Մանկապիղծը գործել է անպատիժ ու անարգել

Մանկապիղծը գործել է անպատիժ ու անարգել
Մինչեւ 2010թ. դեկտեմբերի 31-ը վարչապետի մանկապիղծ խորհրդական, «Մեթալ փրինս» լեռնահարստացման ֆաբրիկայի սեփականատեր, սփյուռքահայ Սերոբ Տեր-Պողոսյանի այլեւս բացահայտված հանցագործությունը տակնուվրա է արել վարչապետ Տիգրան Սարգսյանի ներաշխարհը: Երեկ նա իր բլոգում գրել է իր արդեն նախկին խորհրդականի մասին, որը մեղադրվում է «ծանր, անբարո հանցագործության մեջ». «Չեմ կարողանում համապատասխան բառեր գտնել իմ զգացածն արտահայտելու համար:



Կարող եմ միայն խոստանալ՝ հետեւելու եմ, որ  այս հրապարակման հետքերով քննությունը լինի արագ, համակողմանի եւ թափանցիկ...»: Մինչ վարչապետը խոսքեր կգտնի իրավիճակը գնահատելու համար, նշենք, որ սփյուռքահայ պեդոֆիլի համար հայրենի կառավարությունը ոչ միայն բիզնես ծավալելու լայն հնարավորություններ է ստեղծել, այլեւ այնպիսի անպատժելիության մթնոլորտ է ստեղծել, որ նա տարիներ շարունակ Ախթալայում պղծել է երիտասարդ տղաների: Երեկ նոր մանրամասներ են ի հայտ եկել սրա վերաբերյալ:



«Սիփան 1» ՍՊԸ-ին պատկանող Սյունիքի «Լիճքվազ-Թեյի» ոսկու հանքավայրը շահագործելու իրավունքը էներգետիկայի եւ բնական պաշարների  նախարար Արմեն Մովսիսյանի անօրինական  հրամանով տրամադրվել է Սերոբ Տեր-Պողոսյանին: «Սիփանի» սեփականատերը դիմել է դատարան, եւ նախարարի հրամանը անվավեր է ճանաչվել: Տեր-Պողոսյանին այլ ծանր հանցագործություններ էլ են վերագրում. մասնավորապես` մոտ երեք տարի առաջ նրա «Մեթալ փրինս» ձեռնարկության տնօրենի՝ Գագիկ Ազատյանի անհետացման պատմությունը, որն այդպես էլ չի բացահայտվել, եւս նրա անվան հետ է կապվում: