Հայաստանում սոցիալական բունտ է հասունանում

Հայաստանում սոցիալական բունտ է հասունանում
Երեկ կառավարության շենքի մոտ էին հավաքվել Երեւանի տոնավաճառների, մասնավորապես «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները եւ բողոքի ակցիա էին անում: Բողոքը ոչ թե տաղավարների ապամոնտաժումից էր, այլ մաքսատուրքի ավելացման դեմ: Ըստ ցուցարարների, սահմանային մաքսակետերում ապրանքների մաքսատուրքը  1 կգ-ի դիմաց նախկին 3,5-3,8 դոլարի փոխարեն սահմանվել է 8 դոլար: Ցուցարարները «Մալաթիա» տոնավաճառից ոտքով եկել էին կառավարության շենքի մոտ եւ հանդիպում էին պահանջում վարչապետի հետ:



«Մենք ուզում ենք, որ վարչապետը դուրս գա, միկրոֆոնով ինչ-որ բաներ ասի ի շահ մեզ, փոփոխություններ անի, նոր մենք կհեռանանք ու կսկսենք աշխատել: Մենք պատրաստ ենք 5, 10 օր, մի ամիս չաշխատել: Մենք ամեն քայլի գնալու ենք: Մենք չենք ասում՝ Սերժը հրաժարական տա, այլ ասում ենք՝ թող տեր կանգնի իր ժողովրդին: Մենք ուզում ենք մեր ձեռքով ընտրված կառավարությունից ետ վերադարձնել մեր երեխաների ցամաք հացի փողը»,-բողոքում էին հավաքվածները: Առեւտրականները պնդում էին, որ այս թանկացումները հանգեցնելու են ապրանքների գնի կրկնակի թանկացման, ինչի հետեւանքով էլ իրենց գործը կկանգնի:



«Մենք շատ բան չենք ուզում, ընդամենը՝ որ նորմալացնեն քաշերի պահը, գինը իջեցնեն եւ օր օրի ապրանքները չթանկացնեն: Հավատացեք, մենք հազիվ գոյատեւում ենք: Մենք ոչ կարողանում ենք տեղի փող մուծենք, ոչ էլ կարողանում ենք ընտանիք պահենք: Բոլորս մի քանի բանկից վարկեր ենք վերցրել ու հիմա ճռռում ենք էդ վարկերի տակ: Ինչքա՞ն կարելի ա էս վիճակով ապրել»,-զայրացած գոռում էր «Մալաթիա» տոնավաճառի վաճառողուհի Հասմիկը: Հավաքվածները համոզված էին, որ այս ամենը հանգեցնելու է սոցիալական մեծ բունտի, քանի որ բոլորի համբերության բաժակը լցվել է. «Էսպես եք անում, որ ժողովուրդը ընդդիմություն է դառնում», «Գնալու ենք միանանք Տիգրան Կարապետյանին»,- հայտարարում էին հավաքվածները:



Ցուցարարները վճռական էին տրամադրված եւ պատրաստ էին անգամ նստացույց անել, եթե կառավարությունից իրենց սպառիչ պատասխան չտան: Ցուցարարներից մի քանիսին ընդունեց կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Գեւորգյանը եւ, լսելով նրանց դժգոհությունները, պատճառաբանեց, որ մաքսատուրքերն ավելացրել են բեռնափոխադրող ընկերությունները, եւ հիմա կառավարությունը պարզում է այդ թանկացման պատճառները։ Որից հետո ցուցարարներին խոստացան մինչեւ աշխատանքային օրվա վերջը՝ ժամը 17-ը, սպառիչ պատասխան տալ: Ի դեպ, երեկ կառավարության շենքի մոտ ցուցարարներից շատ ոստիկան էր հավաքվել:



Նրանք պատ էին կազմել եւ թույլ չէին տալիս ցուցարարներին մոտենալ կառավարության շենքին: ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը հավաքված քաղաքացիներին խորհուրդներ էր տալիս եւ քաղաքական ելույթ ունենում. «Դուք ձեր մի փոքր խնդիրը քաղաքականացնում եք: Սադրանքների մի ենթարկվեք: Ես ձեզ պարզ բացատրեմ իրավիճակը. էստեղ ուժեր, մարդիկ կան, ովքեր ձեր այս վիճակն ուզում են քաղաքականացնել: Եթե ձեր խնդիրը ուրիշ է, ապա քաղաքականությամբ մի զբաղվեք»: Ոստիկանների աշխատանքը համակարգում էր Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, նույն ինքը՝ Բազազը:



Նա բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին, ով բողոքում էր մաքսատուրքի ավելացման դեմ, մի կողմ տարավ, եւ հետո պարզվեց, որ վերցրել է այդ քաղաքացու պատերազմի վետերանի վկայականը, ինչն ավելի բորբոքեց ցուցարարների վրդովմունքը: Հետո աստիճանաբար կրքերը հանդարտվեցին, ակցիայի մասնակիցներից շատերը հեռացան: Միայն մի մասը համբերատար սպասում էր ժամը 17-ին կառավարության պատասխանին: Նշված ժամին կառավարության երկու աշխատակից ակցիայի մասնակիցներին փոխանցեցին, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասել է, թե վարչապետը տրանսպորտի նախարարին հրահանգել է պարզել բեռնափոխադրումների հետ կապված հարցերը: Ակցիայի մասնակիցներն ասացին, որ հաջորդ օրը հավաքվելու են տրանսպորտի նախարարության առջեւ եւ սպասելու են նրանց պատասխանին: «Տեսնենք նրա՛նք ինչ են ասելու»,-ասացին հավաքվածներն ու ցրվեցին: