Իրականն ու անիրականը

Իրականն ու անիրականը
Մեր քաղաքական գործիչների մեծ մասը քաղաքագետներ են դարձել՝ վերլուծում են, գնահատականներ տալիս, կանխատեսումներ անում: Մեր քաղաքական կուսակցություններն էլ ոչ թե կուսակցական գործունեություն են ծավալում, փորձում գալ իշխանության, այլ զբաղված են ինտրիգներով, սրա-նրա կապերն իշխանության հետ բացահայտելով եւ քաղաքական դաշտն իբր ականազերծելով: Երբ ինքդ քաղաքական գործունեությամբ եւ ընդհանրապես՝ որեւէ գործունեությամբ չես զբաղվում, բնականաբար, գլխավոր գործդ պետք է դառնա քննադատելն ու պախարակելը, բոլորին «փչացնելը»: Ամիսներ առաջ քաղաքական ասպարեզը լքած Կոնգրեսը, որի հետ մարդիկ այնքան մեծ հույսեր էին կապում եւ որի ետեւից գնալով պատրաստ էին ամեն ինչի, վերածվել է քաղաքական հայտարարություններ անող ու գնահատականներ տվող կլուբի: Երեկ ՀԱԿ համակարգող (անհասկանալի է, թե անգործության ինչն է համակարգում) Լեւոն Զուրաբյանը մի ամբողջ դասախոսություն է կարդացել, թե ինչպես տարբերել իրական ընդդիմությունը անիրականից: Պարզվում է՝ իրական կոչվելու համար բավական է հաճախակի արտաբերել «Սերժ Սարգսյան» անունը եւ, ասենք՝ մի քանի ճանապարհային ոստիկանների հետ պայմանավորվել, որ միտինգի օրը ճանապարհը փակեն: Ահա այսպես պարզ ու գեղեցիկ: Իսկ երբ իշխանափոխություն անելու պահին պարզվում է, որ իրեն իրական համարող ընդդիմությունը դեռ պատրաստ չէ դրան: Երբ մարդիկ ամիսներ շարունակ սպասում են, որ հանրահավաքներ կամ այլ գործողություններ կձեռնարկվեն, իսկ այդ իրականը ձեռքերը ծալած սպասում է հերթական ընտրություններին: Եվ նրա բանակն էլ օրեցօր  նոսրանում է, դա ինչպե՞ս կարելի է կոչել: Ի դեպ, մարդիկ ընդամենը նորմալ կյանք են ուզում եւ պատրաստ են գնալ անգամ այն «անիրականի» ետեւից, ով իրենց կարող է դա խոստանալ: