Ինչու էր եկել Սահակաշվիլին
«Կարծում եմ, տնտեսական հարցերի շրջանակներում քննարկված կլինի նաեւ վրացական համարներով Հայաստանում շրջող մեքենաների հարցը, որովհետեւ դա վերջիվերջո կարող է վերածվել քաղաքական խնդրի, քանի որ Հայաստանում գործող կանոնները հակասում են նաեւ միջազգային պայմանավորվածություններին»,- մեզ հետ զրույցում Սահակաշվիլու այցի առթիվ տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: «Մեկ գիշերվա մեջ Հայաստանում մեծ քանակությամբ մեքենաներ տարվեցին տուգանային հրապարակ: Կարծում եմ՝ այդ ամեն ինչը ինքնագործունեության արդյունք էր, որի հիմնական նպատակը բյուջե գումար բերելն էր: Այդ մարդիկ մաքսազերծել էին մեքենաները Վրաստանում, որտեղ շատ ավելի էժան է մաքսազերծումը:
Հայաստանի իշխանությունները տարվա վերջին ունեցան լուրջ պրոբլեմներ բյուջեի գումարների հետ ու շանտաժի միջոցով էդ մարդկանցից գումարներ պոկեցին՝ պարտադրելով մեքենան Վրաստանում մաքսազերծելու փոխարեն մաքսազերծել Հայաստանում, մի քանի անգամ թանկ գներով: Սա կարող է լինել հարցերից մեկը»: ՀԱԿ ներկայացուցչի խոսքերով՝ Սահակաշվիլին ամեն ինչ անում է, որ իր երկիրը նպաստավոր լինի ներդրումների համար, ու Վրաստանի վարած ազատական տնտեսական քաղաքականությունն ազդում է հայկական կապիտալի վրա, որը կարող է գնալ այնտեղ.
«Գնալը կապ ունի եւ տնտեսական քաղաքականության հետ, եւ քաղաքական պայմանների, որովհետեւ Վրաստանում կապիտալն ավելի պաշտպանված է, քան Հայաստանում: Էնտեղ, համենայնդեպս, օտարերկրյա կապիտալի նկատմամբ ոտնձգություններ չկա: Իսկ Հայաստանում՝ հակառակը. տեղական, ինչպես նաեւ օտարերկրյա կապիտալի նկատմամբ ոտնձգություններ միշտ կան, եւ դա պայմանավորված է իշխանավորի կամայականությամբ: Վրաստանում դա չկա: Կարծում եմ, դա էլ կարող էր քննարկման առարկա դառնալ, որ տնտեսվարող սուբյեկտները նույն ռեժիմում աշխատեն ու հակասության մեջ չմտնեն»:
Հաջորդ հարցը, ըստ Վահագն Խաչատրյանի, Ջավախքի խնդիրն է եղել: «Ես կարծում եմ՝ նաեւ վրաց-ռուսական կամ հայ-ռուսական հարաբերությունների մասին է խոսք գնացել»: «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ոչ միայն վրացական պատվիրակության հետ հանդիպելու հնարավորություն չի ունեցել, այլեւ չի ցանկացել հանդիպել: «Որովհետեւ վերջերս ինձ այդ պետություն արգելում են մտնել»,- մեզ հետ զրույցում հայտարարեց ջավախահայերի իրավունքների ներկայացուցիչը՝ շարունակելով. «Ես խնդրել էի մեր իշխանություններին հանդիպման ընթացքում արծարծել նաեւ իմ՝ հայրենիք վերադարձի հարցը»:
Մեր հարցին, թե հայրենիք է համարում Վրաստա՞նը, ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց. «Ես հայրենիք եմ համարում Ջավախքը»: Շիրակ Թորոսյանը դիմելու է ՀՀ ԱԳՆ՝ փորձելով տեղեկանալ, թե հայ-վրացական հանդիպումների ընթացքում ինչ հարցեր են քննարկվել ու ինչ լուծումներ են որոշվել ջավախահայության խնդիրների հետ կապված. «Ջավախահայության խորհուրդը տարածել է հայտարարություն, ըստ որի, մենք ակնկալում ենք, որ ջավախահայության խնդիրները լսելի կլինեն եւ կստանան իրենց լուծումը»:
Թե ինչ մեսիջներ էր բերել Հայաստան Վրաստանի նախագահը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասաց հետեւյալը. «Զուտ մեսիջների մակարդակով, կարծում եմ, Վրաստանն ունի անհանգստություն հայ-ռուսական հարաբերությունների զարգացման իմաստով, քանի որ ունեն բավական լարված հարաբերություններ Ռուսաստանի հետ: Կարծում եմ, Սահակաշվիլին կուզենար հայկական կողմից երաշխիքներ, որ այդ հարաբերություններն ուղղված չեն լինի Վրաստանի դեմ: Կարծում եմ, դա կստանա, ու դա դրական եմ համարում: Մեր մասով, մեր խնդիրները, հիմնականում վրացահայության հետ կապված, չեն լուծվել: Չգիտեմ ինչ սպասելիքներ կային հայկական կողմից»:
Հայկական կապիտալի արտահոսքը Վրաստան քաղաքագետը «ողբերգական» է գնահատում: «Ես համարում եմ, որ հայկական կապիտալի արտագաղթը Վրաստան արդյունք է խայտառակ տնտեսական քաղաքականության, որ իրականացվում է Հայաստանում: Այն հարկային ճնշումները, վարչական աշխատանքը, որ իրականացվում է հայկական բիզնես միջավայրում, ուղղակի խայտառակություն է: Աննախադեպ խայտառակություն է, որի արդյունքում հայկական կապիտալն արտագաղթում է Հայաստանից, ոչ միայն կապիտալն է արտագաղթում, այլեւ մարդիկ են արտագաղթում: Այս խնդիրը պետք է լուծել Հայաստանում»,- ընդգծեց քաղաքագետը:
Կարծիքներ