Բուռն կրքեր քաղաքապետարանում. ՀԱԿ ներկայացուցիչը լքել է ՀԱԿ ներկայացրած հանրահավաքի իրազեկման քննարկումը

Բուռն կրքեր քաղաքապետարանում. ՀԱԿ ներկայացուցիչը լքել է ՀԱԿ ներկայացրած հանրահավաքի իրազեկման քննարկումը
Երեւանի քաղաքապետարանն այսօր՝ փետրվարի 2-ին քննարկել է փետրվարի 18–ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած իրազեկումը, որը շատ բուռն ընթացք է ունեցել: Մասնավորապես, քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը հայտնել, որ փետրվարի 15–ից մինչեւ մարտի 10–ը Ազատության հրապարակում պետք է անցկացվեն սպորտային եւ մշակութային միջոցառումներ, ինչը կարող է հիմք հանդիսանալ ՀԱԿ–ի իրազեկումն ի գիտություն չընդունելու հարցում։



Ի պատասխան, ՀԱԿ ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը նշել է, որ կոնկրետ փետրվարի 18–ին Ազատության հրապարակն այլ միջոցառման համար տրամադրելու որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ, քանի որ տվյալ հայտը ներկայացվել է օրենքով նախատեսված ժամկետից շուտ։ Բանն այն է, որ ըստ օրենքի՝ հայտը պետք է ներկայացվի միջոցառումն անցկացնելուց 20 օր առաջ, մինչդեռ քաղաքապետարանը հայտը  ներկայացրել է հունվարի 25–ին, օրենքով նախատեսված ժամկետից շուտ:



«Այս որոշումը ես քննարկման համար ոչ պիտանի եմ համարում։ Եթե Դուք ունեք այնպիսի որոշում, որն օրենքով սահմանված կարգով իրազեկման հիման վրա է կայացվել, ես կքննարկեմ դա, եթե ոչ՝ այս որոշումները չեն բխում ՀՀ օրենքից անպիտան են քննարկման համար»,-հայտարարել է Տիգրան Առաքելյանը։



«Դուք ասում եք՝ 22 օր առաջ է տրված, բայց եթե ուշադիր նայեք, դիմումը քաղաքապետին է տրվել հունվարի 25–ին, քաղաքապետի կողմից իրազեկումը քննարկելու հանձնարարականն ինձ տրվել է հունվարի 27–ին, այսինքն՝ 20–օրյա ռեժիմը պահպանվել է»,-պարզաբանեց Գագիկ Բաղդասարյանը։



Տեղի ունեցած բուռն վեճից հետո Տիգրան Առաքելյանը լքել է քննարկման սենյակը։ Քաղաքապետի ներկայացուցիչը նշել է, որ ՀԱԿ–ին զանգվածային միջոցառումն անցկացնելու համար քաղաքապետարանը գուցե առաջարկի Մատենադարանին հարող տարածքը։ Քաղաքապետարանն իր որոշումը կհրապարակի մինչեւ վաղն առավոտ։



News.am