Զրկում են հացից ու տեսարանների՞ց, իսկ ո՞ւր է նայում Համարբերգը

Զրկում են հացից ու տեսարանների՞ց, իսկ ո՞ւր է նայում Համարբերգը
Անցնող շաբաթը լի էր տարբեր իրադարձություններով, եւ մենք՝ լրագրողներս, «նյութի» պակաս չունեինք: Հենց միայն Տիգրան Կարապետիչի միտինգներն ու եթերից հնչող «կարապի երգը» ինչ ասես արժեին: Ուշագրավ իրադարձություններ էին ծավալվել նաեւ Երեւանի քաղաքապետարանում եւ դրա շուրջ: Իսկ Համարբերգի այցն ու հանդիպումներն ընդհանրապես չէին իջնում թերթերի էջերից:



Այս բոլոր իրադարձություններին ուշիուշով հետեւում էինք ոչ միայն մենք՝ լուսաբանելու նպատակով, այլեւ մեր ընթերցողները: Նրանց հետաքրքրությունն, անշուշտ, մի փոքր այլ էր. ի՞նչ ազդեցություն է ունենալու այս ամենն իրենց վրա, իրենց կյանքում ինչ-որ բան փոխվելո՞ւ է: ԱԼՄ-ի փակվելով իրենք զրկվելու են «տեսարանների՞ց», քաղաքապետի գործողությունների արդյունքում՝ «հացի՞ց», իսկ Եվրոպայից ժամանած մարդու իրավունքների հանձնակատարն այդ ամենի ու նաեւ շատ այլ բաների համար պատժելու-սաստելո՞ւ է մեր իշխանություններին, թե՞ ոչ:



Այդ առումով հատկանշական է մեր հասարակության վերաբերմունքը Կարապետիչի միտինգային շարժմանը: Երբ փորձում ես դասակարգել ԱԼՄ-ի շուրջ կատարվող իրադարձություններին մեր ընթերցողների արձագանքները, մի քանի խումբ է ձեւավորվում: Առաջին ու ամենամեծ խումբն այն մարդիկ են, ովքեր կարծում են, որ «Կարապետիչը իշխանական պրոյեկտ է»՝ ստեղծված «Լեւոնից ձայներ խլելու», «մարդկանց ապակողմնորոշելու» համար:



Ըստ այդմ, այս խմբի վերաբերմունքը բացասական է ոչ միայն Կարապետիչի հանրահավաքների նկատմամբ, այլեւ մեր լուսաբանումների: Մեզ մեղադրում են, որ կենդանացնում ենք, նպաստում ենք իշխանությունների ծրագրերին եւ խանգարում իրական ընդդիմությանը: Թեեւ մեր հարցազրույցներում ընդդիմության ներկայացուցիչներն առավել հանդուրժող եղան, անգամ ողջունեցին Տիգրան Կարապետյանի սկսած շարժումը: Ինչ վերաբերում է մեր լուսաբանումներին եւ ընդհանրապես՝ ամեն ինչի մեջ իշխանության «մատը» փնտրելուն, ապա այդ «շպիոնոմանիան» ոչ մի լավ բանի չի հանգեցնի:



Նախ, այն պատճառով, որ այդ կասկածամտության արդյունքում ամեն ինչի  դրական սաղմերն էլ կարող ենք ոչնչացնել: Ապա՝ այն պատճառով, որ սրանով հենց իշխանության գործն ենք հեշտացնում եւ ի սկզբանե մերժում ցանկացած նոր բան: Ի վերջո, բոլոր հարցերում ապաշնորհ ու անընդունակ իշխանությունն ինչո՞ւ պետք է այդքան հմուտ ու ծրագրավորված գործի մեկ առանձին բնագավառում՝ ժողովրդին ու նրա դժգոհությունը կառավարելու հարցում: Արդյո՞ք այդ քաղտեխնոլոգներն ընդունակ են մի քանի քայլ առաջ մտածելու եւ գործելու, ինչպես ենթադրում են շատ բան տեսած մեր համաքաղաքացիները:



Ամեն դեպքում, մեր՝ լրագրողներիս խնդիրն է լուսաբանել երկրում կատարվող ամեն ինչ, եւ մենք չենք կարող առաջնորդվել ինչ-որ անձանց կամ խմբի կասկածներով եւ չլուսաբանել միայն այն նկատառումից ելնելով, թե՝ սա իշխանության ջրաղացին ջուր լցնել է նշանակում: Մանավանդ այդ լուսաբանման պրոցեսում աշխատում ենք հնարավորինս անկողմնակալ լինել եւ գնահատականներ չտալ:



Մեզ ուղղված մեղադրանքների հաջորդ թեման վերաբերում է նորընտիր քաղաքապետին: Այս շաբաթ մեր ընթերցողներից մի քանիսը մեզ մեղադրեցին, թե՝ մենք անաչառ չենք, նոր նշանակված մարդուն ենք «խփում»՝ չենք թողնում աշխատի, իրեն դրսեւորի: Անգամ հորդորում են՝ սպասել 100 օր, հետո նոր գրել-քննադատել: Իսկ հարց է ծագում՝ այդ նույն քաղաքապետը սպասե՞ց 100 օր: Ընդամենը 15-20 օր աշխատելով՝ նա սկսեց համայնքային ծառայողներին ազատել աշխատանքից, առեւտրականներին՝ հանել փողոցներից, կառուցվածք փոխել, նոր մարդիկ բերել: Իսկ գուցե հները բարեխղճորեն կատարո՞ւմ էին իրենց պարտականությունները:



Ի վերջո՝ մարդկանց փողոց նետելը՝ առանց համարժեք աշխատանք առաջարկելու, մի երկրում, որտեղ աշխատանք գտնելը դյուրին գործ չէ, նաեւ փողոց նետողի բարոյականության մասին է խոսում: Եվ վերջապես. մի երկրում, որտեղ բարձր չինովնիկներն էլ են անպաշտպան եւ մեկ (կամ մի քանի) մարդու կամքից կախված, ի՞նչ երաշխիք ունեն, որ տարին բոլորելու են իրենց պաշտոնում: Իսկ եթե չեն բոլորելու, ի՞նչ խղճով են մարդկանց դես-դեն շպրտում, գործազուրկ դարձնում, անեծքի տակ ընկնում, վերջապես՝ պետական ապարատի ու պետական ծառայության հերն անիծում: Կասեք՝ մարդկային այս զգացումները չինովնիկներին բնորոշ չե՞ն: Գուցե: Բայց ինձ թվում է՝ ամբողջ բանն այն է, որ մեզանում մարդն արժեք չէ. նրան կարող են մրջյունի պես տրորել ու հաջորդ իսկ պահին մոռանալ:



Մենք, անշուշտ, ինչպես եւ դուք, շատ ենք ուզում, որ նոր քաղաքապետը հաջողի: Ավելին, ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ մեր երկրում Երեւանի քաղաքապետի պաշտոնը շատ ավելի կարեւոր է, քան նախարարներինը, անգամ՝ վարչապետինը: Եվ նրա աշխատունակությունից, մարդկային որակներից, Երեւանը սիրելու հատկությունից է կախված՝ մայրաքաղաքը տեր կունենա, թե ոչ: Տա Աստված, Կարեն Կարապետյանը լինի լավագույն քաղաքապետը Երեւանի պատմության մեջ: Բայց սկիզբը, անկեղծ ասած, խոստումնալից չէ:



Այս շաբաթվա մյուս իրադարձությունը ԵԽ հանձնակատար Թոմաս Համարբեգի այցելությունն էր Հայաստան: Երեկ նա ասուլիսով եզրափակեց իր այցելությունը, իսկ մինչ այդ հանդիպել էր Սերժ Սարգսյանի հետ եւ նրան փոխանցել իր տպավորություններն այցից: Մենք՝ լրագրողներս, ինչ ասես կտայինք այդ հանդիպմանը ներկա գտնվելու համար: Չէ որ ոչ ասուլիսում, ոչ էլ անգամ հետագայում կազմվելիք զեկույցում Համարբերգն այնքան անկեղծ չի լինելու, ինչքան երես առ երես՝ դրանց գլխավոր պատասխանատուի հետ:



Եվրոպական կառույցների աշխատաոճի մեջ մտնում են թերությունները զգուշորեն, հուշելով, առանց պարտադրանքի ու խանգարելու նշելը, օգնելը, որ դրանք չկրկնվեն: Իսկ խոսելը՝ այնքանով, որքանով չեն վնասի շտկելուն: Կարծում եմ, Համարբերգն անպայման պատմած կլինի երկրի նախագահին, որ իր հանդիպումների ժամանակ մեր պաշտոնյաները խայտառակ հայտարարություններ են արել, ասենք՝ ասել են, թող քաղբանտարկյալները ներման խնդրագրեր գրեն՝ վաղը եւեթ ազատ կարձակենք: Սա ընդամենը խոսում է այն մասին, որ այդ անձինք նստած են ոչ թե կատարած հանցանքների համար, այլ պատանդ են պահվում իրենց քաղաքական հայացքների համար:



Որ նրանց բանտերում պահելով՝ իշխանությունը ոչ թե պատժում է հանցանք կատարած անձանց, այլ փորձում է կոտրել, վարկաբեկել, հեղինակազրկել: Թոմաս Համարբերգը հաստատ խոսել է նաեւ մարտի 1-ի հանցագործներին պատժելու անհրաժեշտության մասին, նշել, որ դա կնպաստի երկրում մթնոլորտի առողջացմանը եւ Սարգսյանի հեղինակության բարձրացմանը: Թերեւս ակնարկել է, որ արժե ազատ արձակել Սասուն Միքայելյանին, որի առողջական վիճակը վատ է: Հավանաբար ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում անելիք-առաջարկների փաթեթ:



Այդ խոսակցության բովանդակությունը, ցավոք, մենք միայն կարող ենք գուշակել: Բայց, ամեն դեպքում, չենք կարող մտավախություն չհայտնել այն առիթով, որ մեր հասարակությունը շարունակում է սպասել Եվրոպայից ժամանող էմիսարների եւ այդ էմիսարների մեջ է տեսնում իր փրկությունը: Չէինք ուզենա մեր հրապարակումներով նպաստել նման սպասելիքների ու նման մթնոլորտի ձեւավորմանը:



Վերջում ուզում եմ ավարտել դրական նոտայով. մենք տպագրել էինք մի ուսանողուհու՝ Լիլիթ Սարգսյանի հուզիչ նամակը, որտեղ նա խնդրել էր աջակցել իր ուսման ծախսերը հոգալուն, հակառակ դեպքում ինքը դուրս կմնա բուհից: Մենք ուրախությամբ տեղեկացանք, որ միանգամից երկու անձ առաջարկել են հոգալ այդ ծախսերը: Ասել է թե՝ մեր երկրում քիչ չեն բարի մարդիկ, որոնք ընդունակ են կարեկցելու, ձեռք մեկնելու կարիքավորին: Աստված նրանց մեկը հազար անի: