Պրիմիտիվ ու ստրկամիտ

Պրիմիտիվ ու ստրկամիտ
Չեմ դադարում զարմանալ երկրիս թիվ մեկ լրատվականի՝ «Հայլուրի» գործելաոճի վրա: Ընդհանրապես՝ այս ծրագիրն ու Ալիկ Հարությունյանը կարող են լրատվություն հաղորդելու նոր սկզբունքի հեղինակային իրավունք գրանցել Գինեսի գրքում: Նման վերաբերմունք երկրում կատարվող իրադարձությունների լուսաբանմանը, կարծում եմ՝ որեւէ այլ երկրում հնարավոր չէ գտնել: Ցանկացած դեպք, իրադարձություն, բողոքի ակցիա լուսաբանելիս աշխարհին, իրադարձություններին նայել իշխանությունների աչքով: Ներկայացնել իշխանական վարքն արդարացնող, փաստերը մեղմող տոներով: Անշուշտ, դա վատ չէր լինի, եթե բողոքողների կարծիքն ու տեսակետն էլ հնչեցնեին: Ասենք՝ ռեպորտաժի հիմնական մասը լիներ կառավարության շենքի մոտ երեկ հավաքված մարդկանց խնդիրը, եւ միայն մի փոքր մասով խոսեին պատասխանատուները, որոնք թոզ փչեին դժգոհ մարդկանց աչքերին: Երբ հետեւում ես այս լրատվական ծրագրի նյութերին, ապշում ես սրանք ընտրողների ծառայամտության, ստրկամտության վրա: Ասենք, «Հայլուրն» ինչո՞ւ պետք է անդրադառնա ամերիկյան լրաշարերից վերցված մի նյութի, որտեղ գլխավոր միտքն այն է, որ «Ֆեյսբուքը» ամուսնալուծությունների պատճառ է դարձել: Այս տեղեկատվությունը լսողը կկարծի, թե երկրիս արեւմտյան կիսագնդում երեկ կատարվող ամենակարեւոր իրադարձությունն այդ անհեթեթ լուրն է: Իրականում իմաստն ավելի ու ավելի շատ մարդկանց գրավող այդ սոցիալական ցանցից մարդկանց խրտնեցնելն է: Ցանց, որտեղ կամաց-կամաց հավաքվում է երկրիս մտավորականությունը, որտեղ ազատ զրուցում են, քննադատում իշխանություններին, եւ «Ֆեյսբուքն» աստիճանաբար փոխարինում է հարթակին ու հրապարակներին: Հ1-ում նստած մի պրիմիտիվի կարծիքով, այս տեղեկատվությամբ մարդկանց հետ կպահեն ըմբոստությունից, իսկ իշխանություններին՝ հեղափոխությունից: