Լավ են մաքրում, բայց ոչ ձյունը

Լավ են մաքրում, բայց ոչ ձյունը
Երեկվա անսպասելի առատ ձյունը բավական էր հասկանալու համար, թե նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը որքանով է տիրապետում մայրաքաղաքային իրավիճակին: Հասկանալի դարձավ, որ նման դեպքերում քաղաքապետարանն իր աշխատելը փորձում է ապացուցել ոչ թե գործով, այլ այդ մասին տեղեկատվություն տարածելով՝ ճիշտ երեկվա պես: Ընդամենը ձյուն էր եկել, բայց Երեւանում կարծես արտակարգ դրություն հայտարարված լիներ՝ մայրաքաղաքում երթեւեկությունը կաթվածահար էր եղել:



Վիճակն անմխիթար էր հատկապես Երեւանի բարձրադիր գոտիներում:Ոչ շունչ կար, ոչ շարժ, մեկ գիշերվա մեջ կյանքը կանգ էր առել: Կանգառներում խմբվել էին մարդիկ, մոլորվել, չգիտեին ինչ ճանապարհով աշխատանքի ու դասի հասնեն:  Եվ այս ամենը՝ մաքրման աշխատանքները ժամանակին չիրականացնելու պատճառով: Մինչդեռ պատկերն այլ կարող էր լիներ, եթե վարչական շրջանների ղեկավարները ժամանակին լծվեին գործի:



Մինչ  քաղաքացիները, վրդովված ու նյարդայնացած, աջ ու ձախ էին զանգում, հնարավոր տարբերակներ մտածում՝ ստեղծված իրավիճակից սեփական  ուժերով դուրս գալու համար, քաղաքապետարանից տեղումների տեմպին համընթաց հաղորդագրություններ էին տարածում՝ մարդկանց համոզելով, որ իրենք քրտնաջան աշխատում են ձյունը «էվակուացնելու» ուղղությամբ: Մինչդեռ մաքրման աշխատանքներն իրականացվում  էին հիմնականում Կենտրոնում, այն էլ, հավանաբար,  առավոտյան լրատվական թողարկումների համար կադրեր ապահովելու նպատակով:



Այդպես էլ ոչ մի կադր չցուցադրվեց քաղաքային իշխանությունների անտարբերության պատճառով Նորքի զանգվածում, Ավանում, Դավիթաշենում կամ Քանաքեռում կանգառներում առաջացած մարդկային կուտակումների ու անանցանելի ճանապարհների վերաբերյալ: Մինչ հերթը կհասներ Նոր Նորքի վերջին թաղամասերի անանցանելի ճանապարհների մաքրմանը, կանգառներում հավաքված մարդիկ վրդովվում էին, թե ինչու են ամենավերջինը հիշվում ծայրամասերը, մինչդեռ կանաչի, լիմոն ու ծաղիկ վաճառողներին փողոցներից մաքրելու աշխատանքները մայրաքաղաքի բոլոր հատվածներում միաժամանակ մեկնարկեցին:



Տրանսպորտի կանգառները երեկ վերածվել էին մինի միտինգային հարթակների, որտեղ կրքերը բորբոքվել էին, եւ մարդիկ, զայրույթը թոթափելու համար, խոսում եւ քննարկում էին Կարապետյանի՝ փողոցային առեւտրականներին քշելու ծրագիրը: Մեկը մյուսին լրացնելով ու հերթ չտալով՝ քննադատում էին նոր քաղաքապետին: Այնպիսի ցասումով էին քննարկում նրա գործունեությունը, որ տպավորություն էր ստեղծվում, թե տեղյակ չեն, որ սա նրա առաջին ձյունն է: Վրդովված քաղաքացիների բերանն անզոր էր փակել նույնիսկ անդադար տեղացող ձյունը:



Եվ երեւանցիները եկան այն եզրակացության, որ մեր իշխանությունները՝ լինեն քաղաքային թե համապետական նշանակության, մաքրության հարցում չեն կաղում միայն այն բացառիկ դեպքերում, երբ գործ  ունեն սեփական ժողովրդի հետ: Եթե ձյան փոխարեն կեսգիշերին Երեւանի փողոցներում մարդիկ հայտնվեին ու փորձեին ծաղիկ, լիմոն ու կանաչի վաճառել, նրանց քաղաքային իշխանությունը ոստիկանության հետ համատեղ անմիջապես «կմաքրեր», իսկ ձյունը, որն իրենց աթոռներին կամ փող աշխատելուն խոչընդոտ չէ, կարելի է նաեւ չմաքրել: