Կարապետիչի ֆենոմենը եւ հնացած ՀԱԿ-ը

Կարապետիչի ֆենոմենը եւ հնացած ՀԱԿ-ը
Կարապետիչի՝ լայն հնչեղություն ստացած ֆենոմենը կապված է նրա հետ, որ հանրության մեջ կա լուրջ դժգոհություն, եւ յուրաքանչյուր մարդ, ով կփորձի ինչ-որ մի ձեւով  որոշ կրիտիկական մաս հավաքել փողոցներում, ինքը կարող է հույս ունենալ, որ հասարակության վրա ազդեցություն գործել կկարողանա: Թերեւս սա խնդրի մի կողմն է, մյուս կողմից հասկանալի է, որ Կարապետիչի ֆենոմենը բավականին ձեռնտու է իշխանություններին, որոնք միգուցե շահագրգռված են այս առիթով:



Որովհետեւ հասկանալի է՝ Կարապետիչն իր սպեցիֆիկ անցյալով եւ նույնպիսի վարքագծով կարող  է բավական կարեւոր գործ կատարել իշխանությունների տեսանկյունից, այն է՝ ֆունդամենտալ ընդդիմությունից՝ լինի դա ՀԱԿ-ը, թե... որոշ ձայներ փախցնել եւ ունենալ իր հասարակական հենարանը: Այս առումով ինձ թույլ եմ տալիս ասելու, որ Կարապետիչի ֆենոմենը ոչ միայն իր արժանիքների արդյունքն է, այլ նաեւ համընկնում է իշխանությունների ցանկություններին: Կարապետիչի կեցվածքն ամենահեշտն է, որովհետեւ ինքը ամենադժգոհ, «ամենալյումպեն» մասսան է իր վրա քաշում, որի վրա ավելի հեշտ է ինչ-որ ձեւով ազդել, փողոցներ դուրս հանել:



Ինչու է արմատական ընդդիմություն ներկայացող ՀԱԿ-ը «դաշտը» հոժարակամ նվիրել Կարապետիչին... Կարծում եմ՝ ժամանակը մի կողմից է իր դերը խաղում. մարտի 1-ի այդ  իրադարձությունները, «էսկալացիայի» ժամանակն արդեն լրացել է: Եվ եթե ՀԱԿ-ը ուզում է պահպանել իր դեմքը ընդդիմադիր ճակատում, ապա նոր ռազմավարություն պետք է ընտրի: Կտրուկ պահանջները՝ իշխանափոխության, կամ այն, որ իշխանություններն ամեն ինչում մեղավոր են եւ այլն, եւ այլն, դա հասկանալի եւ անհրաժեշտ «լեքսիկոն» է, եւ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ պետք է օգտագործի:



Բայց  մյուս կողմից՝ յուրաքանչյուր քաղաքական ռազմավարություն ունի իր օգտագործման ժամկետը: Եվ հիմա ակնհայտ է, որ ՀԱԿ-ի ռազմավարությունը հնացել է, հիմա պետք են թե կադրային, թե ռազմավարական լուծումներ: Մինչ այդ Կարապետիչը կփորձի էլեմենտար ընդդիմադիր քաղաքական գործչի ռազմավարությունը: Իսկ փետրվարի 28-ը իշխանություններին իբրեւ վերջնաժամկետ հայտարարելը միայն փորձ է «ստավկաները» բարձրացնելու եւ ռադիկալ հայտարարություններ անելու:



Կարճաժամկետ առումով հնարավոր է Կարապետիչը դրանով ինչ-որ բան ստանա, չեմ կարող ասել՝ ինչ, բայց երկարաժամկետի տեսանկյունից խնդիրներ ունի: Ի վերջո, Կարապետիչն անձ է, որն աշխատում է «լյումպեն» մասսայի վրա, եւ սոցիալական հարցեր լուծելուց բացի, իրականում գաղափարախոսական ոչինչ չի ստացվի:



Եվ միամտություն է կարծել, որ վերջնագրերի լեզվով իշխանությունների հետ խոսելը «մարտի 1»-ի կամ նման մի բանի կրկնություն կբերի: Դրա համար պետք է ավելի լուրջ ներքաղաքական վիճակ, իսկ Հայաստանում առաջիկա մեկ տարում ընտրություն չի լինելու: Ոչ մի լուրջ քաղաքական ուժ կամ նախկին նախագահ էլ Կարապետիչի մեջքին, կողքին կամ հետեւին  չի կանգնած: Ընտրություններին դեռ երկար ժամանակ կա, իսկ մինչեւ այդ, չեմ կարծում, որ Կարապետիչը կկարողանա այս ֆորմատը պահպանել:



Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆ

Քաղաքագետների կովկասյան ինստիտուտ