Ցախն ու ցախավելը

Ցախն ու ցախավելը
Մի քանի օր է, մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են ընթանում. մեկը փողոցային առեւտուր անողներն են, որոնք հավաքվում են քաղաքապետարանի մոտ, մյուսները՝ մաքսատուրքի բարձրացման դեմ բողոքողները: Երեկ առաջին խմբի մասնակիցներն ակցիա էին անում քաղաքապետարանի առաջ, իսկ մաքսատուրքից տուժած առեւտրականները՝ տրանսպորտի եւ կապի նախարարության մոտ: Քաղաքապետարանից ակցիայի մասնակիցներն ինչ-որ պահի շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, միացել արտասահմաններում առեւտուր անողներին եւ առաջարկել միասին շարունակել պայքարն անարդարության դեմ: Գիտե՞ք ինչ են պատասխանել տոնավաճառների առեւտրականները: Ասել են՝ մեր խնդիրն ուրիշ է, մի խառնվեք մեզ, կխանգարեք: Մերժումից վրդովված՝ փողոցային առեւտրի վերացման դեմ պայքարող քաղաքացիները հեռացել են նախարարության մոտից՝ հայտարարելով, որ իրենց խնդիրներն իրենք էլ կարող են լուծել, պարզապես ցանկանում էին համատեղ ուժերով արդյունքի հասնել: Շատ ուսանելի պատմություն է՝ հայի անմիաբան լինելու, պայքարելիս սխալ մարտավարություն ընտրելու եւ ընդհանրապես՝ սոցիալական խնդիրների շուրջ համախմբվելու մեր անընդունակության մասին: Այս մարդիկ, փաստորեն, անգամ հեքիաթներ ու առակներ չեն կարդացել. ցախավելը չի կոտրվում, իսկ առանձին ցախերը կոտրելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում: Ի վերջո, սա խոսում է նաեւ այն մասին, որ ամեն մեկին թվում է, թե իրեն հերթ չի հասնի, եւ ընդվզում է այն ժամանակ, երբ դանակը կոկորդին է հասնում, ու ինքն է հայտնվում թիրախի դերում: Մինչդեռ ինչքան ավելի արդյունավետ կլիներ վերջին օրերի շարժումը, եթե այս բոլոր մարդիկ համախմբվեին, անգամ արհմիության նման մի բան ստեղծեին, եւ ակցիաները ոչ թե էպիզոդիկ բնույթ կրեին, այլ համակարգված ու հետեւողական լինեին: