Կահիրեի անհանգիստ արշալույսները
Այս հոդվածի սկիզբը երեկ էր պատրաստ տպագրության: Հետո՝ համարյա կեսգիշերին, հայտնի դարձավ, որ շուտով կարեւոր հայտարարությամբ են հանդես գալու Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, իսկ ԱՄՆ-ում՝ նախագահ Օբաման: Հասկանալիորեն տպարանները նախագահների հայտարարությունների չեն սպասում: Հետեւաբար նյութի տպագրությունը հետաձգվեց: Իսկ նախօրեին իրադարձությունները Թահրիր հրապարակում նոր զարգացումներ ստացան:
ԱՐԱԲԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ
Աշխարհում երբեւէ ապրած լավագույն լրագրողներից մեկը` Լուի Հերենը, ում կյանքի շուրջ հիսուն տարին հյուսվել է «The Times»-ում, իր հուշագրություններից մեկում, որ կոչվում «Մեծանալով Թայմսում» (Growing on The Times), մի նախադասություն ունի. «Երբ ուղեւորվում էի Դելի` Հնդկաստանի անկախության հռչակման ընթացքը լուսաբանելու, մտածեցի, որ երկրագնդի վրա Քրիստոսի ծննդից ի վեր այսքան կարեւոր իրադարձություն դեռ չի եղել»:
Մի փոքր սրբագրելով Հերենին եւ հետեւելով, թե այս օրերին ինչ է կատարվում Կահիրեի Թահրիր (Ազատության) հրապարակում, կարելի է մտածել, որ արաբական աշխարհում Մուհամեդի ծննդից ի վեր այսքան կարեւոր իրադարձություն չի եղել: Հարցը միայն այն չէ, որ նախկինում հաղորդակցության միջոցներ չկային, որպեսզի ողջ աշխարհը մի հրապարակի իրադարձությունների մասնակից դառնար: Թահրիր հրապարակի զարգացումները Մուհամեդի ծննդից ի վեր ամենակարեւոր իրադարձությունն են՝ արաբական ժողովրդավարության արշալույս լինելու պատճառով:
Եգիպտոսում էլ անցյալ շաբաթ ընդվզումը ծայր առավ նախագահ Մուբարաքի եւ հատկապես նրա իշխանության օրոք ստեղծված անտանելի տնտեսական դժվարությունների դեմ, բայց ընդամենը մի քանի օրում հացի խնդիրը դարձավ երկրորդական: Երկրորդական-երրորդական լրատվամիջոցներ անգամ հաղորդումներ տարածեցին՝ իբր Եգիպտոսի քաղաքներում, փողոցներում գրեթե անիշխանություն է, հանցագործներ են բանտերից արձակվել, Ազգային թանգարանն է հարձակման ենթարկվել...
Մինչդեռ մարդիկ հենց առաջին օրվանից, մինչ բանակայինները կվերցնեին Ազգային թանգարանի հսկողությունը, ցուցարարների կազմած կենդանի շղթայով պատնեշել էին բոլոր մուտքերը Ազգային թանգարան, որպեսզի Եգիպտոսի ազգային հարստությունն ու հպարտությունը մնա անձեռնմխելի: Նույն կերպ էլ միջազգային հեռուստաալիքները կադրեր էին ցուցադրում բանտերից, որոնց պարիսպները քանդված էին, ոստիկաններ անգամ չկային, բայց բանտարկյալները չէին փախչում:
Եգիպտոսում հունվարի 25-ից ծայր առած այս ընդվզման մեջ այնքան վեհություն ու բարոյական լիցք կա, որ ամենեւին էլ զարմանալի չէ, թե ինչպես մի քանի օրում սոցիալ-տնտեսական դժգոհությունները փոխակերպվեցին քաղաքացիական ազատությունների պահանջների, եւս մի քանի օրում մարդիկ գիտակցեցին, որ քաղաքական ազատություններն իրենց չեն տրվելու, այլ իրենք են հաստատելու, եւ հաստատեցին:
Փետրվարի 1-ին Թահրիր հրապարակում արդեն ոչ թե ցույց էր, այլ տոնախմբություն, որովհետեւ մարդիկ ուղղակի տոնում էին իրենց ձեռք բերած՝ ազատ արտահայտվելու, ոչնչից չերկյուղելու նոր իրականությունը: Նրանք ազգային հիմն էին երգում եւ Եգիպտոսի դրոշները ծածանում: Ոչ մի հատվածական` սոցիալական, քաղաքական կամ կրոնական սիմվոլիկա: Կար միասնական եգիպտացի ժողովուրդ, որ տոնում էր իր նվաճած քաղաքական ազատությունը: Ինչպես մի քաղաքագետ ասաց՝ «Թահրիր հրապարակի գիշերվա մեջ արաբական ժողովրդավարության արեւը ծագեց»: Հենց դա էր Մուհամեդ առաքյալից ի վեր ամենակարեւոր իրադարձությունն արաբական աշխարհի համար, որ դեռ երկար արծարծումներ կունենա:
ԵՍ ՄԱՀԿԱՆԱՑՈՒՆ ԿՆՔԵԼՈՒ ԵՄ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ
Մինչ Թահրիր հրապարակում խմբված մեկ միլիոնի հասնող ժողովուրդը տոնում էր իր նվաճած ազատությունը, անշուշտ՝ նաեւ պահանջելով նախագահ Մուբարաքի հրաժարականը, եգիպտական իշխանությունները եւ միջազգային ուժերը դիտարկում էին Եգիպտոսում իշխանության խաղաղ տրանսֆորմացիայի հնարավորությունը: Եթե երկիրը չլիներ Եգիպտոսը եւ նախագահը չլիներ Հոսնի Մուբարաքը, միանգամայն դյուրին կլիներ ուղղակի կոչ անել նախագահին՝ հեռանալ իշխանությունից: Բայց Եգիպտոսի եւ Մուբարաքի պարագան լուրջ է ու բարդ:
Մուբարաքի ավտորիտար իշխանությունից, տնտեսական դժվարություններից, աղքատությունից դժգոհ հասարակությունը, ինչպես ժամանակին շահից դժգոհ Իրանը, կարող է պահանջել Մուբարաքի պաշտոնանկությունը, աղաղակել, որ դա պատահի հենց հիմա:
Բայց ինչպես Իրանի, այնպես էլ Եգիպտոսի դեպքում իշխանության փոփոխությունը դանդաղ կյանքի բարելավում կբերի, եթե ընդհանրապես բերի, փոխարենը արագությամբ անհաշվելի խնդիրներ կստեղծի տարածաշրջանում եւ աշխարհում: Էլ ներարաբական հեգեմոնության խնդիրներ, էլ Իսրայելի հետ խաղաղության հարց, էլ Իրանի փորձեր՝ կրոնական խմբավորումների վրա ազդեցություն ձեռք բերելու, էլ Թուրքիայի ձեւապաշտական նկրտումներ՝ արաբական աշխարհում դերակատարություն ունենալու:
Մուբարաքի անձին անդրադառնալով էլ այդ մարդու ակնածանք ներշնչող կենսագրությունը, դերակատարությունն ու արժեքը Եգիպտոսի, առավել եւս Մերձավոր Արեւելքի (այդքանով էլ՝ նաեւ աշխարհի) կայունության եւ խաղաղության երաշխավորման գործում անհնար է գերագնահատել կամ վիճարկել: Հետեւապես խնդիրն այն է, որ պահպանվի Մուբարաքի ժառանգությունը արտաքին հարաբերություններում եւ փոփոխություններ իրականացվեն երկրի ներսում, որոնք վերջնահաշվում Եգիպտոսի միջազգային վարկի եւ կշռի վրա չանդրադառնան:
Սա էր խնդիրը, եւ Հոսնի Մուբարաքն ինքը ուղենշեց նպատակին հասնելու ճանապարհը` փետրվարի 1-ի երեկոյան, համարյա կեսգիշերին ուղիղ եթերով դիմելով ժողովրդին: Իր խոսքում նախագահն ի ցույց դրեց այնպիսի արժանապատվություն, առաջնորդություն եւ լայնախոհություն, որ անգամ օրնիբուն Մուբարաքին վատաբանող «Aljazeera»-ն հարկադրված էր ասել, թե նախագահի ելույթը կազմողների առջեւ կարելի է գլխարկ հանել:
Նախագահն իրեն թույլ տվեց հիշեցնել Եգիպտոսի առջեւ իր ծառայությունները խաղաղության ժամանակ թե պատերազմի եւ հայտարարել, որ ինքը մահկանացուն կնքելու է սիրելի հայրենիքում, եւ պատմությունը կդատի իրեն: Ինքը նաեւ ընդունում է, որ նոր ժամանակները, սերունդն ու իրականությունը պահանջում են փոփոխություններ, որոնք հնարավոր է կյանքի կոչել միայն ընտրություններով:
Հետեւաբար ինքը կառաջնորդի երկիրը մինչեւ սեպտեմբերյան ընտրություններ, այդօրվանից իսկ մեկնարկ տալով սահմանադրական, օրենսդրական եւ մնացյալ անհրաժեշտ կարգավորումներին եւ փոփոխություններին, որոնք ազատ մրցակցություն եւ ընտրություն կապահովեն բոլոր թեկնածուների համար: Անձամբ նախագահի դարաշրջանն այդպիսով կավարտվի արժանապատիվ եւ խաղաղ իշխանության փոխանցմամբ:
Ավելի ուշ գրեթե նույն սցենարի հավանությամբ եւ խորհրդով հանդես եկավ նախագահ Օբաման Վաշինգտոնում:
Ո՞Վ ԿՀԵՌԱՆԱ ԱՌԱՋԻՆԸ
Հասկանալիորեն հասարակության մեծամասնության համար Մուբարաքի` սեպտեմբերին իշխանությունից հեռանալու խոստմամբ պայքարը հասավ նպատակային հանգրվանի: Արաբական իրականությունում մի քանի ամիսը չնչին ժամանակ է, այն էլ՝ անհրաժեշտ կայունության եւ ցնցումներից խուսափելու համար:
Սակայն, երբ ասպարեզում երիտասարդներ են, որոնք գործազրկության, աղքատության, անելանելիության առօրյայից հանկարծ հայտնվել են պատմություն կերտողի դերում, քաղաքական ազատություններ են նվաճում եւ պետության մասշտաբում նշանակություն ձեռք բերում, այլեւս հնարավո՞ր է նրանց խանդավառությունը եւ էմոցիաները չափավորել: Բնականաբար, Մուբարաքի ելույթից հետո շատերը, իշխանության եւ փոփոխությունների խնդիրն ըստ էության համարելով լուծված, հաջորդ օրը անհրաժեշտ չնկատեցին Թահրիր գնալ, գերադասելով վերադառնալ բնականոն կյանքի: Ավելի փոքր թվով մարդիկ ճիշտ համարեցին պայքարը շարունակել:
Միանգամայն հնարավոր է, որ իշխանությունների ցուցումով փողոց դուրս եկան նաեւ Մուբարաքին կողմնակից ցուցարարներ, գուցե համարելով, թե դա ամենաուղիղ ճանապարհն է` բացատրելու, որ ցուցարարները չպետք է իրենց կամքը շփոթեն ողջ հասարակության կամքի հետ: Արդյունքում՝ երեկ որոշ բախումներ եղան Թահրիր հրապարակում, բայց դրանք գլխավոր արարից եւ վարագույրը իջնելուց հետո մարող գործողություններ են: Բանակը դարձյալ չմիջամտեց ցուցարարների գործողություններին, բայց հորդորեց վերադառնալ բնականոն կյանքի, քանի որ փոփոխություններին արդեն մեկնարկ տրված է:
Կհեռանա՞ն ցուցարարները, թե՞ Մուբարաքը: Ներկա պահին սա է հարցը, որին դժվար է պատասխանել: Թվում է՝ ճիշտը ցուցարարների հեռանալն է, որովհետեւ նախագահի հեռանալն արդեն խոստացված է` զինվորականի խոստմամբ:

Կարծիքներ