ՀԵԿ-ն ու ՀՄԵԿ-ը

ՀԵԿ-ն ու ՀՄԵԿ-ը
Մինչ Եգիպտոսում հեղափոխական իրադարձությունները շարունակվում են, իսկ մերոնք ձեւ են անում, թե ոչինչ տեղի չի ունենում՝ ընդամենը խուլիգանական տարրերը փողոց են ելել, որոնց դեմ պետք է ուժ գործադրվի, մեր քաղաքական դաշտում համագումարների ու հայտարարությունների ժամանակն է եկել: Մի կարիերիստ երիտասարդ հայտարարեց իր կուսակցությունը, որտեղ հայտնի չէ քանի անդամ ունի, «Բարգավաճ Հայաստանին» միացնելու մասին:Մի քանի օր անց մեկ ուրիշ կարիերիստ երիտասարդ հայտարարում է իր կուսակցությունը Հանրապետականին միացնելու մասին: Խորհրդանշական է, որ ԲՀԿ-ին միացողի անունը ՀԵԿ է, ՀՀԿ-ին միացողինը՝ ՀՄԵԿ: Չէ, սա ձեր իմացած Հ1-ը չէ: Այն ի սկզբանե էր միացած: Սրա անունը (ամուր բռնվեք) Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն է, որը մի հատ առաջնորդ ունի՝ Անդրանիկ Նիկողոսյան, եւ մի հատ էլ վարչության նախագահ՝ Բաբկեն Հարությունյան: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ին միանալու հայտարարությունն անելուց առաջ այս ՀՄԵԿ-ն այդ մասին չի տեղեկացրել մայր-կուսակցությանը: Այսպես ասած՝ ինքնաբուխ առաջարկել են իրենց ծառայությունները, առանց հարցնելու՝ այդ ուժին նման ծառայություններ հարկավո՞ր են: Մի ուրիշ հայտարարություն էլ է փոթորկել մեր փոքրիկ քաղաքական աշխարհը. Գագիկ Ծառուկյանն ասել է, որ եթե Քոչարյանն ուզենար կուսակցություն ստեղծել կամ կուսակցական գործունեությամբ զբաղվել, վաղուց արած կլիներ դա՝ դառնալով ՀՀԿ նախագահ: ՀՀԿ-ին, փաստորեն, սրանով հասկացրել է, որ շատ մի թպրտացեք. հենց ինքը՝ Ռ. Քոչարյանը, չի ուզում վերադառնալ, թե չէ ձեր ցանկությունն ու կարծիքը հեչ կարեւոր չեն: Սա առաջին դեպքը չէ, որ երկիրը փոթորկվում է Ծառուկյանի սկանդալային հայտարարություններից: Դեռ ինչքա՜ն նման հայտարարություններ կլսենք: