Արցախյան կադրային շարժեր` կառուցվածքային փոփոխություններով

Արցախյան կադրային շարժեր` կառուցվածքային փոփոխություններով
Արցախում Նոր տարին սկսվել է կադրային շարժերով ու կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխություններով։ Արցախի ղեկավարի հրամանագրով արդարադատության առաջին դասի խորհրդական Սերգեյ Ստեփանյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ: Մեկ այլ հրամանագրով Վարդան Բարսեղյանը ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից ազատվել եւ նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական:



Խորհրդականի պաշտոնն Արցախում յուրօրինակ նշանակություն ունի։ Հենց որ նոմենկլատուրային մի պաշտոնյայի համար չեն կարողանում հարմար հաստիք գտնել, խորհրդական են հարմար գտնում, ինչն ամենեւին չի նշանակում, թե վերջինս երբեւէ խորհուրդներ է տալու իր պետին։ Ասում են՝ նախագահի խորհրդականներից կարելի է առնվազն 2-3 ֆուտբոլային թիմ պատրաստել։



Վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ Քաջիկ Խաչատրյանն ազատվել է կառավարությանն առընթեր ջրային տնտեսության վարչության պետի պաշտոնից եւ նշանակվել ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար: Հունվարի 25-ին կայացած ԼՂՀ կառավարության 2011 թ. անդրանիկ նիստում հավանություն է տրվել ֆինանսների նախարարության աշխատակազմում, որպես առանձնացված ստորաբաժանում, ֆինանսական վերահսկողության տեսչություն ստեղծելու մասին որոշման նախագծին:



Փոխվարչապետի ասելով՝ դրանով կառավարման ձեւը համապատասխանեցվում է հայաստանյան մոդելին: Արցախի կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչությունը կվերակազմակերպվի նախարարության։ Միաժամանակ լուծարվելու է ջրային տնտեսության վարչությունը: Վերջինիս գործառույթները կհանձնվեն նորաստեղծ կազմավորմանն ու քաղաքաշինության նախարարությանը:



«Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում կատարված լրացման համաձայն, պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները կզորակոչվեն զինծառայության եւ նախնական զինվորական պատրաստության ծրագիրը յուրացնելուց հետո կհանձնեն ստուգարքներ, իսկ զինվորական երդումն ընդունելուց հետո կարձակվեն պահեստազոր: Նույն օրը Արցախի ղեկավար Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ եւ նրանց հանձնարարականներ տվել։



ԼՂՀ նախագահի լրատվական ծառայության տեղեկատվության համաձայն՝ Բ. Սահակյանը հատուկ ընդգծել է «իրավիճակը ներկայացնող տվյալների ճշգրտության աստիճանի բարձրացման եւ այս համատեքստում տարբեր կառույցների, մասնավորապես, Ազգային վիճակագրական ծառայության հետ շրջվարչակազմերի համագործակցության խորացման անհրաժեշտությունը»: Ասել է թե՝ հենց որ վիճակագրական ծառայության հետ շրջվարչակազմերի ղեկավարները համագործակցեն, դրանից Արցախի ագրարային տնտեսությունը զարգանալու է թվաբանական պրոգրեսիայով։



Բակո Սահակյանն օրերս ընդունել է Արցախում գտնվող ռուսաստանաբնակ հայ բարերար Էդգար Արամյանին, ով ծառայողական մեքենաներ էր նվիրաբերել ԼՂՀ պաշտպանության բանակին: Արցախի ղեկավարը հույս է հայտնել, որ համագործակցությունն այսուհետ էլ կշարունակվի՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ: Ակնարկը թափանցիկ է՝ ծառայողական մեքենաներ նվիրեք նաեւ այլ կառույցների։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ