Մյուս փոխնախարարը կազատվի երկուշաբթի

Մյուս փոխնախարարը կազատվի երկուշաբթի
Վարչապետի տարեսկզբյան կադրային փոփոխությունների ցուցակը գլխավորեցին արդարադատության փոխնախարարները: Մինչ երեկ լուրեր էին շրջանառվում, թե պատրաստվում են  առնվազն երկուսին փոխել՝ Գեւորգ Մալխասյանին ու Նիկոլայ Առուստամյանին: Երեկ պաշտոնապես հաստատվեց միայն Նիկոլայ Առուստամյանի մասով: Վերջինիս փոխարեն  նշանակել են  Արամ Օրբելյանին, որը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրենի տեղակալն էր:  Ծնունդով կապանցի, Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի որդին:



Եթե նախորդ կադրային փոփոխություններն այս կամ այն բացատրությունն ունեին, ապա այս երկուսը շատերի համար անակնկալ էր, նույնիսկ իրենց՝ ազատվողների: Սովորաբար նախարարին փոխելուց հետո տեղակալներին փոխում են նախարարի կադր լինելու պատճառով: Սակայն այս դեպքում տարօրինակ է, քանի որ Առուստամյանը համարվում է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի մարդը եւ շարունակել է փոխնախարար աշխատել նաեւ Գեւորգ Դանիելյանի օրոք:



Իսկ Գեւորգ Մալխասյանն այս նախարարության հնաբնակներից է: Նա աշխատում է 1985 թվականից: Փոխնախարար է նշանակվել 1998 թվականին, 2000-ից  մինչ այսօր առաջին տեղակալ է: Վերջինս հայտնի է որպես նախարարության օրենքները գրող ու աշխատասեր չինովնիկ եւ այդ պատճառով 12 տարի շարունակ նրան պաշտոնանկ անելու հարց չի առաջացել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նույնիսկ Մալխասյանն է «մանթրաշ» Հրայր Թովմասյանի կատարած այս փոփոխությունից:



Նշենք, որ նա նաեւ «Փոքր Մհեր» կրթահամալիրի խորհրդի նախագահն է: Մեր տեղեկություններով՝ կրթահամալիրի աշխատակիցները եւ կրթության համակարգի աշխատողներն այդ պաշտոնանկությունից խուճապի են մատնվել, որովհետեւ կարծում են, որ նրա դիրքերը կթուլանան, եւ չի կարողանա ազդեցություն ունենալ կրթահամալիրի ճակատագրի եւ մասնավորապես՝ տնօրենի նշանակման հարցում:



Բանն այն է, որ 2010 թվականի դեկտեմբերի 23-ին  կառավարության որոշմամբ այս կրթահամալիրին միացավ թիվ 18 հատուկ դպրոցը, որը պետք է դառնա համալիրի մասնաճյուղերից մեկը: Սակայն  եթե Մալխասյանի գործերը վատանան, թիվ 18-ի տնօրեն՝ հայտնի Ծովիկ Գեւորգյանը կարող է գլուխ բարձրացնել եւ ամբողջ կրթահամալիրը ղեկավարելու նկրտումներն առաջ տանել: Սա լուրջ սպառնալիք է կրթահամալիրի աշխատակիցների եւ սաների համար, որոնք քաջ գիտակցում են Ծովինար Գեւորգյանի՝ տնօրեն աշխատելու հետեւանքները:



Նրանց կարծիքով՝ Մալխասյանի պաշտոնանկությունից կօգտվի Գեւորգյանն ու իր լծակներն օգտագործելով՝ կնվաճի տնօրենի աթոռը: Ինչեւէ, թեեւ Մալխասյանի պաշտոնանկությունը պաշտոնապես չի հայտարարվել, սակայն երեկ առավոտյան արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հաստատել է՝ նշելով, որ փոխնախարարները կտեղափոխվեն այլ աշխատանքի: Ըստ նախարարի, Նիկոլայ Առուստամյանը կշարունակի գործունեությունը արդարադատության նախարարությունում՝ զբաղեցնելով այլ պաշտոն, իսկ Գեւորգ Մալխասյանը  կտեղափոխվի դարձյալ կառավարման համակարգ, սակայն՝ այլ բաժին: Հրայր Թովմասյանը նշել է նաեւ, որ Գեւորգ Մալխասյանն աշխատանքից կազատվի երկուշաբթի: