Վենետիկի հանձնաժողովը «քլնգել է» կառավարության հեղինակած օրինագիծը

Վենետիկի հանձնաժողովը «քլնգել է» կառավարության հեղինակած օրինագիծը
ԵԽ Վենետիկի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին», ինչպես նաեւ այլ օրենքներում փոփոխություններ առաջարկող փաթեթին: Հանձնաժողովի 25 էջանոց եզրակացության մեջ ԵԽ եւ ԵԱՀԿ փորձագետները նշել են. «Վերոնշյալ բարեփոխումներն առաջ են քաշում բազում հարցեր մտքի, խղճի եւ կրոնի ազատության կապակցված իրավունքների, ինչպես նաեւ  կարծիքի եւ արտահայտման իրավունքի եւ միավորման ազատության եւ ոչ խտրական դրսեւորման իրավունքի վերաբերյալ, որոնք պաշտպանված են հայկական Սահմանադրությամբ, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերում, որոնցով պարտավորված է Հայաստանի Հանրապետությունը»:



Վենետիկի հանձնաժողովը նաեւ տարակուսանք է հայտնել, որ ՀՀ կառավարությունը սույն օրինագծում հաշվի չի առել 2009-ին ԵԽ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ու դիտարկումները համանման օրինագծի կապակցությամբ: Այն ժամանակ եւս Վենետիկը բացասական գնահատական էր տվել պատգամավորների օրինագծին: Կառավարության օրինագծով «հոգեորսություն» է համարվում «անհատի կրոնական համոզմունքները փոխելուն միտված ուղղակի կամ անուղղակի քարոզչության փորձը, որով… չարաշահվում է անհատի փորձառության պակասը» եւ դրա համար քրօրում առաջարկվում է 162-ի 1 հոդված մտցնել, որով հոգեորսության համար սահմանվում է քրեական պատիժ՝ կես մլն-ից մինչեւ 1 մլն դրամի չափով տուգանք կամ մինչեւ 3 ամիս կալանք, կամ էլ մինչեւ 3 տարի ժամկետով մասնագիտական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում: