«Սպեցնազն» ավերել է Սարիգյուղի մշակույթի տունը

«Սպեցնազն» ավերել է Սարիգյուղի մշակույթի տունը
Դեռեւս 2009թ. դեկտեմբեր ամսից մինչեւ ապրիլ, երբ Տավուշի մարզում շատացել էին անասնագողությունները, սահմանամերձ գյուղերի անվտանգությունն ապահովելու համար Սարիգյուղ համայնքի մշակույթի տանը տեղակայվել էր ՊՆ հատուկ նշանակության ջոկատը` «սպեցնազը»: Թե որքանով էր «սպեցնազի» ներկայությունը սարսափեցրել անասնագողերին` հայտնի չէ, բայց հատուկ նշանակության զինվորականները իրենցից հետո ավերակներ են թողել:



Գյուղացիների ասածը հաստատեց Սարիգյուղ համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ոսկանյանը` ասելով, որ «սպեցնազը»  մշակույթի տան գույքը փչացրել է, ջարդել ու վառել: Գյուղի անասնաբույժ Վազգեն Եգանյանն ինձ ուղեկցեց մշակույթի տուն` օգնելով մտովի վերարտադրել շինության նախկին վիճակը: Մշակույթի տունը համարվում է վթարային շինություն, բայց, զրուցակցիս ներկայացմամբ, մինչ «սպեցնազի» ժամանելը ամեն ինչ իր տեղում էր` դռներ, լուսամուտներ, մանրահատակ եւ այլն:



Որպեսզի իրենց կացարանը նորմալ տեսքի գա, պառկելու տեղ լինի` զինվորականները դահլիճի աթոռները քանդել-դարսել են մի անկյունում: Գյուղացիները լսել են, թե ինչպես են զինվորականները ջարդում-փշրում ամեն ինչ: Նրանց մեկնելուց հետո պարզ է դարձել, որ քանդել եւ որպես վառելիք են օգտագործել մանրահատակը, դռների մի մասը, դրանց եւ լուսամուտների չորսուները, փայտյա շրջանակները եւ այլն:



«Շենքի ներսում փայտ են ջարդել, պարկետն էլ հետը փշրել,-պատմում է Վազգեն Եգանյանը:-Ոչ ոք չէր կարողանում մի ձայն հաներ, նկատողություն աներ: Քանի որ սրտիս ցավ էր տալիս, մի անգամ մոտեցա-հարցրի` ինչի՞ եք էսպես անում, պատասխանեցին` քո ի՞նչ գործն ա: Չէին թողնում, որ մեկը շենքի կողքով անցնի, որպեսզի իրենք ինչ ուզեն` անեն:



Կթողնեին մնար, վրեն մի ծախս կավելացնեին, գյուղի էրեխեքին էս շենքում մի բան կսովորեցնեին` սպորտ, պար, երգ»: Շենքի երկրորդ հարկն ավելի վատ վիճակում է: Մանրահատակն ամբողջությամբ քանդված է ու ոչնչացված: Սենյակներից մեկում էլ տասնյակ շշեր են թափված՝ հիմնականում օղու: Սակայն, դատելով տեսարանից, Սարիգյուղում ոչ ոք, այդ թվում` համայնքի ղեկավարը, չի փորձել պաշտպանել համայնքային սեփականություն հանդիսացող շինությունը: