Բումերանգը հայկական ծագում չունի

Բումերանգը հայկական ծագում չունի
Այս պարզ պատճառով էլ մենք վատ ենք տիրապետում այդ զենքին: Ոնց նետում ենք` վերջում երկթեւ այդ գործիքը պտտվում-պտտվում ու նորից մեր գլխին է հարվածում: Պատճառը, կրկնում ենք` այս նյութի վերնագիրն է: Գուցե պետք է սովորենք «ուխոդ» անել, եթե չենք կարողանում ամուր ձեռքով բռնել հետ եկող գործիքը:



Գուցե, բայց ե՞րբ: Քանի՞ տարի է մեզ պետք, որ գաղափարները Հայաստանում սկսեն տարանջատվել, քանի՞ տարի է պետք, որ այդ գաղափարները կրող մարդիկ, հասկանալով, որ իրենք նույն ակունքներից են գալիս, դադարեն միմյանց վրա բումերանգ շպրտելուց:



Հիմա գանք այս նյութի շարժառիթին: Ոչ մեկի համար անսպասելի չէր, որ փողոցի ընդդիմությանն սպասարկող լրատվամիջոցները պետք է օրվա լուր դարձնեին ԲՀԿ նախագահի` շաբաթ օրն արած հայտարարությունները, թե ինչ է մտածում ինքը Ռոբերտ Քոչարյանի մասին:



Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը իրականությունից շատ էլ տարբեր բաներ չի ասել: Ընդամենը նշել է, որ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանը չձգտեց դառնալ կուսակցապետ, չնայած ցանկության դեպքում կգլխավորեր ՀՀԿ ցուցակը: Մեր գործը համարելով Գագիկ Ծառուկյանին այս թեմայով մի փոքրիկ մանրամասն հիշեցնելը` ասենք, որ ժամանակին, 2007թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը հստակ հայտարարել է, որ իր քաղաքական հենարանը ՀՀԿ-ն է:



Թե այդ հայտարարությունը որքանով նպաստեց ՀՀԿ-ի հաղթանակին հիշյալ ընտրություններում` թողնենք վերլուծաբանների դատին, բայց այն, որ Գագիկ Ծառուկյանից ավելի մոռացկոտ են դարձել առանձին ՀՀԿ-ականներ, դա արդեն հեչ լավ չի: Զորօրինակ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար եւ ՀՀԿ խոսնակ Շարմազանովը, ով, չի բացառվում, պատգամավոր է դարձել Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարության արդյունքում:



Ինչեւէ: Այս պարոնին դուր չի եկել Գագիկ Ծառուկյանի տեսակետի այն մասը, ըստ որի` ցանկության դեպքում ՀՀ երկրորդ նախագահը կարող էր գլխավորել ՀՀԿ ցուցակը: Պարոն Շարմազանովն այնպես է վրդովվել, ասես իրենից խլել են այդ հարցով քվեարկելու իրավունքը: Ուստի հետին թվով մի հարց կուղղենք երիտասարդ հանրապետականին` իրո՞ք Ռոբերտ Քոչարյանը, ցանկության դեպքում, չէր կարող առաջնորդել հանրապետականներին: Դո՞ւք կխանգարեիք:



Քանի որ ՀՀԿ խոսնակը հետին թվով հարցերի չի պատասխանում, մենք կանենք սեփական եզրակացությունը: Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո Շարմազանովն իր ավագ գործընկերների նման ծպտուն իսկ չէր հանի, գուցե ուշադրություն էլ չդարձներ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, եթե սեփական վերլուծությունն աներ եւ ոչ թե, համակ ուշադրություն դարձած, հետեւեր փողոցի ընդդիմության ԶԼՄ-ներին, որոնք առիթը բաց չեն թողնում ԲՀԿ-ՀՀԿ հերթական փոխհրաձգություն բեմադրելու:



Գանք մեր այս հրապարակման ակունքներին: Բումերանգը, այնուամենայնիվ, հայկական ծագում չունի: Այստեղ մենք քիչ ենք, ու բոլորս, գոնե երեքից երկուսը, իրար բարեկամ: Արժե՞, որ օդում անհասկանալի բաներ պտտենք: Չէ՞ որ, եթե մեզ էլ անձամբ դրանք չհարվածեն, մեկ է` մեր բարեկամի գլուխն են ճղելու:



ՀԳ - Ребята, давайте жить дружно!



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ