Որևէ նորմալ մարդ չի նշանակվի օմբուդսմեն

Որևէ նորմալ մարդ չի նշանակվի օմբուդսմեն
Մարդու իրավունքների պաշտպանի համար հարմար դերակատարի փնտրտուքը, ասում են, ավարտվել է. Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ է առել իրավաբան Կարեն Անդրեասյանի թեկնածության վրա: Թեեւ մինչ այդ քննարկվում էին նաեւ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի, իրավաբան Վարդան Պողոսյանի, Վիկտոր Մնացականյանի, Շուշան Դոյդոյանի, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի անունները:



Թե ինչու է հավանական թեկնածուներից «լավագույնը» համարվել հենց Կարեն Անդրեասյանը, դժվար է ասել, առավել եւս, որ նա հանրությանը հայտնի է որպես խոսքի ազատությունը սահմանափակող՝ վիրավորանքի եւ զրպարտության հետ կապված օրենսդրական փոփոխությունների նախագծի հեղինակ, ինչպես նաեւ «Արմենիա» հեռուստաընկերությունից՝ իր «Իրականում» հաղորդաշարով: Երեկ մեզ հետ զրույցում Կարեն Անդրեասյանն ասաց, որ իրեն դեռ առաջարկ չի եղել, եւ ինքը չի ցանկանում խոսել այդ թեմայով:



Հարցին, թե պաշտոնական առաջարկի դեպքում կհամաձայնի՞, նա պատասխանեց. ««Եթե»-ներով ճիշտ չի նման բաների մասին խոսել: Էսօր իմ աշխատանքն ինձ բավարարում է, եւ մեծ հաճույքով աշխատում եմ: Վճարովի հիմունքներով անում եմ իրավաբանական ծառայություն, պաշտպանում եմ մարդկանց իրավունքները ուղղակի մասնավոր ընկերությունում»:



«Այսինքն կհրաժարվե՞ք առաջարկից» հարցին Անդրեասյանը նորից պատասխանեց. ««Եթե»-ներով չեմ ուզում պատասխանել, էդպես ստացվում է, որ ինչ-որ խոստում եմ տալիս, բայց հիմա ինձ իմ աշխատանքը շատ բավարարում է»: Ավելին, մամուլում եւ մյուս լրատվամիջոցներում ընթացող քննարկումներն իր թեկնածության շուրջ, պարզվում է, հաճելի չեն եւ անգամ շեղում են Անդրեասյանին իր բնականոն աշխատանքից:



Նա անգամ չգիտի, թե ովքեր են այդ լուրերը տարածողները: «Երեւի ինչ-որ մեկն իսկապես գտնում է, որ ես շատ լավը կլինեի որպես մարդու իրավունքների պաշտպան, եւ որոշել է տարածել նման լուրեր»,-ասաց Անդրեասյանը: Նա չցանկացավ ասել, թե ինքը ում է տեսնում օմբուդսմենի պաշտոնում՝ գտնելով, որ իր կարծիքը չի հետաքրքրի մեր ընթերցողներին: Ինչ վերաբերում է Կարեն Անդրեասյանի թեկնածությունը շրջանառության մեջ դնելուն, ապա մենք ճիշտ հակառակ կարծիքի ենք՝ նրա թեկնածությունը խիստ անհամապատասխան է` ոչ միայն այն պատճառով, որ նա մամուլի դեմ մշակված օրենսդրական նախագծի հեղինակն է, այլեւ այն պատճառով, որ նա Հրաչ Քեշիշյանն ընդդեմ «Հրապարակի» դատական վեճում Քեշիշյանի ներկայացուցիչն էր եւ ամեն ինչ արեց, որ մամուլը, հանձին մեզ, պարտվի այդ վեճում:



Ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի, իշխանություններն այնուամենայնիվ կնշանակեն նրան, ում ավելի հարմար կգտնեն. «Կարծում եմ, որ հայաստանյան իշխանական համակարգի պարագայում որեւէ նորմալ մարդ չի նշանակվելու օմբուդսմեն: Ով էլ որ նշանակվի, նշանակվելու է նրանց կողմից ընդունելի մեկը, որն ըստ էության օմբուդսմենի գրասենյակին չի տալու միս ու արյուն, այլ ծառայեցնելու է իշխանության շահերին»:



Իրավապաշտպանից հետաքրքրվեցինք, թե մարդու իրավունքների ոլորտում որ խնդիրներն են առավել կարեւոր, որոնք պետք է գտնվեն նորանշանակ օմբուդսմենի ուշադրության կենտրոնում: «Հայաստանում մարդու իրավունքները ինքնին առաջնային խնդիր են: Այսօրվա դրությամբ չկա մի բնագավառ, որտեղ մարդու իրավունքները խախտված չեն՝ սկսած քաղաքական բանտարկյալներից, վերջացրած կենցաղային հարցերով:



Բոլոր բնագավառներում են խախտված մարդու իրավունքները, եւ մարդու իրավունքների պաշտպանի համար այդ բոլոր խնդիրները պետք է հավասարաչափ կարեւոր լինեն»,-ասաց Վարդան Հարությունյանը: Նա նշեց, որ առանձնակի կարեւորություն պետք է տալ քաղբանտարկյալների խնդրին, ու հավելեց. «Սակայն ես հույս չունեմ ու չեմ հավատում, որ այս իշխանությունների կողմից նշանակված մարդու իրավունքների պաշտպանը կանդրադառնա այդ խնդիրներին»: