Ենթահանձնաժողովի վերաբացումը համարժեք է Հայաստանի դիրքորոշումներին

Ենթահանձնաժողովի վերաբացումը համարժեք է Հայաստանի դիրքորոշումներին
Ինչպես արդեն հայտնի է՝ ԵԽԽՎ Բյուրոյի հունվարի 28-ի որոշմամբ վերսկսվեցին ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները: Եվ քանի որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով ԵԽԽՎ-ն ունի ակնհայտ միակողմանի մոտեցում՝ հօգուտ Ադրբեջանի, իսկ հանձնաժողովի վերաբացման հարցում էլ միակ եւ գլխավոր մեղավոր է հայտարարել ազգությամբ թուրք Չավուշօղլուի՝ Վեհաժողովի նախագահ լինելու հանգամանքը (հանձնաժողովի վերաբացումն էլ նրա սեփական նախագիծն է), փաստորեն, կանխատեսելի է դառնում, որ  ապագայում Չավուշօղլուն կարող է հասնել իր մյուս նպատակին եւս եւ ընդունել  ԼՂ հարցով նոր՝ Ադրբեջանի համար առավել նպաստավոր բանաձեւ:



Այս պարագայում թերեւս տրամաբանական եւ ընկալելի է դառնում ընդդիմադիր քաղաքական գործիչների քննադատությունն այն մասին, թե, մեղմ ասած՝ «անիմաստ է» հայաստանյան պատվիրակության՝ ԵԽԽՎ-ում ներկայացված լինելը: 2005 թվականին ընդունված 1416 բանաձեւի հիման վրա գործող ենթահանձնաժողովը, փաստորեն, Դավիթ Հարությունյանի գնահատմամբ, ի չիք է դարձնելու անցյալ տարիների ընթացքում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը (եթե, իհարկե, նման բան եղել է) եւ ձախողելու է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը, քանի որ այն ընդամենը դառնալու է հայ-ադրբեջանական փոխադարձ մեղադրանքների հարթակ:



Հիշեցնենք, որ 1416 բանաձեւով ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արվում հետեւել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերին, ինչպես նաեւ հայկական զորքերը դուրս բերել Ղարաբաղին հարակից տարածքներից:«ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաբացմամբ պրոպագանդիստական մեծ հնարավորություններ են ստեղծվում Ադրբեջանի համար, որը միջազգային արենաներում մշտապես փորձել է իր իրավունքները հստակեցնել Ղարաբաղի վրա, հիմա սա շարունակվելու է, որը խիստ վտանգավոր է»,-մեզ հետ զրույցում ասաց ՌԱՀԿ փորձագետ Մանվել Սարգսյանը:



ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաբացումը, ըստ քաղաքագետի, տրամաբանական էր եւ համարժեք հայկական կողմի դիրքորոշումներին: «Մինչեւ հիմա Հայաստանն ինքը չի կարողանում հստակեցնել իր դիրքորոշումը ԼՂ հարցի շուրջ, ԼՂ անկախության հարցի շուրջ այդպես էլ կոնսենսուսի չեկավ: Այդ մոտեցումը, որ խնդիրը պիտի մնա բանակցային պրոցեսների շրջանակներում, ընդամենը լոզունգ է դարձել, որովհետեւ ոչ ոք հստակ չի ասում, թե ինչ են սպասվում այդ բանակցություններից եւ ինչ համաձայնության կարող են գալ, եւ ամեն ինչ մնում է օդում կախված»,-ասում է նա՝ հավելելով. «Այսինքն՝ ոնց որ Հայաստանն իր ձեռքերով պրոցեսը տանում է Մինսկի խմբում, որ Ադրբեջանը հանգիստ աշխատի իրավունքներ ձեռք բերի եւ տարածաշրջանում էլ դոլարներով բանակ կառուցի եւ բալանս փոխվի»:



Փորձագետի դիտարկմամբ՝ 2005-ին էլ, մինչ կտեղծվեր նման հանձնաժողով, «շատ էր խոսվում, որ Մինսկի խումբը ճիշտ մոտեցում չի ցուցաբերել, որ պետք է Ղարաբաղի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ ուղիղ բանակցություններ լինեն, որը կարող է հաջողություններ բերել, բայց այդ զրույցներն էլ մնացին զրույցներ, եւ քայլեր չեղան»: «Թվում էր, թե հայկական կողմը պիտի օգտվեր դրանից, բայց չօգտվեց, եւ ամեն ինչ մնաց նույն տեղում, ու ստեղծվեց այդ հանձնաժողովը»,-ասաց Սարգսյանը: Նա արդյունավետ չի համարում ենթահանձնաժողովի վերստեղծմանն ուղղված հայկական պատվիրակության  կողմից ընտրված մարտավարությունը՝ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելը:



Ըստ նրա՝ անհրաժեշտ է հստակեցնել Ղարաբաղի մասին «կոնցեպտը», ավելին՝ կարելի է փոխել նաեւ խնդրի միջազգային բովանդակությունը: «Հայաստանն ինքը կարող է գնահատել՝ իր այս մոտեցումն ինչքանո՞վ է նպաստում իրավիճակին... Ղարաբաղի խնդրի շուրջ չկա ռեալ դիսկուս: Դա հասկանալի է. իրենց անզորության վիճակից է գալիս: Միայն ռեակցիաներ տալ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին՝ անիմաստ բաներ են: Ի՞նչ է նշանակում բոյկոտով զբաղվել միջազգային ասպարեզում, դա ինքնին պարտվածության նշան է:  Տեսեք, թե ինչով է զբաղվում հայկական դիվանագիտությունը», - նշում է քաղաքագետը:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ