Երկպալատ խորհրդարան ստեղծելը նոնսենս է

Երկպալատ խորհրդարան  ստեղծելը նոնսենս է
Հայաստանում երկպալատ խորհրդարանի ստեղծման գաղափարին անձամբ ես լուրջ չեմ վերաբերվում, որովհետեւ դա դեռ հում գաղափար է: Եվ առհասարակ՝ լավ չեմ պատկերացնում, թե ինչպես պիտի Վերին պալատում, ինչպես ներկայացվում է,  Սփյուռքի ներկայացուցիչը լինի:



Դա նոնսենս է: Դա ուղղակի մի շիշ օղու շուրջ կամ ուրախ  սեղանի շուրջ արված խոսակցություն է: Հնարավոր է, որ էմոցիոնալ կոնտեքստում հասկանալի լինի՝ հանդիպում եւ խոսում են Սփյուռքի ներկայացուցիչների հետ..., բայց որպես լուրջ առարկայական գաղափար՝ դա իրատեսական չէ: Չի կարելի լուրջ վերաբերվել այդպիսի հայտարարություններին:  Ի վերջո, չկա աշխարհում մի երկիր, որ իր Վերին պալատի ներկայացուցչի դնի այլ երկրի քաղաքացու:



Նման բան հնարավոր չէ: Հակառակ դեպքում, եթե Հայաստանի քաղաքացի են դնելու... ապա ինչ է՝ սորտավորելո՞ւ ենք, ասելու ենք սփյուռքահայ եւ... Ամեն դեպքում, հստակ նշվում էր, որ Սփյուռքը պետք է ներկայացված լինի Հայաստանի երկպալատանի խորհրդարանի Վերին պալատում:



Եթե «Սփյուռքը» Հայաստանի քաղաքացի է, ապա նշանակում է, որ ինքը Հայաստանի քաղաքացի է, եթե Սփյուռքի ներկայացուցիչ է եւ Հայաստանի քաղաքացի, ապա ունի հավասար պայմաններ եւ կարող է մասնակցել ընտրություններին: Էն մարդիկ, որ դրա մասին խոսել են, լավ չեն պատկերացնում ինչ են ասում: Սա ընդամենը սիրողական խոսակցություն է: Հասկանո՞ւմ եք՝ Սփյուռքը միասնական օրգանիզմ չէ, ինքն իր տարածքով մարդկային քանակությամբ շատ հարաբերական հասկացություն է: Եվ մարդիկ միայն լավ տրամադրության տակ են եղել, եւ դրա համար նման գաղափարներ են առաջ եկել: Այլ ձեւակերպում չկա:



Երվանդ ԲՈԶՈՅԱՆ



քաղաքագետ