Խաչ հանելու ժամանակը

Խաչ հանելու ժամանակը
Վերլուծել Տիգրան Կարապետյանի գործողությունները՝ ես չեմ պատրաստվում: Իշխանամետ լրատվամիջոցների տեսակետը, թե պատկառելի տարիքի այդ մարդը փողոց է նետվել ԱԼՄ-ն փակելու եւ իրեն եթերից զրկելու պատճառով, արդեն իսկ վկայում է, որ այստեղ վերլուծելու ոչինչ չկա: Ավելի ճիշտ` վերլուծության է արժանի ոչ թե Տիգրան Կարապետյանի, այլ իշխանության քայլը. որ, անշուշտ, նպատակներ է հետապնդում, ընդ որում՝ ոչ թե մեկ-երկուսը, այլ մի քանիսը միանգամից:



Իշխանամետ լրատվամիջոցներն առայժմ քմծիծաղով են խոսում այն մասին, թե սխալ են այն վերլուծաբանները, ովքեր Կարապետիչի շարժիչ ուժ են համարում երկրի իշխանություններին: Նրանց այս «հեղինակավոր» կարծիքը ջարդուփշուր է լինում Կարապետյան-ՀԱԿ առաջին իսկ փոխհրաձգության դեպքում, որից պարզվում է, որ Հայաստանում կա բողոքավոր ժողովրդի միանգամայն հակառակ, գրեթե իրար կոկորդ կրծելու պատրաստ երկու բեւեռ:



Նկատենք, սակայն, որ Կարապետիչի հռչակած արդարության պայքարը առանձնապես հակասություններ չունի Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարի հետ, եւ տարբերությունն էլ այն է, որ Կարապետիչն առայժմ «ավազակապետություն» բառը չի գործածում եւ, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, սեփական կարծիքը համոզիչ դարձնելու համար՝ գոնե իր փողկապի լայնությամբ խաչ է հանում: Երեւացող «հակասություններն» առայժմ սրանք են:



Իսկ կա՞ն չերեւացողները: Կան, անշուշտ, եւ դրանք գալիս են «անհիշելի» ժամանակներից: Օրինակ` լսե՞լ է մեկը, որ Կարապետիչը պաշտպանի Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը Արցախի խնդրի կարգավորման հարցում: Կարո՞ղ է մեկը վկայել, որ, Լեւոն Տեր-Պետրոսյանի հանգույն, Կարապետիչն այն ժամանակ ՀՀ նախագահին «բզում էր» գնալ Թուրքիա, ստորագրել եւ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները: Այդ հիմա են լեւոնական համակարգողներն իրենց ճղում, թե՝ մենք դեմ ենք եղել այս արձանագրություններին, հայտարարություններ ենք արել, երեք կետից բաղկացած թուղթ ենք գրել եւ նշել, թե արձանագրությունների որ կետերի հետ համաձայն չենք:



Այն օրերին Կարապետիչն իր տեղում էր: Նա «կայարանցի տղու» պես կանգնած` «ոչ» էր ասում Արցախի եւ հայ-թուրքական հաշտեցման հարցերում զիջումներին: Եվ էլի մի հանգամանք, որ ընդգծում է Կարապետիչի հակա-ՀԱԿ դիրքորոշումը` ե՞րբ է Տիգրան Կարապետիչը ԱԼՄ-ով հայտարարել, որ երկրի տնտեսական բարեփոխման հարցերում կանգնած է ՀԱԿ նշանավոր տնտեսագետ, ամեն լավ բան հարյուր քայլ հեռավորությունից տեսնող Հրանտ Բագրատյանի կողքին: Հակառակը` միշտ ձեռք է առել երբեմնի վարչապետին:



Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ ՀՀ իշխանությունները տեղից շարժեցին Կարապետիչին: Կարապետիչն անձամբ, ԱԼՄ-ն փակելու որոշման առաջին օրերին պնդում էր, որ իր համար հեռուստաընկերությունից առավել կարեւորը արդարության ոտնահարման դեմ պայքարելն է: Իշխանությունները, սակայն, շատ արագ սրբագրեցին նրա այդ կարծիքը: ԱԼՄ զանգահարող հեռուստադիտողների հարցադրումներից մի կարճ ժամանակահատվածում «պարզ դարձավ», որ հենց ԱԼՄ-ն փակելու որոշումն առիթ դարձավ, որպեսզի սկսվի այս շարժումը եւ վերաճի համաժողովրդական շարժման:



Ուշադրություն դարձրեք, խնդրեմ, բառին` համաժողովրդական: Կարո՞ղ է մեկն ինձ բացատրել, թե ինչ են նշանակում 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում ապրող 2 միլիոն մարդկանց` գրեթե միեւնույն խնդիրներով երկու տարբեր համաժողովրդական շարժումները: Եվ առհասարակ, եթե շարժումը համաժողովրդական է, ինչպե՞ս է այն ճյուղավորվում լեւոնական-համաժողովրդականի եւ կարապետիչական-համաժողովրդականի: Էլ չենք խոսում սրա կողքին առկա ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, ՕԵԿ-ական կուսակցական զորակոչերի, սրանց միացած ՍԻՄ-ական որոտընդոստ հայտարարությունների մասին, թե իրենք այնքան հետեւորդ ունեն, որ ապագա խորհրդարանում հայտնվելը խնդիր չէ այլեւս:



Առայժմ դժվար է Հայաստանի ներքաղաքական դաշտին որեւէ անուն տալը: Մեզ մոտ, որպես այդպիսիք, քաղաքական գործընթացներ դեռեւս չկան: Եղավ մի պահ, որ հիմնական խաղացողներից ոմանք սկսեցին թվերի լեզվով արտահայտել իրենց ցանկությունները, բայց ՀՀ նախագահը ՀՀԿ 20-ամյակի առիթով իր ելույթում լռեցրեց նրանց: Նրա ելույթից հետո ՀՀԿ-ն կարծես փորձ արեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, բայց նրանց տեսաբանների այս օրերի ելույթները շատ հեռու են քաղաքական որեւէ բան նշանակելու հավակնությունից, որովհետեւ ամեն նոր ՀՀԿ-ական պաշտոնյայի «թռչելն» ասում է, որ մենք աբսուրդի թատրոնի հանդիսատես ենք ընդամենը: Կարիք կա՞ այսքանից հետո խոսել «քաղաքական կոալիցիա» երեւույթի մասին, գլուխ կոտրել կոալիցիոն կառավարության ձեռնարկած քայլերի վրա: Անիմաստ է:



Արդյունքում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի աչքը լույս, մոտենում է մարտի 1-ը, գարուն է գալիս, բացվում է հանրահավաքների սեզոնը: Ինչպե՞ս դիմակայել, չէ՞ որ առջեւում նախընտրական տարի է: Լուծումը, ավելի ճիշտ` հարցի լուծման առաջին քայլը մենք արդեն տեսանք: Կարապետիչին հանել հրապարակ: Ինչո՞ւ Կարապետիչին, կհարցնեն ոմանք: Բա էլ ո՞ւմ: Կա՞ մեկ ուրիշ թեկնածու այս գործի` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւից գնացող մարդկանց լյումպեն հատվածն անջատելու համար: Եվ ինչո՞ւ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւից գնացողների: ԲՀԿ-ն այս թեմայով խորհելու բան չունի՞: Կարծում ենք` ունի:



Դիմում եմ շատ խորը մտածող իշխանական լրատվամիջոցներին` տեսնո՞ւմ եք, թե ինչ մասշտաբի գործիչ է Կարապետիչը…



Հիմա խաչ հանեք բոլորդ: Ամեն դեպքում` վնաս չէ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ