ՀԱԿ երիտասարդական հանձնախմբի կոչը

ՀԱԿ երիտասարդական հանձնախմբի կոչը
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները ողջունում են և իրենց աջակցությունն են հայտնում Եգիպտոսի քաղաքացիների պայքարին` ընդդեմ բռնապետության: Ուշադրությամբ հետևում ենք հանուն ազատության, հայրենիքի և արդարության ձեր ընդվզմանը:



Հիացած ենք ձեր դիմադրողական ոգով, համառությամբ և քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորումներով: Համոզված ենք ձեր պայքարի հաղթական ավարտի մեջ: Կարծում ենք՝ բռնակալությունը, որը ասելիք չունի իր ժողովրդին պետք է հեռանա և իր տեղը զիջի հասարակության մեջ հասունացած նոր ուժերին:



Հուսով ենք, որ հնարավոր կլինի խուսափել նորանոր զոհերից, քաոսից և կապահովվի խաղաղ անցում դեպի նոր իրավիճակ: Պայքարի երեք տարվա փորձ ունենալով ընդդեմ մեր հայրենիքում ծվարած նմանատիպ բռնակալության` առանց «թարգմանության» լիովին ընկալում և հասկանում ենք ձեր վրդովմունքը, վճռականությունը և ազատատենչությունը:



Ցավոք, 2008-ի փետրվարին մեր երկրում տեղի ունեցած նմանատիպ ընդվզումը ճնշվեց արյան մեջ՝ զինված ուժերի և քրեական զինված բանդաների օգնությամբ, որոնք կրակ բացեցին հարյուր հազարավոր մարդկանցից բաղկացած, 10 օր տևած շուրջօրյա խաղաղ ցույցի մասնակիցների ուղղությամբ:



Չնայած մեր պայքարը չպսակվեց վերջնական հաղթանակով և բազմաթիվ մարդիկ նետվեցին բանտերը հանուն իրենց իդեալների, «ժողովրդավարական» արևմուտքի և «ռազմավարական դաշնակից»՝ Ռուսաստանի լռելյայն համաձայնությամբ, սակայն պայքարը չմարեց և երեք տարի է դիմակայում ենք ոստիկանապետությանը:



Կոչ ենք անում աշխարհի բոլոր ազդեցիկ կառավարություններին` չթաքնվել երկիմաստ հորդորների թիկունքում, չկառչել իր դարն ապրած բռնապետության կեղծ կայունությունից, այլ ընդառաջ գնալ երիտասարդ և առաջադեմ պայքարին՝ ղեկավարվելով միմիայն համամարդկային ունիվերսալ արժեքներով և ոչ թե գեոպոլիտիկ կեղծ իմաստությամբ:



Համոզված ենք, որ նման վճռականության և իդեալիզմի դրսրևորման դեպքում կշահի ողջ աշխարհը: Հնարավոր չէ արհեստական պատնեշներով կանգնեցնել պատմական ժամանակի հոսքը: Եթե այսօր կառչենք դրանցից, և թեկուզ ժամանակավոր կանգնեցնենք առաջընթացը, ապա վաղը կստանանք ավելի մեծ և ավելի անկանխատեսելի պայթյուն:



Կրկին ողջունուեմ ենք մեր եգիպտացի բարեկամներին՝ վստահ լինելով, որ նրանք երբեք չեն նահանջի և չեն հրաժարվի իրենց սկզբունքներից և իրենց պայքարից: Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ:



ՀԱԿ երիտասարդական հանձնախումբ