Պետական լեզուն հայերենն է

Պետական լեզուն  հայերենն է
Երեկ մենք լուր էինք տպել այն մասին, որ Երեւանի քաղաքապետը ոչ միայն քաղաքապետարանի աշխատակիցներին ստիպում է օտար լեզուներ, այդ թվում ռուսերեն սովորել, այլեւ սկսել է ռուսերենով գրագրություն իրականացնել: Բնականաբար, մեր լուրը դուր չի եկել քաղաքապետին, եւ երեկ նրա մամուլի քարտուղարը մեզ պատասխանել է. «Արձագանքելով «Հրապարակ» օրաթերթի այն ռեպլիկին, թե «քաղաքապետի բլանկի վրա ռուսերեն տեքստեր են շրջում քաղաքապետարանում, ինչը «Լեզվի մասին» օրենքի կոպիտ խախտում է», կարծում ենք՝ ավելի արժանահավատ կլիներ, եթե լրատվամիջոցը փաստ ներկայացներ, եթե այդպիսին  կա, եւ ոչ թե փաստեր խեղաթյուրեր:



Հիշեցնենք նաեւ, որ քաղաքապետարանն իր գործունեությունն իրականացնում է  ՀՀ օրենսդրական դաշտում եւ օրենքների  պահանջներին համապատասխան: Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն լեզուների դասընթացներին, ապա նշենք, որ դրանք իրականացվում են կամավորության սկզբունքով, անվճար եւ նպատակ ունեն կատարելագործել աշխատակիցների օտար լեզվի իմացությունը, ինչը դարձյալ որեւէ օրենքի խախտում չի ենթադրում»:



ՀԳ Ինչ վերաբերում է փաստերին, ապա առաջարկում ենք մեզ տրամադրել քաղաքապետարանի ներքին գրագրությունը, որտեղ, ըստ նույն քաղաքապետարանի աշխատակիցների՝ դրանք փոքր թիվ չեն կազմում: Ըստ մեր աղբյուրների՝ քաղաքապետն իր ղեկավարած կառույցի աշխատակիցներին հրահանգները նախընտրում է իջեցնել ռուսերեն լեզվով: Իսկ օտար լեզուների դասընթացներին ոչ ոք դեմ չէ՝ թող ուսանեն, բայց հիշեն, որ Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է: