Թերթելով մամուլը

Թերթելով մամուլը
Օրերս մեր լրագրերից մեկում կարդացի. «Ճիշտ նույն կերպ էլ, ասենք, «Ժառանգությունը» հավերժ կհամարի իրեն աջ ընդդիմություն, իսկ նրա հավատարիմ ընտրազանգվածը համաձայնությամբ գլխով կանի, թեեւ իրականում գործ ունենք սոցիալ-դեմոկրատների հետ։ Եվ խնդիրն այն չէ, թե սոցիալ-դեմոկրատ լինելն ավելի լավ (վատ) է, քան ազատականը։



Այլ այն, որ կատվին պետք է անվանել կատու, այլապես նույնիսկ հաղթանակած կողմի ընտրազանգվածին սպասում է արագ եւ դառը հիասթափություն»։ Ճիշտ խոսքին ի՞նչ ասես:



Ամբողջովին կհամաձայնեի հեղինակի հետ, եթե նա էլ իր հերթին համաձայներ կոնկրետ անունները հանել կոնտեքստից: Խոսքը «Ժառանգություն» բառի մասին է: Բանն այն է, որ ընտրության են գնում ոչ միայն «Ժառանգությունը» եւ Տիգրան Կարապետյանը, ում մասին նույնպես կոնկրետ ակնարկ կար կարդացածս նյութում, այլեւ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը եւ էլի ուրիշներ: Բոլորին ենք ճանաչում եւ, երեւի թե կարիք չկար առանձնացնելու «Ժառանգությանը», որպեսզի հետո էլ արդարացվեր «կատվին կատու ասելու» արտահայտությունը: Ամեն դեպքում` համաձայն եմ դիտարկմանը:



Ինձ հատկապես գերում է մոտեցման հստակությունը: Ով էլ լինի` պարտավոր է ընտրապայքարի ժամանակ ինքն իր մասին ասել ճշմարտությունը, այլապես «նույնիսկ հաղթանակած կողմի ընտրազանգվածին սպասում է արագ եւ դառը հիասթափություն»: Օրինակ` եթե պահպանողական ես, պիտի ասես` պահպանողական եմ` նշելով, թե ինչն ես պահպանում, եթե պահպանողականներին ընդամենը սատարում ես, ապա պիտի ասես, որ դու ոչինչ ես, բայց բնույթով պահպանողականամետ ես, եթե պահպանողականների հետ խնդիրներ ունես, բայց դեռեւս չգիտես քո էությամբ ինչ ես, ապա պիտի ասես, որ դեռ չգիտես ինչ ես, եթե ՀԱԿապահպանողական ես, պիտի նաեւ ապացուցես, որ համենայնդեպս թուրք չես, եւ այսպես շարունակ:



Բայց չէ՞ որ, սրան հակառակ, մեզ մոտ գրեթե միշտ էլ եղել են սեփական էությունը թաքցնել չկարողացող ուժեր, որոնց ընտրազանգվածին որեւէ պարագայում հիասթափություն չի սպասում: Ինչո՞ւ այդ ուժը չի կարողանում հաղթել եւ լիարժեք իշխանություն ունենալ: Ակնարկս գուցեեւ շատ թափանցիկ ստացվեց, բայց հոգ չէ, քանզի ինչպես ինձ համար է սա հարցական ու մութ, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր անգամ բյուլետեն գցելուց հետո չեն հասկանում, թե ում են նստեցնում իրենց գլխին` շա՞նը, թե՞ կատվին, որն ասում է, որ ինքը շուն է:



Ես այս տեսանկյունից եմ, ահա, ողջունում կարդացածս նյութի հեղինակի մտահոգությունը: Փաստորեն, նաեւ եկել է ժամանակը, որ մյուսներն էլ խոստովանեն, թե ով են իրենք: Ճիշտ է, մի փոքր դժվար կլինի նախկին եւ ներկա իշխանությունների համար, բայց ոչինչ, եթե պայմանավորվեն բոլորը, կարող է եւ հետաքրքիր բան ստացվել: Ի վերջո` ընտրություններում պարտություն կրելը արմագեդոն չէ, բայց որքան հաճելի է մարդու (առավել եւս քաղաքական գործիչների) շուրթերից ճշմարտություն լսել:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ