Թե ինչու տապալվեց հարցազրույցս

Թե ինչու տապալվեց հարցազրույցս
Թերթը որ թերթ է, պիտի մի քիչ էլ Կարմիր գրքի դեր կատարի` վեր հանելով ու ցույց տալով անհետացող տեսակները, որովհետեւ դրանք եւ հետաքրքիր են, եւ ուսանելի: Մարդու մի տեսակի հանդիպեցի վերջերս, չգիտեմ՝ անհետացող, թե կյանքի բերումով ու հանգամանքների ճնշման տակ բազմացող: Սկզբում մտածում էի` այ գտածո՜, այ ապագա նյո՜ւթ: Որոշել էի հարցեր տալ Թանկագինին (այդպես կոչենք մեր հերոսուհուն) ու մի հարցազրույց սարքել:



Բայց շուտով հասկացա, որ նախաձեռնածս անպտուղ մի բան է, ինչպես ծանոթներիցս մեկի համար` ուտելը. ուտում-ուտում է, թվում է, թե ահա ուր որ է կկշտանա, իսկ կշտանալը սարերի ետեւում է, որովհետեւ էս ծանոթիս փորին մի անտեսանելի անցք է բաց արած, ու կերած-խմածը գնում-կորչում է: Ես հարցը տալիս եմ, Թանկագինը համաձայնվում է (դա էլ է նրա յուրահատկություններից. հարցին ոչ թե պատասխանում, այլ հետը համաձայնվում է, կարծես ասի` օ՜, ի՜նչ իմաստուն հարց) ու շարունակում պատմել Քամյուի ոճով ինչ-որ բան, որտեղ նախադասությունները ոչ մեկը մյուսին լրացնում են, ոչ էլ շարունակում: Երբ  խոսում էր, ակամա պատկերացրի, որ նրա խոսքերը զարդարում են միմյանց, ինչպես տոնածառն ու խաղալիքները:



- Դու գիտես, Աստղո ջան, գրագետ մարդուն հարգում եմ: Վախենում են ինձանից, գյուղապետը պիտի մեր տուն գար, հողակտոր կար չափելու, վախեցել ա, ասել ա` ես նրանց տուն չեմ գնա: Կեսրարիս ստացած փողերը (էստեղ, ներողություն, չեմ հիշում, թե ինչ ասաց, բայց տեղեկացնեմ, որ Թանկագինի սկեսրայրը հարյուրն անց մարդ է)…: Ուզում եմ ինձ մի շուբա առնեմ: Տարիքներս էն չի, արդեն պալտո-մալտո չի սազում: Կա, խանութում կա, քսան-քսանհինգ հազարանոց պալտո, հագնում եմ, բայց դե էն չի: Կարամ կարճ շուբ առնեմ, նապաստակ-մապաստակ, բայց դե, Նելի ջան (մորս է դիմում), էլ ե՞րբ պիտի շուբ հագնենք, եթե հիմա չհագնենք: Չնայած տեսքս տեղն ա, ես ջահել եմ երեւում, բայց դե տարիքով եմ:



Մայրս միջանկյալ հպարտանում է, թե աղջիկս լրագրող է, թղթակցում է թերթին: Թանկագինը, թե` ես քեզ ինչքան նյութ պետք ա, կտամ: Ես այնպես եմ հասկանում, որ ինձ վատ  ոստիկանի տեղ անցկացրին: Հարցնում եմ` Թանկագին տոտա, ձեր գյուղի անունը, գյուղապետի կասե՞ս, տենց մի երկու բան ա պետք գրածիս հավաստիություն հաղորդելու համար:



- Ես քեզ կտամ ինչ նյութ որ պետք ա, կտամ: Հենա, հենց հիմա դատավարություն ա գնում, հարեւանիս դատի եմ տվել… այգիս չորանում ա, բա: Ծառերը… Երկուշաբթի օրը արի՝ դատարանում նստի (գոհ ծիծաղում է. փաստորեն հպարտ է, որ հարեւանին դատի է տվել, կամ, ավելի ճիշտ՝ որ թեեւ մենակ կին է, բայց կարողանում է իր շահերը պաշտպանել: Դա ես այնպես եմ հասկանում, նրա աչքին գրագիտության գագաթնակետն է, իսկ գրագետ մարդուն Թանկագինը հարգում է): Ինչի՞ չես ծննդատան մասին գրում (ծննդատանն է աշխատում): Բացատրում եմ, որ եթե ծննդատան մասին գրեմ,  միայն վատն եմ գրելու:



Երեւի էդ հարցով պիտի դիմեին ինձ, երբ դեռ ծննդատան «պացիենտը» չէի եղել, իսկ հիմա լավ բան քիչ ունեմ ասելու: Մասնագիտական որակներն ու փորձը երեխայիս լույս աշխարհ գալ օգնողներին չէր պակասում, բայց մինչ այդ նրանցից մի քանիսն ինձ ամեն կերպ օգնել էին, որ հասնեմ դեպրեսիայի վերջին աստիճանին: Այս մասին հենց առաջին փաստարկս այնպիսի, մեղմ ասած, կատաղի դիմադրության հանդիպեց, որ տարհամոզելու գայթակղությունս չքացավ: Պարզվեց, որ մեր ծննդատունը ամենալավ ծննդատունն է աշխարհում, եւ ընդհանրապես, «կեցցե դատարանը, աշխարհի ամենաարդար դատարանը»:



Ես աղոտ կասկածներ ունեմ, որ տիկին Թանկագինն էն մարդկանց թվին է պատկանում, ովքեր ոչ միշտ են ասում այն, ինչ մտածում են, եւ դեռ իրենց էլ խիստ խորամանկ են համարում: Ավելի ճիշտ` խորաթափանց: Խորամանկ կհամարի դիմացինը: Թեեւ ես խորամանկ չէի համարի այն մարդուն, ով չի կարողանում չմատնել, որ խորամանկ է: Բայց Թանկագինի հետ սա քիչ կապ ունի: Թերեւս նա պատկանում է մտադրությունները վատ ծածկողների թվին: Կամ էլ ես եմ շատ խորաթափանց: Իրիսը կուլ տալիս Թանկագինը հայտնում է, որ Էնինչենց տանը ինքը «մասկովսկի կանֆետի» իր բաժինը միշտ ունի, որ ինքը մասաժով Կոծնանց Համոյին ոտքի է կանգնեցրել (սա ասում է, քանի որ մեջքս է ցավում):



Ուրիշ շատ հետաքրքիր բաներ էլ է ասում Թանկագինը: Եթե, ասենք, թղթին հանձնելու լինեի ասածները, մորս մի աննշան անկյուն պիտի հատկացնեի թղթի ներքեւի հեռավոր անկյուններից մեկում, Թանկագինին` ողջ թուղթը: Մեր բարեկամի աղջի՞կն ինչու բաժանվեց: Խելքը գլխին պատասխան չստանալով արդեն որոշ բաներ գլխի ընկնող մորիցս` Թանկագինը որոշում է պաշտպանել բարեկամի աղջկան, հայտարարելով, թե սկեսուրը հարս տանելիս պետք է հաշվի առներ, որ ունեւոր ընտանիքի աղջիկ է տանում: Լավ ապրած էրեխեն էդ պայմաններում չի դիմանա: Մենք, իհարկե, խեղճ սկեսրոջ կողմն ենք, որից պահանջել են այն, ինչը նա չէր կարող տալ, բայց Թանկագինն ավելի լավ գիտի ու, ինչպես պարզվում է, մանրամասնորեն:



Էնպես որ, մնում է միայն զարմանալ, թե ինչու էր էդ մասին մեզ հարցնում: Ինչ վերաբերում է մեջքացավիս, տիկին Թանկագինը մեղադրում է ինձ, թե տաք չեմ հագնվում՝ դրանից է: Թարսի նման տաք եմ հագնված ու գրեթե հանվելով ապացուցում եմ, որ խնդիրն այդ չէ, բայց, միեւնույն է, պարզվում է, որ եթե մի մայկայի տեղը երկուսը հագած լինեի, երկու ռետուզի տեղը` երեքը,  մեջքս չէր ցավի: Ես կարող եմ պաշտպանվել, թե՝ միեւնույն է, կքրտնեի- կսառեի, ու ավելի վատ կլիներ, որ ցավը մկանային բորբոքման հետ է կապված, բժիշկն է ասել: Բայց դե, իմ արդարացումներն ում են պետք` ավելի լավ է լռեմ: Թե չէ կպարզվի` գլխացավս էլ հակաճառելու հետեւանք է, բարձր ճնշումը նրա հետեւանքն է, որ  սուրճն ուշացրի: Կան մարդիկ, որ ամեն ինչ գիտեն:



Թանկագին տոտան կուլ է տալիս  ռուսական մայրաքաղաքից վերջերս ժամանած մի ուրիշ, էս անգամ մրգային իրիս, հիշեցնում, որ «մասկովսկի կանֆետի» իր բաժինն ունի էսինչի տանը, ձեռի հետ էլ նկատում է, որ ժուռնալիստները հակառակվելու «խասյաթ» ունեն, ճկուն չեն արտահայտվելիս, դրա համար էլ «քյալակների մեջ են քցում իրանց»:



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ