Համմարբերգը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ. քաղբանտարկյալի կինը սպասելիքներ ունի

Համմարբերգը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ. քաղբանտարկյալի կինը սպասելիքներ ունի
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն այսօր այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինայնին։ Այս մասին Tert.am-ին ասել է Փաշինյանի կինը՝ «ՀԺ»-ն հրատարակող «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն Աննա Հակոբյանը։



Համմարբերգի այցի ժամանակ Փաշինյանի մի շարք ընկերներ և համակիրներ հավաքվել են «Արթիկ» ՔԿՀ-ի դիմաց, պարզել ցուցապաստառներ։ «Նոբելյան խաղաղության մրցանակակիր, իրանցի իրավապաշտպան Շիրին Էբադին Հայաստան կատարած այցելության ժամանակ այցելել էր Նիկոլ Փաշինյանին, որից հետո հայտարարել էր, թե կալանավայրն այն տեղը չէ, որտեղ պետք է պահել լրագրողին։ Մենք հենց նրա խոսքերն էինք գրել ցուցապաստառի վրա»,- Tert.am-ին ասել է ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, որը ևս մասնակցել է ակցիային։



Վարդգես Գասպարին հույս հայտնեց, որ այդ խոսքերի իմաստը կհասնի նաև Թոմաս Համմարբերգին, և նրա այցը կնպաստի Նիկոլ Փաշինյանի ազատ արձակմանը։ Թե ինչ են խոսել Համմարբերգն ու Փաշինյանը, դեռևս հայտնի չէ։ Այդ մասին տեղեկություն չունի նաև Աննա Հակոբյանը։ «Գիտեմ, որ հանդիպել են, բայց մանրամասներին տեղյակ չեմ, կապ չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է նա։



Այն հարցին, թե արդյո՞ք Համմարբերգի այցից կարելի է ակնկալել, որ Նիկոլ Փաշինյանն ազատ կարձակվի, Աննա Հակոբյանը պատասխանել է. «Իմ կարծիքով, Համմարբերգի այցը, ինչպես նաև առաջիկայում ԵԽԽՎ–ում Հայաստանի հարցով համազեկուցողների այցը կարող է ազդել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև մյուս քաղբանտարկյալների ազատ արձակման վրա»։



Նա նշել է, որ համենայն դեպս այս պահին, քաղբանտարկյալների ազատ արձակումը կախված է նրանից, թե ինչ ճնշումներ կգործադրի ԵԽԽՎ-ն Հայաստանի իշխանությունների վրա։ Եթե եվրոպացի պաշտոնյաների այցերից հետո էլ քաղբանտրակյալներն ազատ չարձակվեն, Փաշինյանի կնոջ խոսքով, իրենք կարձանագրեն, որ ԵԽԽՎ-ն թերացել է իր աշխատանքներում և համապատասխան ճնշումներ չի գործադրել ՀՀ իշխանությունների նկատմամբ։



Tert.am