Կարապետ Ռուբինյան. Մենք, Արեւմուտքն ու Ռուսաստանը

Կարապետ Ռուբինյան. Մենք, Արեւմուտքն ու Ռուսաստանը
Բելառուսի սպասված խայտառակ ընտրությունները եւ դրանց հետեւած Արեւմուտքի` ոմանց համար անսպասելի կոշտ, արձագանքը, բնականաբար, դրդում են շատերին համեմատելու մեր եւ բելառուսական ընտրական գործընթացները եւ դրանց տրված ակնհայտորեն ոչ համարժեք գնահատականները: Իսկ երբ մեր ռեժիմի հետ երեքամյա անթաքույց փշի-փշին համեմատում ես Բատկայի թայֆայի նկատմամբ Արեւմուտքի արագորեն գործի դրած սանկցիաների հետ, երբ մեր ընդդիմության առաջնորդների հետ սակավաթիվ եւ ոչ այնքան բարյացակամ մթնոլորտում կայացող հանդիպումների ֆոնին լսում ես Բելառուսի  ընդդիմության հզորացմանն ուղղվելիք 16 մլն եվրոյի մասին, արդարացիորեն լեզվիդ են գալիս «երկերեսանիություն», «երեսպաշտություն» ու «երկակի ստանդարտների կիրառում» բնորոշումները:



Անձնական հանդիպումների, բանավեճերի ժամանակ գուցե արժե դրանց աչքը կոխել զոհեր լինել-չլինելը, բռնությունների ու հալածանքների ծավալները եւ այլ ակնհայտ տարբերություններ, բայց հիմա եկեք պարզապես արձանագրենք որ Արեւմուտքը այո՛, ելնելով իր շահերից, երկակի ստանդարտներով է ղեկավարվում, որ ժողովրդվարության եւ ազատականության վեհ գաղափարները, որոնք մեծամասամբ հարգվում են իրենց սեփական երկրներում, այլոց պարագայում առանց աչք թարթելու ստորադասվում են այդ շահերին: Ընդունենք սա որպես խաղի կամ մեր կենսագործունեության միջավայրի  անփոփոխ` մեր ազդեցությունից դուրս գտնվող կանոններ ու փորձենք հասկանալ թե այս տեսանկյունից ինչ սխալներ ենք գործել 2007-2008-ի ընտրական ու մինչ այսօր տեղի ունեցող գործնթացներում ու ազատականության եւ ժողովրդավարության ձգտող ուժերի ո՞ր մարտավարությունը կարող է բերել հաջողության:



Բայց մինչ այդ, եկեք պարզենք ու արձանագրենք, թե այդ երկերեսանի քաղաքականությամբ Արեւմուտքի համար ո՞ր կենսական շահերն են պաշտպանվում ու առաջ մղվում, հանուն ինչի՞ են մանրադրամի տեղ օգտագործվում ժողովրդվարությունն ու ազատականությունը:



Մակերեսային հայացքն անգամ նշմարում է, որ Արեւմուտքի էական աջակցության են արժանանում այն պետություններն ու քաղաքական ուժերը, որոնց գոծունեությունը նպաստում է Ռուսաստանի թուլացմանը եւ ազդեցության չեզոքացմանը տարբեր տարածաշրջաններում: Իհարկե, լրացուցիչ, բայց միայն լրացուցիչ, դրական ազդակ կարող է հանդիսանալ տվյալ երկրի, կամ քաղաքական ուժի ժողովրդավարությանը միտված լինելը:



Ես հակված եմ կարծելու, որ, օրինակ Բաքու-Ջեհյան նավթամուղը կամ Նաբուկոն, ավելի շուտ որպես հակառուսական նախագծեր են աջակցվում, քան տնտեսական: Բայց եկեք էլի չանդրադառնանք ու չվերլուծենք այդ հակառուսիզմի պատճառները, համենայնդեպս ես դա չեմ անելու ու ընդունելու եմ էլի որպես, գոնե մոտակա տասնամյակի համար, անփոփոխ խաղի կանոն:



Շատ բնական եւ ժամանակին համարյա բոլորիս կողմից ողջունվող հակասովետիզմին փոխարինելու եկած այս «նոր հակառուսիզմի» տեսանկյունից երբ նայում ենք մեր երկրին եւ այստեղ ծավալվող քաղաքական գործընթացներին, ապա ոչինչ չխոստացող, անհույս պատկեր է երեւում: Իշխանական ճամբարը ամբողջովին ու կամովին «տրված է» ռուսներին, հայ եւ ռուս օլիգարխները հանց երկվորյակներ եղբայրություն են անում, տնտեսության հիմնական ճյուղերը, սահմանների մի կարեւոր մասի վերահսկողությունը նույնպես տրված է ռուսներին, «Զվարթնոցում» ցանկացած երկիր մտնողի  դիմավորում է ինքնահավան ռուս սահմանապահը:



Ցավոք համարյա նույն վիճակն է ընդդիմադիր դաշտում: Ընտրարշավի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանին ինչում ասես կարելի էր կասկածել, բացի հակառուսականությունից, իսկ հետագայում եւ ցայսօր հնչեցվող իր ելույթներում այնպիսի պրոռուսական պասաժներ են օգտագործվում, որ իշխանական ռեժիմի նախանձն են շարժում: Այս պասաժները, Կոնգրեսին անդամակցող կուսակցությունների կողմից, լուրջ հանդիմանության  չեն արժանանում, իսկ կոնգրեսի որոշ  ֆունկցիոներներներ անթաքույց պարծենում են չորրորդ-հինգերրոր կարգի ռուսական պաշտոնյաների հետ իրենց կապերով: «Նոր հակառուսիզմի» ծիրին մեջ չեն նաեւ մյուս բոլոր կեղծ ու անկեղծ ընդդիմադիր կուսակցությունները:



Եթե երկրում իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի ու նրա ավազակախմբի համար բացի իրենց ապօրինի իշխանությունը ամեն գնով պահելու ու թալանելու հնարավորությունից չզրկվելու նեղ անձնական մոտիվացիայից, նման պրոռուսիզմի համար կան  նաեւ որոշ օբյեկտիվ հանգամանքներ, որոնք բխում են, կամ թվում է որ բխում են Հայաստանի պետական շահից, ապա ազատական-ժողովրդավար ընդդիմության դեպքում որեւէ տրամաբանական արդարացում չկա: Ակներեւ է, որ կայսերապաշտական նոր նկրտումների գիրկն ընկած Ռուսաստանը երբեք չի աջակցի որեւէ ժողովրդավար-ազատական ուժի,  ինչքան էլ ջանասիրաբար այդ ուժը թափահարի ռուսասերի հնամաշ դրոշակը: Ավելին այդ դրոշակով միայն խրտնեցնում ես միակ հնարավոր դաշնակցին` Արեւմուտքին: Իմ կարծիքով հենց այստեղ է թաքնված բացատրությունն այն եզակի մթնոլորտի, որում հայտնվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած, անկասկած առաջադիմական մեծ ներուժ կրող շարժումը, որտեղ ղեկավարի ֆիգուրը հավասարաչափ մերժելի էր եւ Արեւմուտքի եւ Ռուսաստանի համար:



Իշխանության «հակառուսական» գործողությունների (չակերտների մեջ եմ առել, որովհետեւ իրականում խոսքը սեփական երկրի ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված գործողությունների մասին է) վտանգավորության ու նպատակահարմարության մասին կարելի է բանավիճել, բայց որ Հայաստանին պարզապես անհրաժեշտ է հենց «հակառուսական» ուղղվածության, իրական ազատական-ժողովրդավարական սկզբունքներ դավանող ուժ, ինձ համար անկասկած է:



Ուշադիր եղեք. խոսքը «նոր հակառուսիզմի» միջոցով արագ իշխանության գալու կամ իշխանափոխություն ապահովելու դեղամիջոցի մասին չէ: Ազատական-ժողովրդավարական ուժերի կողմից «նոր հակառուսիզմի» ճամբարում դիրքավորվելն ու գործելը, ըստ իս, նախ շատ բնական է այդ ուժերի համար, իսկ Հայաստանի համար կապահովի առնվազ երեք ուղղությամբ շահավետ զարգացումներ: Թվարկեմ դրանք.



1. Նման դիրքավորում ունեցող ուժը կդիտվի որպես Արեւմուտքի բնական դաշնակից, կստանա նրա համակողմանի աջակցությունը ու այդ աջակցությունը էականորեն կբալանսավորի ներկայում կրիմինալ ծագումով փողի ու իշխանական լծակների վրա խարսխված քաղաքական դաշտը: Ըստ էության, այդ օգնությունը կծառայի Հայաստանի ժաղավրդավարածմանն ու ազատականացմանը:



2. Հայաստանում  ազդեցիկ «հակառուսական» (էլի չակերտներում, որովհետեւ իրականում հակակայսերական) քաղաքական ուժի գոյությունը էականորեն կզսպի Ռուսաստանի իշխանություններին ու հեռու կպահի նրանց` Արցախի հետ կապված հարցերում հայերի հաշվին խաղեր տալու գայթակղությունից:



3. Ռուսական լիակատար ազդեցության դաշտ համարվող Հայաստանում «նոր հակառուսիզմի» հենակետ ունենալը նոր հույսեր եւ հետաքրքրություն կառաջացնի մեր երկրի նկատմամբ, ավելի նպաստավոր իրավիճակ կստեղծվի երկրի արտաքին քաղաքականության իրագործման առումով, շատ ավելի էական կլինեն գործադրվող ջանքերը մեզ կայսերապաշտների ճիրաններից ազատելու ու Եվրոպային ինտեգրելու համար:



Բնականաբար կարող եք կանխատեսել, որ Ռուսաստանն իր հատուկ ծառայություններով ու տեղական ազդեցուջթյան ագենտներով ամեն ինչ կանի նման ուժի ձեւավորումը թույլ չտալու համար:  Ավելին, նման ուժի առ այսօր բացակայությունը հենց դրանով է պայմանավորված: Բայց չեմ կարծում, որ արժե դրանից թեւաթափ լինել ու չձգտել դրան:



Եվս մի հիպոթեթիկ հարց. Ի՞նչ կլինի եթե այդ ուժը ռուսների կամքին հակառակ գա իշխանության: Ողբերգական ոչինչ: Համաձայն ռեալ պոլիտիկի դասական կանոններին, իշխանության եկած ուժը շատ ավելի հավասարակշիռ քաղաքականություն կվարի, իսկ եթե ռուսների կամքին հակառակ է ստացվել, ուրեմն ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ ստիպված կլինեն հարմարվել նոր իրողության հետ:



Եզրակացություններ.



* Լեւոն Տեր-Պետրոսյանի 2007-ին սկսած ընտրապայքարը, որը վերաճեց հանուն օրինականության եւ ժողովրդավարության համաժողովրդական շարժման հեշտությամբ արնախեղդ արվեց, որովհետեւ ոչ մի լավ բան չեր խոստանում ոչ Ռուսաստանին, ոչ Արեւմուտքին:

* Հայ ազգային կոնգրեսի ներկայիս, ոչնչով չարդարացված, պրոռուսական դիրքորոշումը չի կարող փոխել Ռուսաստանի դիրքորոշումը իր նկատմամբ ու, միեւնույն ժամանակ, ոչ մի շանս չի տալիս միակ հնարավոր դաշնակից Արեւմուտքին իրական աջակցություն ցուցաբերելու համար:

* Իրական ժողովրդավարության եւ ազատականության ձգտող ուժերը պետք է միավորվեն «նոր հակառուսիզմի» պլատֆորմի վրա: Նման համախմբման ստեղծումը կարող է նպաստավոր զարգացումներ ապահովել Հայաստանի համար:



Կարապետ ՌՈՒԲԻՆՅԱՆ