Պատգամավորական գործը բարձր որակներ է պահանջում

Պատգամավորական գործը բարձր որակներ է պահանջում
Պատգամավորական գործունեությունը հասարակական հիմունքներով իրականացնելու Բելառուսի խորհրդարանի անդամների նախաձեռնությունը մտածելու տեղիք է տալիս, դրդում համեմատության եզրեր գտնել։ Կարծում եմ՝ հավելյալ հիմնավորման կարիք չունի այն փաստարկը, թե որքան առանցքային է ու առհասարակ բացառիկ խորհրդարանի դերը որեւէ երկրում իշխանության ճյուղերի տարանջատման, երկրի գործունեության եւ իրավական դաշտի ապահովման  համար։ Իհարկե, սա քաղաքագիտական  տեսության ժանրից է։



Անկողմնակալ հայացք նետելով մեր խորհրդարանին, դժվար թե կարողանամ պաշտպանել այս դասագրքային ճշմարտությունը։  Խորհրդարանական երեքուկես տարիների փորձառությունս ուրիշ պատկեր է երեւակում։ Իմ «գործընկերներից» ոմանց ոչ միայն անունով չգիտեմ, այլեւ՝ դեմքով (էլ ժողովրդի մասին չեմ խոսում)։  Եվ պատճառն այն է, որ պատգամավորական մանդատը պարբերաբար եւ տարիներ շարունակ «յուրացնողներից» շատերը ոչ միայն երբեւէ չեն հայտնվել  հանրապետության գլխավոր քաղաքական ամբիոնի մոտ, այլեւ «այդ կողմերում»՝ առհասարակ։



Ով չգիտե, որ մեծամասնության համար խորհրդարանը քաղաքական տանիք է, ոչ թե ամբիոն,  սեփական բիզնեսն ու անձը ապահով պահելու միջոց։ Ավաղ, մեր քաղաքական մշակույթն ու դրա որակներն այլասերել են ու խեղել խորհրդարանի ու խորհրդարանականի վարկը, առաքելությունը։ Արդյունքը՝ վարկաբեկված քաղաքական ինստիտուտը։ Երբեմն զարմանում եմ, թե ինչ բարոյականությամբ են որոշները ԱԺ-ից աշխատավարձ ստանում։



Բայց խնդրի լուծումը հասարակական հիմունքներին անցնելը չէ։ Պատգամավորական գործը մասնագիտական եւ արհեստավարժ անհատներ, քաղաքացիական ու մարդկային բարձր որակներ է պահանջում,  նաեւ՝ արժանապատիվ վարձատրություն։ Ավելի ճիշտ կլինի քաղաքական մշակույթի ու կամքի այնպիսի որակներ  ու արժեքներ ձեւավորենք, որ օլիգարխներն ու  իշխանության մարիոնետ- սպասավորները  չհայտնվեն խորհրդարանում։



Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ

ԱԺ ՀՅԴ պատգամավոր