Դատապարտյալները սպասում են նախարարի քայլերին

Նշենք, որ նախարարն այցելել էր 10-15 գրասենյակ, սակայն, ինչպես նախարարության մամլո հաղորդագրության մեջ է նշվում, «հակառակ սահմանված կարգի՝ առավոտյան ժամը 9-ին որեւէ նոտարական գրասենյակ բաց չի եղել»: Հետո իմացանք, որ աշխատանքի գալուց հետո նոտարական գրասենյակների ղեկավարները նախարարից ստացել են խիստ հանձնարարականներ: Նշենք, որ «Նոտարիատի մասին» օրենքի համաձայն՝ նոտարական գրասենյակներն ընդամենը պետության կողմից լիցենզիա ստացած կառույցներ են, կարճ ասած՝ իրենք են որոշում իրենց աշխատանքային գրաֆիկը: Իսկ երեկ նախարար Թովմասյանն այցելել է երեք քրեակատարողական հիմնարկներ՝ «Վարդաշեն», «Էրեբունի» եւ «Նուբարաշեն»՝ «ծանոթանալու պայմաններին եւ առկա խնդիրներին»: Մեզ այդպես էլ չհաջողվեց նախարարությունից պարզել, թե ում հետ է հանդիպել նախարարը, արդյո՞ք զրուցել է որեւէ քաղբանտարկյալի եւ առհասարակ` դատապարտյալների հետ, ինչ խնդիրներ են բարձրացվել:
Միայն տեղեկացանք, որ հանդիպել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Սարգիս Հացպանյանի հետ, ով այդ հանդիպումից հետո զանգահարել է բոլոր խմբագրություններ, այդ թվում՝ մեր, եւ պատմել նախարարի այցելության մասին: Նա ասաց, որ նախարարի հետ հանդիպման ժամանակ իր եւ բոլոր դատապարտյալների բարձրացրած հիմնական խնդիրը եղել է դատապարտյալների իրավունքների ոտնահարումը:
««Վարդաշեն» ՔԿՀ-ում այժմ գտնվում է 117 դատապարտյալ, որոնցից 80-ը, վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքից օգտվելով, վաղուց պետք է լինեին իրենց տներում, 19 հոգի պետք է գտնվեին «բաց ռեժիմային» կարգավիճակում, մինչդեռ նրանք այստեղ են, 6 հոգի, որոնք «բաց ռեժիմում» էին, առանց օրենքի խախտում թույլ տված լինելու ետ են վերադարձվել այստեղ՝ առանց որեւէ բացատրության՝ ինչո՞ւ, ո՞նց: Նաեւ՝ մեզ համար շատ կարեւոր է կարճաժամկետ արձակուրդների հարցը, վերջապես մարդիկ ծնող կամ հարազատ են կորցնում, որոնց ուղեկցող պահակախմբով ընդամենը կես ժամ կամ մեկ ժամ են տանում հոգեհանգստին: Շշմեցուցիչ է: Երբ օրենքը նախատեսում է նման դեպքերում մարդուն 5-7 օր ազատ արձակել»,-ասաց Հացպանյանը՝ հավելելով, որ նախարարը խոստացել է, երաշխավորել, որ ցանկացած դատապարտյալ, կալանավոր կօգտվի իր իրավունքներից:
Նախարարը խոստացել է նաեւ մոտ օրերս աշխատակիցներ ուղարկել ՔԿՀ՝ կալանավորների հետ առավել մանրամասն խնդիրները քննարկելու նպատակով: ««Վարդաշենի» դատապարտյալները սպասելու են նախարարի քայլերին»,-մեզ ասաց Սարգիս Հացպանյանը: Ի դեպ, նրա փոխանցմամբ՝ նախարարի հետ կալանավայրեր են գնացել նաեւ իր տեղակալները եւ ՔԿՀ վարչության պետ Հայկ Հարությունյանը:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարծիքներ