Մենք ենք, մեր էլիտան

Մենք ենք, մեր էլիտան
Հավանաբար դարձյալ մոտ են այն ժամանակները, երբ Երեւանի վաճառակետերը սպառողին, իսկ մեր դեպքում` սովամահության դեմ պայքարողներին, պարզապես ուտելու բան էին առաջարկում` քարից կակուղ որեւէ բան: Օրինակ` պարսկական արտադրության պարաֆինապատ պեչենի, որ չոր սպիրտի նման այրվում էր ու կարելի էր գործածել նաեւ մի բաժակ ջուր տաքացնելու համար:



Այդ տխուր օրերի վերադարձի մասին են խոսում սննդամթերքի շուկայում հաճախացած «մախինացիաները», որոնք առայժմ դրսեւորվում են բոլորովին ուրիշ մի բան այլ բանի տեղ վաճառելու տեսքով: Շուտով սպառողների շահերի պաշտպանության տարատեսակ կազմակերպությունները ստիպված կլինեն պարտադրել, որ Գումի շուկայի եւ Երեւանի սուպերմարկետների մսի բաժիններում դրանց տերերը վահանակ տեղադրեն`«Հորս արեւ` տավարի միս» մակագրությամբ, որովհետեւ ահազանգեր կան, որ առանձին հայ ձեռներեցներ սկսել են տավարի մսի փոխարեն ձիու միս իրացնել: Դժվար չէ կռահել, թե ինչի միս են առաջարկելու մեր ձեռներեցները՝ ոչխարի եւ ճագարի մսի փոխարեն, եթե թանկությունը մի քիչ էլ նեղի, եւ սովը վերջնականապես թակի մեր երկրի դռները:



Իսկական սովն սկսվում է հացի թանկացմամբ: Հետո ի հայտ են գալիս հացի կտրոնները, գործի են դրվում դանակները, որոնց շեղբի տակ մատնաքաշը քառատվում է` «շնչին մի կտոր» սկզբունքով: Ճիշտ է, Հայաստանում սերունդ է մեծացել, որ այս բաները չի տեսել, բայց ժողովրդական իմաստնությունները հասարակության զարգացման օրինաչափություններով չէ, որ առաջ են գնում:



Եվ մեր նոր սերունդը, փառք Աստծո, իր ծնողներից արդեն սովորել է, որ հացի թանկացման առաջին նախանշանների դեպքում պետք է հաց չորացնել: Նախընտրելի է տանիքում կամ աչքից հեռու մի տեղ: Սուպերմարկետների հացի բաժիններում այսօր դեռեւս տիրող առատությանը չպետք է խաբվել: Ձվի պատմությունը՝ մեզ օրինակ. ձուն կար, իսկ Նոր տարվա նախաշեմին չկար: Նույն կերպ եւ հացը. այսօր արդեն թանկ, բայց կա, իսկ վաղը այդ թանկն էլ չի լինի կամ շատ քիչ կլինի: Հացի փռերն էլ շուտով ժողովրդից կպարսպապատվեն, ու նրանց մուտքերի մոտ ոստիկաններ կհայտնվեն:



Այս մռայլ մտքերը մեզ հանգիստ չեն տալիս այն պարզ պատճառով, որ այսօր Հայաստանում գոյություն չունի մի պաշտոնյա, որ կանգնի եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարի, թե՝ սիրելի ժողովուրդ, խուճապի եւ հաց չորացնելու պատճառ չկա, թե մեր երկիրը հացի այսքան ու այսքան պաշար ունի, թե մինչեւ այդ պաշարի սպառվելը մենք այս ու այս քայլերն ենք ձեռնարկել` պաշարը լրացնելու ուղղությամբ: Բոլորը հա մի գլուխ խոսում են գնաճի զսպման քայլերից, որոնց ժողովուրդն այլեւս չի հավատում:



Ժողովուրդը շատ լավ տեսնում է, որ ինչքան զսպում ենք այդ «գազանին», նա նույնքան անզուսպ է դառնում: Եվ առհասարակ, Հայաստանում հնարավոր չէ այլեւս որեւէ բան զսպել, որովհետեւ մեզ մոտ ոչ մի բան եւ նույնիսկ ոչ մեկը որեւէ օրինաչափության չի ենթարկվում, որովհետեւ մեզ մոտ ամեն ինչ կառուցված է տնտեսական կեղծիքի եւ մարդկային երկերեսանության վրա: Ընդ որում, եթե տնտեսական բնույթի կեղծիքները ջրի երես են ելնում պանրի թանկացման, ձվի անհետացման, հացի գնի բարձրացման, ձիու, շան, կատվի մսի իրացման եւ այլ տեսանելի ձեւերով, ապա մարդկային երկերեսանությունն ընդհանրապես չի սկում ջրի տակ ու միշտ մեր աչքի առջեւ է:



Դեռ երեկ, օրինակ, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն միկրոֆոնն իրար ձեռքից խլում էին, թե իրենցից ով է ավելի լավ պաշտպանում մանր ու միջին բիզնեսի շահերը: Այսօր, սակայն, երբ ՀՀԿ-ի նրանց ավագ գործընկերները հատկապես մանրերին են փողոց շպրտում, ձայն չեն հանում: Ավելին` «Բարգավաճ Հայաստան»-ից մի պրոֆեսոր հայտարարում է, որ կանաչի ծախողներին խեղդելու այս միջոցառման մեջ ինքն առաջընթաց է տեսնում: Նրան բացարձակապես չի հետաքրքրում, թե խեղդվելու մեջ ինչ է տեսնում կանաչի ծախողը: Շուտով այսպիսի նոր դրսեւորումների ականատես կլինենք, երբ սեզոնը բացվի ու շենքերի բակերում հայտնվեն իրենց անձնական ավտոմեքենաները գյուղմթերքներով ծանրաբեռնած մարդիկ:



Ասենք` մեր շենքի լավ բարեկամ Խաչիկը, ով տարին 10 ամիս մեզ ազատել է շուկայում առեւտուր անելու եւ խաբված տուն գալու հոգսից: Կոնկրետ մեր շենքի բնակչուհիները Խաչիկին բան ասողների գլուխը քարով կծակեն: Իսկ եթե բոլոր տնային տնտեսուհիներն այդպես վարվեն իրենց շենքերի Խաչիկներին բան ասողների հե՞տ: Ո՞ւմ  պետք է զսպեն այդ դեպքում:



Շատ չերկարացնենք, որովհետեւ գույները գնալով խտանում են: Մեր երկրում, ի դեպ, լուսավոր բաներ էլ կան, որոնց մասին կմոռանանք խոսել, եթե շարունակենք միայն ժողովրդի դարդով տապակվել: Մի՞թե ուրախալի չէ, որ, չնայած այս համատարած թշվառությանը, մեզ մոտ առաջավոր տեխնոլոգիաներին եւ օտարալեզու կրթությանը զուգահեռ, աննախադեպ զարգացում է արձանագրում գյուղատնտեսության մի այնպիսի ճյուղ, ինչպիսին ջայլամաբուծությունն է:



Աֆրիկյան այդ հեզաճկուն եւ գեղեցկատես թռչունները, որ սիրում են ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը կրկնօրինակել, ուղղակի երջանիկ են իրենց համախոհներին այստեղ գտնելու համար: Սակայն նրանց ուրախությանը զուգահեռ՝ շատ այլ կարեւոր հարցեր են լուծվում: Օրինակ` մեր էլիտայի սննդի, հագուկապի, զարդարանքի հարցերը: Ընդգծենք` ջայլամի մեկ ձուն փոխարինում է հավի 30 ձվին, մեկ ջայլամը տալիս է մոտավորապես 50-60 կգ միս, կաշին պիտանի է թանկարժեք պայուսակների ու դրամապանակների համար, իսկ փետուրն ու եղունգը` զարդերի: Եվ, ամենակարեւորը` այս ամենը թանկ է, հասարակ ժողովրդին անհասանելի: Ու նաեւ` ջայլամը հաց չէ, որ ոչ ոք չկարողանա հաշվել, թե որքան պաշարներ ունենք: Բավական է մեր էլիտան հաշվի իրեն եւ ջայլամի եղած-չեղածը արդարաբար բաժանի ստացված թվի վրա:



ՀԳ - Աշխարհի մի շարք ժողովուրդներ, օրինակ` ղրղզները, թունիսցիները եւ այլն, սարսափելի անհամբեր են: Մի բան չեղած` բունտ են անում, իրենց նախագահներին ու իշխանություններին փախուստի են մատնում: Մենք` հայերս, քաղաքակիրթ ժողովուրդ ենք: Այդպիսի բաներ մեզ թույլ չենք տվել եւ թույլ չենք տա: Մենք ձիու միս կուտենք, հաց կչորացնենք, պանրից կհրաժարվենք, հայրենիքի համար հոգի կտանք, միայն թե մեր էլիտան ջայլամի մսից կարոտ չմնա: Այսքանից հետո, հարգելի էլիտա, արժե՞ երկերեսանի լինել: «Օբիդնը, նու…»



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ