Շոտլանդական հագիսի կենացը

Շոտլանդական հագիսի կենացը
Ճաշկերույթներում կենացները պարտադիր արարողություն են: Հազվադեպ հնչում են իմաստալից կենացներ, սովորաբար` բարեմաղթություններ, հաճախ` դատարկախոսություններ: Եվ ամեն դեպքում կենացներն այն չեն, ինչ կմտապահես որեւէ երեկույթից: Սակայն անցյալ շաբաթավերջին «Մարիոթ» հյուրանոցում կայացած «Բըրնսի ընթրիքից» մի կենաց, գոնե ինձ համար արտառոց լինելու պատճառով, հիշեցի առհավետ` «Toast for haggis» (հագիսի կենացը): Կյանքում առաջին անգամ էի ականատես լինում ուտեստի համար կենաց բարձրացնելուն:



Հագիսը Շոտլանդիայի ազգային այցեքարտի վերածված ուտեստ է, որ պատրաստվում է մսից, փորոտիքներից, համեմունքներից: Այդ ուտեստը որքան երկրպագուներ ունի Շոտլանդիայի սահմաններից դուրս՝ դժվար է կռահել, բայց այն միանգամայն հանրահայտ է Շոտլանդիայից շատ հեռու: Բավական է եւ այն, որ ՄԹ դեսպանատները աշխարհի բազմաթիվ երկրներում հունվարի վերջին կազմակերպում են «Բըրնսի ընթրիք» կոչվող երեկույթներ:



Երեկույթները ոգեկոչում են շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսի հիշատակը, հնչում է պարկապզուկի երաժշտություն, թատերականացված մատուցմամբ արտասանվում են Բըրնսի բանաստեղծություններից, ամենքը փոքր-ինչ պարում են շոտլանդական պարեր, հնչում են ՄԹ դեսպանի եւ այլ ելույթներ եւ, ամենաէականը` մատուցվում է շոտլանդական ազգային ուտեստը` հագիսը:



Հայաստանում արդեն գրեթե մեկեւկես տասնամյակի պատմություն ունեցող ավանդությամբ հագիսը չի պատրաստվում տեղում, այլ ինքնաթիռով բերվում է Շոտլանդիայից` այն պատրաստող խոհարարի եւ պարկապզուկահարի ուղեկցությամբ եւ հանդիսավոր հանձնվում է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին: Այս տարի հագիսի հանձնման հանդիսավոր արարողությունը կազմակերպվել էր Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում:



Նորին մեծության դեսպանին` պարոն Չարլզ Լոնսդեյլին, խոհարարի կողմից պարկապզուկի հնչյունների ներքո հանդիսավորապես հագիսը հանձնելուց հետո նաեւ միջոցառման գեղարվեստական հայտագիր ներկայացվեց: «Բամբիռ» ռոք-համույթը ներկայացրեց Հովհ. Թումանյանի եւ Ռոբերտ Բըրնսի ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր` վերջերս լույս ընծայած իրենց ձայնասկավառակից:



Իսկ հայ-շոտլանդական երկխոսության, գուցե բարեկամության յուրահատուկ խորհրդանիշ դարձած հագիսը կտրվեց «Մարիոթ» հյուրանոցում հունվարի 22-ին կայացած «Բըրնսի ընթրիքի» ժամանակ` հագիսի կենացը խմելուց հետո: Ի դեպ, հագիսի համար կենաց բարձրացնողների թվում էին Հայաստանում ԱՄՆ դեսպանը, Գերմանիայի դեսպանը, Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցները, քաղաքական շրջանակներից` Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյանները, իշխանություններից՝ ԱԳ փոխնախարարը եւ այլն: Բայց «Բըրնսի ընթրիքի» յուրահատկությունն այն է, որ դա բարեսիրական երեկույթ է, եւ մասնակիցները նվիրաբերում են գումար Հայաստանում բարեսիրական ծրագրեր իրականացնելու համար:



Քանի որ երեկույթի բոլոր սեղանների պատվիրատուները եւ մասնակիցները հայտնի են նախապես եւ ճնշող մեծամասնությամբ բիզնես շրջանակներից են` HSBC բանկ, «Մարիոթ» հյուրանոց, bmi ավիաուղիներ, «Finca» ֆինանսավարկային կազմակերպություն եւ այլն, շոշափելի գումարի հանգանակումը երաշխավորված էր: Թե որոշակի որքան գումար հանգանակվեց այս տարվա «Բըրնսի ընթրիքում» եւ ինչ ծրագրերի կուղղվի, հայտնի կդառնա ավելի ուշ: Էականը, որ հայ-շոտլանդական բարեկամության առհավատչյան եւ ՄԹ դեսպանատան ամենագլամուրային երեկոն`«Բըրնսի ընթրիքը», տարեցտարի ամրապնդվում է իբրեւ ավանդույթ եւ նշվում ավելի մեծ շքեղությամբ: