Օսիպյանի գդակի՞, թե՞ բազազաթերապիայի շնորհիվ

Օսիպյանի գդակի՞, թե՞ բազազաթերապիայի շնորհիվ
Երեւանի քաղաքապետարանի՝ վերջին օրերին ձեռնարկած պայքարը փողոցային առեւտրի դեմ, թվում է, ուղղված է առեւտրականների ստորին խավի դեմ, սակայն իրականում դրա արդյունքում ծանր կացության մեջ են հայտնվել Երեւանի փոխոստիկանապետ` «Բազազ» մականունով Ռոբերտ Մելքոնյանը, Երեւանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը, վերջինիս տեղակալ Խաչիկ Ավետիսյանն ու ընդհանրապես ոստիկանությունը,  որն  իշխանությունների բարեփոխումների ձեռքը կրակն է ընկել: Հատկապես վերջին օրերին ոստիկանները հալից ընկել են. քաղաքապետարանից վազում են կառավարություն, կառավարությունից նախագահական:



Այնտեղ, որտեղ պայքարի ու բողոքի ալիք է բարձրանում: Երեկ կեսօրին նրանք բացօթյա առեւտուր անողներից ավելի շուտ էին հասել քաղաքապետարանի մոտ, ավելի ճիշտ՝  Կոմայգու խաչմերուկ, որտեղ առեւտրականները բողոքի ակցիա էին անում ընդդեմ քաղաքապետի՝ փողոցային առեւտուրն արգելելու որոշման կապակցությամբ: Նախօրեին նրանք հայտարարել էին, թե, ի նշան բողոքի, առեւտուր են կազմակերպելու հենց քաղաքապետարանի մոտ, բայց այս ծրագիրը ձախողվեց:



Փոխարենը իրականացավ ոստիկանություն-քաղաքապետարան շոուն: Իշխանության պահապաններն այս անգամ ոչ թե գազազած հարձակվում էին քաղաքացիների վրա, այլ հոգեբանական կոնսուլտացիա էին անցկացնում, փորձում էին հասկանալ համաքաղաքացիներին տանջող խնդիրները, ապա լուծումներ առաջարկել: Իր բարյացակամությամբ բոլորին գերազանցեց հայտնի Վալերի Օսիպյանը: Գառան մորթուց գդակով, պատկառազդու գեներալի կեցվածքով՝ նա իր շուրջն էր հավաքել քաղաքացիներին ու հանգամանալի բացատրում էր հարցի էությունը՝ մերթ ընդ մերթ էլ տարեցներին խորհուրդ տալով չկանգնել արեւի տակ:



Ապա ոմանց թեւանցուկ, մյուսներին՝ մեջքից գրկած, տանում էր դեպի այգու խորքի նստարանները՝ այսպիսով մարդկանց հեռացնելով օբյեկտից: Իսկ նրա տեղակալ Խաչիկ Ավետիսյանը, երեւում էր՝ ամբողջ օրը լուրերի թողարկմանն էր հետեւել, իր շուրջը բոլորածներին լուսավորում էր, այլմոլորակայինի հայացքով պատմում, թե ինչ ռեպորտաժներ է դիտել փողոցային առեւտրականների ապագայի վերաբերյալ: Հավաստիացնում էր, որ իրենց տեղերն արդեն շուկաներում պատրաստ են, պարզապես այդ մասին իրենք չգիտեն ու, փոխանակ իրենց տեղերին տեր կանգնելու, եկել-բողոքում են:



Մի փոքր այլ էր Ռոբերտ Մելքոնյանի՝ Բազազի դերակատարությունը: Նա շեշտը դրել էր շանտաժի վրա: Բացատրում էր, որ այս բողոքը կարող է հակառակ էֆեկտ ունենալ ու ոչ մի հարց չլուծվի, քանի որ իրենց կասոցացնեն ընդդիմության հետ: Հորդորում էր գնալ, թե չէ՝ իրենց մեջ հատուկ ներդրված սադրիչներ կան, իրենց կմոլորեցնեն: Առաջարկում էր գնալ շուկաներ՝ տեղեր զբաղեցնել, քանի դեռ հնարավորություն ունեն: Ինչ-որ պահի, տեսնելով, որ խմբակային քարոզով հաջողության չի հասնում, Մելքոնյանը սկսեց հատ-հատ պսիխոթերապիա անցկացնել:



Մարդկանց տանում էր այգու խորքն ու Աստված գիտե՝ ինչով էր գլուխները լցնում, որից հետո կերպարանափոխված բողոքականը գալիս էր ու հայտարարում, թե՝ հավաքվենք-գնանք, այսպես հարցը չի լուծվի: Չանցած կես ժամ` մարդիկ հարայ-հրոց դրեցին, թե՝ գնում ենք: Այդ ժամանակ համազգեստավորները՝ ջոջից պստիկ, սկսեցին աջ ու ձախ զանգել ու հրճվանքով զեկուցել իրենց ձեռքբերումների մասին: Իսկ հուսահատված, իշխանությունների ու ոստիկանների քմահաճույքի զոհը դարձած՝ կանաչի, լիմոն ու ծաղիկ վաճառելով գոյությունը քարշ տվող մարդիկ Կոմայգուց շարժվեցին դեպի նախագահական, որտեղ, իմացանք, դիմում են գրել ու հանձնել նախագահի վերահսկողական ծառայություն: