Ռուսաստանում՝ ինչպես միշտ

Ռուսաստանում՝ ինչպես միշտ
Երեկ Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում հերթական ահաբեկչական գործողությունն է իրականացվել: Ինչպես միշտ՝ կասկածյալները Հյուսիսային Կովկասի անջատականներն են, ահաբեկչությունն իրականացրել է մահապարտը, 30-ից ավելի մարդ զոհվել է, հարյուրից ավելին՝ վիրավորվել, երկրի նախագահը հանձնարարել է գտնել կազմակերպիչներին եւ պատժել: Ինչպես միշտ՝ դեռ ոչ ոք չի ձերբակալվել, եթե ձերբակալվի էլ, հազիվ թե դրանից հետագա ահաբեկչությունները կանխվեն: Առնվազն 10 տարի Ռուսաստանում անջատականները ահաբեկչական գործողություններ են ծրագրում եւ իրականացնում, իրավապահ համակարգն էլ իբր դրանք բացահայտելու եւ կանխելու ուղղությամբ է աշխատում: Բայց ամեն անգամ նոր ահաբեկչությունը կատարվում է ավելի մեծ ապահովություն եւ հսկողություն ունեցող վայրում: Երեկվա ահաբեկչությունը կատարվել է օդանավակայանում, ընդ որում՝ շինության ներսում, ուղեւորների ժամանման սրահում: Մի՞թե այդքան ահաբեկչություններ ու զոհեր տեսած երկրում պետք է օդանավակայանում պայթյուն որոտար, որպեսզի գիտակցեին գոնե շենքերի ներսում անվտանգության համակարգեր տեղադրելու անհրաժեշտությունը: Ինչպե՞ս կարող էր մահապարտը խաղաղ, ճեմելով 7 կգ տրոտիլ մտցնել ամենամեծ վերահսկողություն ունեցող օդանավակայանի տարածք:    Ռուսական անտերունչ ու բարձիթողի իրականության մի արտահայտություն էլ եղել է այն, որ ահաբեկչությունը կատարվելուց, մարդկանց դիակները փոխադրելուց, մի քանի սրահների ու հազարավոր անձանց` սպիտակ փոշու ամպի մեջ հայտնվելուց հետո էլ օդանավակայանի ղեկավարությունը չի բարեհաճել գոնե հայտարարել, որ ահաբեկչություն է կատարվել, եւ մարդկանց էվակուացնել: Ռուս մի գրող է մեկ-երկու դար առաջ ասել, թե Ռուսաստանի դժբախտությունը ճանապարհներն ու հիմարներն են: