Քաղաքապետը դեմ է գնում ՀՀԿ ծրագրին
Ընդհանրապես, նայեք երկրի կողմից վարվող առեւտրային քաղաքականությանը, տեսեք, թե ինչ է կատարվում: Մենք չունենք կոնցեպտ նույն սուպերմարկետների զարգացման տեսակետից: Նրանք տարերայնորեն եւ անբռնազբոսիկ կերպով առաջ են գնում: Ինչո՞ւ պետք է էսօր 15 (ամենամեղմ թիվն եմ ասում) առեւտրային փոքր օբյեկտներ փակվեն, թե ինչ է՝ մի սուպերմարկետ բացեն տեղում: Դրանով ինչի՞ ենք գնում: Առեւտրային քաղաքականություն չկա այսօր, ամեն ինչ թողնվել է բացիթողի վիճակում: Եվ հետեւանքը լինում է այն, որ ոչ միայն այս փոքրաքանակ առեւտրական մարդիկ են զրկվելու էդ հնարավորությունից, այլեւ հետագայում շատ ավելի մեծ վնասներ են պատճառվելու Երեւանի զարգացմանը: Այս պայմաններում դա ուղղակի անթույլատրելի է:
Ի դեպ, ուշագրավ է այն, որ եթե նայեք՝ Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության, որն ըստ էության 51 տոկոս է հավաքել, նախընտրական ծրագրում այսպիսի կտրուկ քայլ չեք գտնի: Պետք է մեր հայտարարած խոսքերի եւ գործողությունների տերը լինենք: նույն առեւտրի վերաբերյալ կան պարտավորություններ, որոնց պետք է լուրջ վերաբերվել, մասնավորապես, նշված է, որ վերոնշյալ խնդրի կանոնակարգումը պետք է զուգակցվի համարժեք աշխատատեղերի ապահովմամբ:
Չպետք է նաեւ ծայրահեղությունների մեջ ընկնել, կան նաեւ անբարեխիղճ առեւտրականներ, որոնք փորձում են այս պահից օգտվել եւ իրենց պահանջները ձեւակերպել: Բայց ընդհանուր ասպեկտով՝ քայլը (ինչքան էլ ես դրական եւ բարձր եմ գնահատում Կարեն Կարապետյանի կառավարչական ունակությունները, մասնագիտական կարողությունները) շատ լուրջ հարված է ոչ միայն Հանրապետական կուսակցությանը, այլեւ մայրաքաղաքային տնտեսության զարգացման քաղաքականությանը: Ցավոք, մեր հասարակության մեջ սոցիալական դժվարությունները հաճախ չեն հանգեցնում բուռն հակազդեցության: Կուզենայի, որ սոցիալական ընդվզումը վերածվեր միասնական համախմբված պայքարի ալիքի, ոչ թե հեղափոխական ուղղությամբ, այլ՝ պահանջատիրական:
Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆ
ՀՅԴ պատգամավոր, տնտեսագետ
Կարծիքներ