ իշխանություններն անկախ են եւ որեւէ այլ երկրի քաղաքականության հետ կապ չունեն: Մենք չենք կարծում, որ Ադրբեջանում այս կամ այն դիրքորոշումն ընդունեցին, մեր իշխանության դիրքերը թուլանալու են, եւ իշխանությունը կորցնելու ենք: Ինձ համար դա անհասկանալի է»:



Մեր հաջորդ հարցին, թե ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ իշխանության բոլոր գործողությունները տանում են դեպի ֆորսմաժորային իրավիճակներ եւ արտահերթ ընտրություններ, չե՞ք վախենում, որ իրոք կկորցնեք իշխանությունը, հանրապետականը պատասխանեց. «Ոչ, չենք վախենում, եւ վաղուց մեր էդ վախը չափած է: Էլ չենք վախենում, որովհետեւ լուրջ վախեցնողներ չկան: Դա մի փոքր ցանկությունների շարքից է, ցանկությունների տիրույթում է: Ես հակառակը կպնդեի, որ նախագահի այսօրվա ելույթը եւ համատեղ հայտարարությունը Կիպրոսի նախագահի հետ վկայում է այն մասին, որ կան երկրներ, որ արդեն բաց կերպով հայտարարում են, որ միանում են մեր որդեգրած ճանապարհին, որ հակամարտության լուծման բանալին ժողովուրդների ինքնորոշման ուղին է»:



Ի վերջո չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ի քաղաքականությունն էապես չի տարբերվում Ռ. Քոչարյանի վարած քաղաքականությունից, ինչը կարող է հանգեցնել ե՛ւ ֆորսմաժորների, ե՛ւ «մարտի 1»-երի՝ հարց ուղղեցինք հանրապետականին: «Չեմ կարծում, որովհետեւ դրա նախադրյալը չկա: Իսկ ԼՂ հարցում վարած քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, իհարկե չի տարբերվում»,- հայտարարեց հանրապետական պատգամավորը: