Ովքեր են բարեկեցիկ ապրում

Ովքեր են բարեկեցիկ ապրում
Ամերիկայում հավատացյալներն ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում, քան անհավատները: Սա են ապացուցում  ուսումնասիրությունները: «Գելապ» վերլուծական կենտրոնը հարցումներ է անցկացրել 550 հազար ամերիկացիների մեջ վերջին մեկուկես տարվա ընթացքում: Պարզվել է, որ ավելի կրոնական մարդիկ առավել բավարարված են իրենց կյանքով: Հարցվողներին ամենից առաջ առաջարկվել է պատասխանել երկու հարցի` ի՞նչ կարեւորություն ունի հավատն իրենց կյանքում, եւ ի՞նչ հաճախականությամբ են նրանք եկեղեցի այցելում: Այս երկու հարցերի հիման վրա էլ բոլոր հարցվողները բաժանվել են երեք խմբի:



  • Խիստ կրոնական (կրոնն իրենց ամենօրյա կյանքի կարեւոր մասն է, նրանք ամեն շաբաթ կամ համարյա ամեն շաբաթ այցելում են եկեղեցի): Սրանք կազմում են Ամերիկայի բնակչության 43,7 տոկոսը:


  • Չափավոր կրոնական (բոլոր նրանք, ովքեր չեն մտնում ոչ խիստ կրոնական եւ ոչ անտարբերների մեջ): Սրանք կազմում են 26,6 տոկոսը:


  • Ոչ կրոնական (կրոնն իրենց ամենօրյա կյանքում կարեւոր դեր չունի, եկեղեցի չեն գնում կամ գնում են խիստ հազվադեպ): Սրանք կազմում են 29,7 տոկոսը:




Եվ այսպես. ուսումնասիրություններից պարզվել է, որ երկրորդ եւ երրորդ խմբերը գործնականում շատ մոտ են իրար բոլոր ցուցանիշներով, իսկ առաջին խումբը զգալիորեն տարբերվում է նրանցից դրական ուղղվածությամբ: Այսպիսի պատկեր է ստացվել. խիստ կրոնականները` 68,7 եւ ոչ կրոնական` 64,2: Հետաքրքիր է, որ սա գործնականում կախված չէ տարիքից, սեռից, ցեղից, ծագումից, բնակության վայրից, սոցիալ-տնտեսական եւ ընտանեկան պայմաններից, երեխաների առկայությունից կամ բացակայությունից:



Բավարարվածության ընդհանուր ինդեքսը ձեւավորվում է տարբեր ցուցանիշներից: Այսպես, կյանքից բավարարվածության ինդեքսը խիստ կրոնականների խմբում 6,4-ով բարձր է, քան ոչ կրոնականների մոտ, հուզական առողջության ինդեքսը` 4,3-ով, ֆիզիկական առողջության ինդեքսը` 1,4-ով, առողջ կենսաձեւի ինդեքսը` 8 տոկոսով եւ այլն: Եվ չմոռանանք. սա` Ամերիկայում: Հետաքրքիր է՝ ինչպիսին է իրավիճակը Հայաստանում: Ամենայն հավանականությամբ` նմանատիպ պատկեր է, քանի որ մարդկային բնույթը եւ հոգեկան պահանջմունքները մնում են նույնը բոլոր ազգերի մոտ:



Հովիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ