Ավարտվում է եվրոպացի հանձնակատարի այցը

Ավարտվում է եվրոպացի հանձնակատարի այցը
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Հայաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում ունեցել է մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նա հանդիպել է քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ հայտնված Հարություն Ուռուտյանի հետ: Համարբերգի եւ Փաշինյանի հանդիպումը տեւել է մոտ 2 ժամ: Սակայն երեկ մեզ չհաջողվեց հանդիպումից մանրամասներ պարզել:



Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ հարցեր են քննարկվել: Մանրամասներին տիրապետողները նշում էին, որ պայմանավորվածություն կա չհրապարակել, համենայնդեպս` մինչեւ Համարբերգի այսօրվա ասուլիսը: Միայն հայտնի է, որ Համարբերգը հետաքրքրվել է քրեակատարողական հիմնարկի պայմաններով, հավանաբար այդ մասին Թոմաս Համարբերգը կխոսի այսօր կայանալիք եզրափակիչ մամուլի ասուլիսում: Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը նույնպես չէր մասնակցել հանդիպմանը:



Երեկ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Համարբերգը հանդիպել է նաեւ անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների հարազատներին, ովքեր առանձին ելույթներ են ունեցել եւ հայտնել իրենց մտահոգությունները: Հունվարի 19-ին Համարբերգը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հանդիպել էր նաեւ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին, ծանոթացել նրա առողջական վիճակին եւ հանդիպումից հետո նշել, որ հնարավոր է առողջական վիճակի պատճառով Սասուն Միքայելյանն ազատ արձակվի:



Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպել էր նաեւ 5 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ՀԿ-ների ղեկավարները հիմնականում առաջ են քաշել Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: «Հանդիպման ժամանակ խոսվեց Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին, մարտի 1-ի իրադարձություններից հետո տեղի ունեցած զարգացումների մասին, բանակում տիրող վիճակի մասին, քննարկվեց նաեւ քաղբանտարկյալների հարցը»,-ասաց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:



Խոսելով Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մասին՝ հանդիպման ժամանակ բերվել են կոնկրետ օրինակներ դատական համակարգից, ոստիկանությունից, բանակից: Ի դեպ, բանակի թեմայով եղել է առանձին հանդիպում: Միքայել Դանիելյանը եվրոպացի հանձնակատարից պահանջել է սանկցիաներ կիրառել Հայաստանի նկատմամբ. «Ես ասացի, որ Հայաստանը ոչ մի ձեւով չի տարբերվում Բելառուսում տիրող ռեժիմից, եւ իմ կարծիքով, եթե Բելառուսի նկատմամբ կարելի է սանկցիաներ կիրառել, ապա ինչու չի կարելի Հայաստանի նկատմամբ նույնը անել»:



Դանիելյանը կարծում է, որ Համարբերգի այցն արդյունավետ է եւ հաստատ կունենա իր հետեւանքները: «Ես կարծում եմ՝ Համարբերգը եվրոպական կառույցների ներկայացուցիչներից միակ մարդն է, որ իրոք անհանգստացած է Հայաստանի վիճակով եւ իրոք ուզում է օգնած լինել: Բայց պետք չէ մոռանալ, որ պարոն Համարբերգի գրասենյակը քաղաքական մարմին չէ, իսկ Եվրախորհրդում քաղաքական մարմիններ են նստած, որոնք տարբեր ձեւով են մոտենում մարդու իրավունքների հարցերին եւ տարբեր ձեւով են դրանով հետաքրքրվում:



Ես միշտ էլ մնում եմ այն համոզման, որ Համարբերգի ամեն մի զեկույցը ունենում է իր ազդեցությունը»,-ասաց նա: Նշենք, որ Թոմաս Համարբերգը այս այցելության շրջանակներում զեկույց է պատրաստում, որը ներառելու է այն ամենը, ինչ նա արձանագրել է Հայաստանում իր բոլոր հանդիպումների ժամանակ, եւ նախատեսվում է, որ զեկույցը բավական կոշտ է լինելու: