Գորիկ Հակոբյանն ու Հրայր Թովմասյանը վիճել են

Գորիկ Հակոբյանն ու Հրայր Թովմասյանը վիճել են
Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի համար անպատվաբեր է, երբ օտարերկրացիները փորձում են ոչ ավել ոչ պակաս միջամտել հանրահավանքերի ժամանակ  ԱԱԾ-ի ու ոստիկանության պահվածքին: Սրա կապակցությամբ իր վրդովմունքը Գորիկ Հակոբյանը հայտնել է  այսօր կառավարության նիստի ժամանակ, երբ արդարդատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել է օրենքների նախագծի մի փաթեթ, որով կանոնակարգվում են  հանրահավանքերի ու ցույցերի անցկացումը, ինչպես նաեւ իրավապահ մարմինների գործունեությունը դրանց ընթացքում:



Փոփոխություններ են առաջարկվում նաեւ «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Դատախազության մասին», «Ոստիկանության մասին» օրենքներում:  Հենց այս փոփոխություններն էլ հունից հանել են ԱԱԾ պետին այն աստիճան, որ չի կարողացել զսպել զայրույթն ու անսպասելի միջամտել է. «Այդ եվրոպացի փորձագետները պետք է մեզ հուշե՞ն, թե հանրահավաքների ժամանակ ազգային անվտանգությունն ու ոստիկանությունն իրենց ինչպես պահեն»:



Արդարադատության երիտասարդ նախարարը, Հակոբյանի պատկառելի տարիքը մի կողմ թողնելով, բարձր ձայնով  հակադարձել է, թե պետք է նայել օրենքները եւ հարցնել իրավաբանների կարծիքները: Սակայն Գորիկ Հակոբյանը չի բավարարվել եւ շարունակել է հոխորտալ նույնիսկ այն դեպքում, երբ նրանց աղմուկի դարդից անջատել են միկրոֆոնները: Եվրոպամետ Տիգրան Սարգսյանը բնականաբար չի կարողացել անտարբեր հետեւել գործընկերների «բազարին» եւ ստանձնել է հաշտարարի դերը՝ ըստ էության պաշտպանելով երիտասարդ նորանշանակ նախարարին. «Իհարկե, այս նախագիծն ունի լուրջ քաղաքական  նշանակություն, սրա վրա նաեւ միջազգային փորձագետներն են աշխատել»,-ասել ու եզրափակել է ավանդական  խորհրդով՝ մեկ անգամ եւս քննարկել տարաձայնության տեղիք տվող կետերը:



ՀԳ-Լավ է, որ երիտասարդ նախարարն այնքան համարձակություն ունի, որ հակաճառում է կառավարության հնաբնակներից մեկին՝ Գորիկ Հակոբյանին, որն ի դեպ` իշխանական շրջանակներում հայտնի է որպես կոմպրոմատներ հավաքելու մեծ վարպետ: Նրա օրոք առավել ծաղկեց տարբեր պաշտոնատար անձանց եւ հասարակական-քաղաքական գործիչներին հետեւելու, գաղտնալսել-տեսագրելու արատավոր երեւույթը: Սակայն եթե Հրայր Թովմասյանն ուզում է որպես նախարար կայանալ եւ իր դեմքն ունենալ, պետք է ազատվի իր համակարգում արմատակալած մի քանի անձանցից:



Դրանցից առաջինն անշուշտ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանն է, որի պատճառով արդարադատության  նախկին նախարարին ազատեցին աշխատանքից, իսկ ինքը շարունակում է պաշտոնավարել: Մյուսը Քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանն է՝ «Կլյուչնիկ» մականունով: Երրորդը նոտարիատի վարչության պետ Մարիամ Գաբոյանն է: Եվ մի բան էլ` պետք է փորձի ազատ լինել Դավիթ Հարությունյանի ազդեցությունից, որը երազում է այս նախարարությունն առաջվա պես տնօրինել: