Բարով գնաս...

Բարով գնաս...
Ինչքա՞ն ժամանակ է հարկավոր մարդուն, լրագրողին` փչանալու համար: Ոմանց մոտ դա «ստացվում է» շատ արագ: Տարիներ առաջ հեռուստաեթերում (կարծեմ՝ «Կենտրոնի») հայտնված նոր դեմքը թարմություն եւ աշխուժություն բերեց: Նա էկրանից անկեղծ ու դիպուկ խոսք էր ասում մեր մասին, իշխանությունների մասին: Սուր էր ու անխնա: Հետո տեղափոխվեց մեկ այլ հեռուստաընկերություն, հիմա հայտնվել է իշխանական Հ1-ում: Թվում է՝ նույն դեմքն է, նույն սարկազմը, նույն բառապաշարը, բոլորիս սիրելի ֆիլմերից հատվածները, բայց լսելիս-նայելիս միայն տհաճություն ու նողկանք ես ապրում: Խելքի ստորությունը շատ ավելի վտանգավոր է, քան ստորների անխելքությունը: Երեկ նա իր պաշտպանության տակ էր առել Հայաստանից մեկնել պատրաստվող Արմեն Հարությունյանին, որը, նրա կարծիքով, այս տարիներին «կայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը» եւ «մասնագիտական բարձր գնահատականի է արժանացել»՝ նշանակվելով Միջին Ասիայում ՄԱԿ-ի հանձնակատար, իսկ մենք՝ «նախանձ ու չար լրագրողներս», չուզողություն ենք անում: Թողնենք այն, որ Արմեն Հարությունյանը, վնասից բացի, օմբուդսմենի ինստիտուտին որեւէ օգուտ չի բերել: Թողնենք նաեւ նրա մասնագիտական կարողությունները, որոնց ամենափայլուն դրսեւորումը պարբերաբար Բաղրամյան 26 վազելն է եղել եւ իր հայտարարությունների տեքստերը համաձայնեցնելը: Հուսանք, որ ՄԱԿ-ում նրանից հիասթափություն չեն ապրելու, ինչպես հայ ժողովրդի անպաշտպան խավն է հիասթափություն ապրել ու ձեռ քաշել ՄԻՊ-ից: Մի պարզ իրողություն կա` մարդը նախընտրել է շատ ավելի բարձր վարձատրվող աշխատանքը իր ազգին ծառայելուց, իր պարտավորությունները կատարելուց: Փողն ու շահն ամեն ինչից բարձր դասող գեւորգալթունյաններն ինչպե՞ս կարող են սա դատապարտել: