Մեկի փոխարեն՝ մի քանիսը

Մեկի փոխարեն՝  մի քանիսը
Ձեր կարծիքով, մի մարդը քանի՞ պաշտոն կարող է զբաղեցնել: Եթե պաշտոնը պատասխանատու է, ապա մեկն էլ բավական է՝ կասեք դուք: Իսկ պաշտոններ կան, որոնց դեպքում օրենքն անգամ օգնականների, խորհրդականների, քարտուղարների մի մեծ խումբ է նախատեսում՝ պաշտոնի բեռը թեթեւացնելու համար: Բայց մեր պետության առաջին դեմքերը, պարզվում է, չեն խորշում իրենց վրա նորանոր, առավել ծանր բեռ վերցնելուց: Այլ կերպ հնարավոր չէ անվանել այն, որ երկրի նախագահը համաձայնում է դառնալ Երեւանի պետական, վարչապետը՝ մանկավարժական, Ազգային ժողովի նախագահը՝ տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ: Կամ այս անձինք այնքան ազատ ժամանակ ունեն, որ կարող են նաեւ հասարակական հիմունքներով նման պատասխանատու աշխատանք կատարել: Կամ՝ այդ աշխատանքը չի պատասխանատու, ընդամենը ձեւ է, հարսանիքի գեներալի նման մի բան: Մինչդեռ հայտնի է, որ բուհերի ուսումնական քաղաքականությունը, ֆինանսական ծախսերի ուղղությունները, կադրային քաղաքականությունը որոշում են հենց այս խորհուրդները, ռեկտորներն ընդամենը խորհրդի որոշած քաղաքականության իրականացնողն են: Ի՞նչ է սա նշանակում՝ անտարբերություն մեր բարձրագույն կրթությա՞ն, թե՞ երիտասարդության ապագայի նկատմամբ: Մեր հոգսերից կքած երկրի կառավարության ղեկավարը, թվում է, շունչ քաշելու ժամանակ չպիտի ունենար՝ այնքան շատ հարցեր կան լուծելու, օրվա 24 ժամը չպետք է հերիքեր նրան այդ հարցերը լուծելու համար: Մինչդեռ պարզվում է՝ նա կարող է մատաղ սերնդին կրթելու կոչված հաստատության ղեկավարի գործը եւս ստանձնել: Եվ եթե դատենք վարչապետի պաշտոնում արձանագրած «հաջողություններից», ապա կարելի է ողբալ մանկավարժական կրթության վախճանի համար: Հարց է ծագում՝ ի՞նչ իմաստ ունի այս ձեւական մոտեցումը: