Հաջորդը Հելհելյանի ջահելներն են

Հաջորդը Հելհելյանի ջահելներն են
ԲՀԿ-ՀՀԿ հակամարտությունը շարունակվում է, կուսակցությունները շարունակում են իրենց շարքերում ընդգրկել մանր-մունր կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների: ՀԵԿ-ի` ԲՀԿ-ին միանալուն հաջորդեց «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» անվանումը կրող ՀԿ-ի՝ ՀՀԿ-ին միանալու մասին հայտարարությունը: Մեր տեղեկություններով՝ երեկ էլ Ազգային նոր պահպանողական շարժումն է քննարկել ՀՀԿ-ին միանալու հարցը:



Սակայն շարժման նախագահ Էդգար Հելհելյանը մեր թղթակցի հետ զրույցում հերքեց այդ լուրը. «Նման բանակցություններ չկան, որովհետեւ մեր շարժումը եւ շարժման ղեկավար մասը շատ վաղուց աջակցում են ՀՀԿ-ի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքականությանը, իսկ ֆորմալ առումով Հանրապետական կուսակցությանը միանալու որոշում մենք չենք կայացրել, քանի որ մեր շարժումը հասարակական կազմակերպություն է եւ զբաղվում է հասարակական գործունեությամբ եւ քաղաքականությամբ չի զբաղվում»:



Ի դեպ, ՀՄԵԿ-ն էլ է հասարակական կազմակերպություն, եւ այդ փաստը բնավ չխանգարեց, որ միանա ՀՀԿ-ին:  Հիշեցնենք, որ ԱՆՊՇ-ն 2010-ի սեպտեմբերի 10-ին կայանալիք իր համագումարից առաջ  հայտարարել էր, որ վերակազմավորվելու է կուսակցության, քանի որ «քաղաքական դաշտում կա երրորդ ուժի պակաս»:



Սակայն այդպես էլ կուսակցություն չդարձան: Այնուամենայնիվ՝ «առաջիկայում եթե նման անհրաժեշտություն լինի, անպայման կմիանանք», ասում է Հելհելյանն ու հավելում. «Հանրապետական կուսակցությունը, ի տարբերություն մի շարք այլ կազմակերպությունների, արհեստականորեն իրեն ինչ-որ կառույցներ միավորելու խնդիր չունի, որովհետեւ ոչ ռեսուրսի, ոչ էլ ինտելեկտուալ բազայի պակաս չի զգում»: