Հաղթանակը զինվորի գլխին են «փաթաթում»

Հաղթանակը զինվորի գլխին են «փաթաթում»
«Հեռուստաընկերություններում բանակային սերիալներ են ցույց տալիս, վարդագույն գույներով են ամեն ինչ ներկայացնում, բայց ճշմարտության հասնելու համար պետք է իրականությունն արտացոլել»,- հայկական բանակում վերջին շրջանում աղմուկ հանած սպանությունների եւ ինքնասպանությունների դեպքերի առիթով քննարկման ժամանակ «Հայելի» ակումբում ասաց արձակագիր Արամ Պաչյանը:



«Այն, ինչ գրել եմ, դեռ քիչ է, ես անձամբ եմ զգացել, ապրել բանակում... ես դեռ եռանդուն կներկայացնեմ մեր բանակի իրական պատկերը»,-խոստացավ Պաչյանը: Վերլուծաբան Անուշ Սեդրակյանի կարծիքով էլ` «հիմա տպավորությունն այնպիսին է, որ պետք է հասնենք ոչ թե ճշմարտությանը, այլ գոնե գոյապահպանմանը, որովհետեւ ներկա դրությամբ ճշմարտությունը մեզ համար շքեղություն է»:



«Այն, ինչ այսօր ունենք բանակում, ընդամենը կենսական խնդիրների իրական արտացոլումն է, եւ դա շատ բնական է: Նայեք, եթե բաց համակարգում ունենք էդ բոլոր խնդիրները, բայց հենց որ մենք բաց համակարգից մտնում ենք փակ համակարգ, որը մեր բանակն է, այդ խնդիրները քառակի, եթե ոչ տասնապատիկ, սրվում են, եւ մենք ունենում ենք այն, ինչ ունենում ենք»,-նշեց նա:



«Այդ քննադատություններն արդյո՞ք օգնում են մեր բանակի առողջացմանը, թե՞ հակադարձ հետեւանք են ունենում»,-հակադարձեց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Արցախյան ազատամարտի մասնակից Վարդան Դեւրիկյանը, ով առհասարակ համաձայն չէ ձեւակերպումներին, թե բանակի խնդիրը զինվոր-հրամանատար փոխհարաբերություններում է: Նա համոզված է՝ խնդիրը  «զինվոր-զինվոր» փոխհարաբերությունների մեջ է:



«Ինչքան էլ զինվոր-զինվոր հարաբերությունները վատ են, մեկ է՝ համակարգողը սպայական անձնակազմն է, որն անգրագետ է, բթամիտ, մահակի լեզվով առաջնորդվող: Նրանք չեն հասկանում, որ կարելի է երկխոսել զինվորների հետ, այլ ոչ թե մահակներն առած՝ «շարքը լավ չես կանգնել՝ գլխիդ կտամ, սենց չես արել՝ խփեմ-ջարդեմ-սպանեմ»: Այդպես չի լինի»,-հակադարձեց նրան արձակագիր Պաչյանը: Պաչյանի համոզմամբ՝ բանակի խնդիրներն անպայման պետք է բարձրացվեն հրապարակայնորեն, որ «բոլոր քրեական գործերն ավարտին հասնեն, որպեսզի բանակում հնարավոր լինի ամեն ինչ կարգի գցել»: «Բանակում պարտադիր դիսցիպլինա պետք է լինի»,-ընդգծեց գրողը:



«Հրամանատարների վրա ցեխ շպրտելը, ծառայության դժվարին պայմանների հետ մեկտեղ, երբ նրանց անվանում են սադիստ ու մարդասպան, չեն կարող դրական արդյունք տալ»,-նշեց Դեւրիկյանը՝ հավելելով. «Պետք է նախեւառաջ ստեղծենք գրական իդեալ-չափանիշ, որը նաեւ չպետք է լինի կեղծ, իրականությունից կտրված, այլ լինի 1990-ականների զինվորի կերպարը, որի հետ հոգեբանորեն հարաբերվի այսօրվա հրամանատարի կերպարը»: «Եթե որեւէ մեկն ինձ անընդհատ ասի՝ դու բոմժ ես, դու մուրացկան էս, դու  հանցագործ ես, ակամա՝ ես լինեմ կամ մեկ ուրիշը, մարդը կկոմպլեքսավորվի, կմտնի այդ հոգեվիճակի, այդ իրավիճակի մեջ»,-համոզում էր Դեւրիկյանը:



«Պետք չէ մտածել, որ գրականության մեջ հերոսի կերպար ստեղծելը կնպաստի մեր բանակի ուժեղացմանը, ընդհակառակը, միայն դեպի ծաղրանկար, սարկազմ տանելով, կկարողանանք բացահայտել համակարգի թույլ կողմերն ու բացերը»,-հակադարձեց Սեդրակյանը: Արձակագիր Պաչյանի համոզմամբ, առհասարակ, գրականությունը հասարակությանն ապացուցելու ոչ մի խնդիր չունի. «Այն սնվում է իրականությունից: Ես գրել եմ՝ ինչ տեսել եմ: Թե ոնց են Արցախում կռված հրամանատարները զինվորի գլխին փաթաթում իրենց հաղթանակը, ասելով՝ մենք ձեզ համար հող ենք պահել, դուք էլ պետք է կատարեք մեր բոլոր հրամանները»:



Իսկ բանակում իրավիճակը բարելավելու համար, ըստ Պաչյանի, հարկավոր են «թերությունները բաց քննարկելու պատրաստակամություն եւ լավ պատրաստված հրամանատարական անձնակազմ»: Անուշ Սեդրակյանն էլ կարծում է, որ լուծումը կլինի այն ժամանակ, երբ «ծառայության մեջ գտնվող զինվորը կքվեարկի այն քաղաքական գործչի օգտին, ում ինքը կցանկանա»:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ